Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք բուհերի ընդունելության քննություններն անցան այնքան օբյեկտիվ ու արդար, ինչպես ՀՀ նախագահն ու

Օգոստոս 21,2001 00:00

Ազգային ճարտարախոսության առանձնահատկությունները Արդյո՞ք բուհերի ընդունելության քննություններն անցան այնքան օբյեկտիվ ու արդար, ինչպես ՀՀ նախագահն ու ԿԳ նախարարն են ներկայացնում իրենց ելույթներում։ Թույլ տվեք կասկածի տակ առնել այդ եւ մի շարք հրատապ հարցեր ուղղել հարգարժան պարոն նախարարին։ Դպրոցը գերազանցությամբ ավարտած (միայն 5 թվանշաններով) եւ առաջին երկու քննությունները բավական հաջող (հայոց լեզվից՝ 20, անգլերենից՝ 19) հանձնած դիմորդն անսպասելիորեն «սայթաքեց» հայ ժողովրդի պատմության քննության ժամանակ։ Նրան օգնեցին «սայթաքել», պարզապես հրեցին։ Եվ նրա քննական աշխատանքը, ինչպես նաեւ այն չքողարկված կողմնակալ վերաբերմունքը, որը դրսեւորվել էր աշխատանքի ստուգման ընթացքում, մեզ լուրջ հիմքեր են տալիս պնդալու այն։ Դիմորդն ընդունվում էր ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետ եւ քննողները գիտեին այդ մասին։ Ինչպե՞ս կարող էին իմանալ։ Շատ պարզ՝ մասնագիտության շիֆրով։ Քննողները շատ լավ գիտեին նաեւ այն, որ դիմորդը շատ բարձր թվանշաններով է հասել վերջին, վճռական քննության եւ ռեալ հավակնում է անվճար տեղի համար։ Իսկ այդ որտեղի՞ց կարող էին իմանալ։ Կրկին շատ պարզ եղանակով՝ այն միանիշ համարով, որով նրան հրավիրեցին քննության։ Ցուցակը գլխավորում էին ամենաբարձր գնահատականներ ունեցող դիմորդները եւ եթե նրանց թվում կային պատահական, «անտեր» դիմորդներ, ապա նրանց անխնա խորտակում էին։ Քննական աշխատանքում դիմորդը ցուցաբերել է առարկայի խոր իմացություն, տրամաբանելու եւ, կարեւորը երկրորդականից տարանջատելու ունակություն։ Թվում է, էլ ի՞նչ կարելի է պահանջել 17 տարեկան դիմորդից։ Պարզվում է՝ կարելի է։ Նրանից պահանջվում է, որ նրա պատասխանները բացարձակ ճշմարտությամբ համընկնեն դասագրքի հետ։ Իսկ եթե դուք հետաքրքրվեք, թե գնահատման ինչ չափանիշներով է նա ղեկավարվում, ձեզ դեմ կտան Կանոնադրությունը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «Որոշ էական սխալների եւ բացթողումների դեպքում գնահատականը իջեցվում է»։ Ուշադրություն դարձնենք որոշ բառի վրա՝ դա անորոշ դերանուն է։ Այսինքն՝ անորոշ են նաեւ գնահատման չափանիշները։ Վերոհիշյալ քննական աշխատանքի մեջ մենք գտանք 30-ից ավելի բացարձակ անհիմն, ավելորդ, չպատճառաբանված վիրաբուժական միջամտություններ եւ նենգափոխություններ։ Բերենք մի քանի օրինակ։ Դիմորդը գրում է «Վանա լճի մոտակայքում», ստուգողը ավելացնում է՝ «հարավային մասում»։ Դիմորդը գրում է «ցեղախումբ», ստուգողը դարձնում է «ցեղային միություն», դիմորդը գրում է «Բիայնիլի», ստուգողը ավելացնում է. «Որտեղից ծագել է Վան անունը», դիմորդը գրում է «Արարատյան թագավորություն», ստուգողը ավելացնում է. «Երբեմն ասում են նաեւ Վանի թագավորություն»։ Այս առիթով նշենք, որ արդեն իսկ հարցը ձեւակերպված է այսպես. «Արարատյան (Վանի) թագավորություն»։ Դիմորդը գրում է. «Արարատ լեռան ստորոտին», ստուգողն ավելացնում է. «Հյուսիսային ստորոտին» եւ այլն։ Ստուգողը կանգ չի առնում նաեւ այն բանի առջեւ, որ ավելացնում է մի տարեթիվ, որը բացակայում է դասագրքի մեջ։ Իսկ մեկ այլ տեղ նա ավելացնում է մի նախադասություն, որը կա աշխատանքի մեջ՝ նախորդ տողում։ Կարճ ասած, «որոշ էական սխալների եւ բացթողումների» համար հաջողված քննական աշխատանքը գնահատվեց 14։ Բողոքարկման ժամանակ, ստուգողի եւ քննական հանձնաժողովի նախագահի բացակայությամբ մեզ պարզապես պաշարեցին հանձնաժողովի երեք անդամներ, այդ թվում նախագահի երկու տեղակալներ եւ համաձայնելով մի շարք մասնակի պահերի հետ, ամեն կերպ փորձում էին պաշտպանության տակ վերցնել իրենց գործընկերոջը։ Մեզ առաջարկվեց փոխզիջման տարբերակ. մեր գնահատականը դարձվում է 15, իսկ դրա դիմաց մենք դադարում ենք բողոքել։ Արդյոք աշխատանքը ստուգողի եւ հանձնաժողովի նախագահի բացակայությունը բողոքարկման կարգի կոպիտ խախտում չի՞ համարվում։ Ուշագրավ է, որ հանձնաժողովի անդամներն իրենք խոստովանեցին, որ գործող գնահատման չափանիշները հնարավորություն են տալիս ցանկացած աշխատանքի գնահատականը բարձրացնել կամ իջեցնել 5-6 եւ նույնիսկ ավելի միավորով՝ կախված իրավիճակից։ Երկրորդ բողոքարկումը, որի ընթացքում մեր ներկայությունը չպահանջվեց, նույնպես որոշում ընդունեց բարձրացնել քննական գնահատականը՝ եւ կրկին մեկ միավորով։ Այդ բողոքարկումը նույնպես չբավարարեց մեզ, քանի որ հարցը սկզբունքային լուծում չստացավ։ Ես դիտավորյալ չնշեցի այս տգեղ պատահարի մասնակիցների անունները։ Եվ պատճառներից մեկն այն է, որ ես պատրաստվում եմ դատի տալ քննող դասախոսին։ Իմ հաջորդ հարցը նախարարին՝ հասնո՞ւմ է ձեզ արդյոք ժողովրդի ձայնը, որը համառորեն պնդում է, որ ամեն ինչ իր գինն ունի, որ դպրոցի ավարտական ոսկե մեդալը արժե 5.000 դոլար, որ հայ ժող. պատմության քննության գնահատականը մեկ միավորով բարձրացնելը (խոսքը, բնական է, ամենաբարձր՝ 20 եւ 19 միավորների մասին է) արժե 500 դոլար, իսկ այդ գնահատականներն ապահովվելը՝ 2.500-3.000 դոլար։ Ինչպե՞ս բացատրել, որ բացակաների թիվը հատկապես մեծ էր ապագա իրավաբանների շարքում եւ հատկապես հայ ժող. պատմության քննությանը։ Եվ ինչպես բացատրել, որ վերահանձնման օրը նրանք բոլորը ամենաբարձր գնահատականներ ստացան, շեշտակիորեն փոխելով մրցութային պատկերը։ Ինչո՞ւ չի հրապարակվում այն դիմորդների ցանկը, որոնք ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի անվճար տեղերն են զբաղեցրել՝ նշելով նրանց ծնողների պաշտոններն ու եկամուտը։ Նույնը անհրաժեշտ է անել այլ բարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունների դեպքում։ Ինչ վերաբերում է ինձ, ես մնում եմ այն համոզմունքին, որ իրավաբանական բաժանմունքի անվճար տեղեր զբաղեցրած դիմորդները կամ ուժային նախարարների, դատավորների, դատախազների ու քննիչների, բարձր պաշտոնյաների, կամ էլ ստվերային տնտեսության ականավոր ներկայացուցիչների երեխաներ են։ Հուսով եմ, որ սույն հոդվածում արծարծված հարցերը անպատասխան չեն մնա։ ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել