Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

10-օրյա դադարից հետո

Օգոստոս 21,2001 00:03

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ սկսվեց Յուրի Բախշյանի եւ Լեոնարդ Պետրոսյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հարցաքննությամբ։ Ըստ երեւույթին, կարճ ընդմիջումը (վերջին նիստը եղել էր օգոստոսի 10-ին) ամբաստանյալ Նաիրի Հունանյանի «վրա էր եկել», չնայած նշեց, թե հարցաքննության արձանագրությունների ծանոթացմամբ է ինքը զբաղված եղել։ Նա վիրավորական արտահայտություններ թույլ տվեց ինչպես Յուրի Բախշյանի, այնպես էլ Լեոնարդ Պետրոսյանի հասցեին։

Այդ կապակցությամբ նախ փաստաբան Է. Աղաջանյանը, ապա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանը հորդորեցին հանգուցյալների հիշատակին հարգալից վերաբերվել։ Է. Աղաջանյանը, մեր հաշվարկներով, մոտ 60 հարց տվեց ամբաստանյալին՝ Յու. Բախշյանի եւ 38 հարց էլ՝ Լեոնարդ Պետրոսյանի սպանությունների հետ կապված։ ԱԺ փոխնախագահին հետմահու մեղադրեց, որ «մաս է կազմել իր կամքով հանցավոր իշխանությանը» եւ սակայն չկարողացավ պատասխանել փաստաբանի այն հարցին, թե ինչո՞ւ էր այդ դեպքում սեպտեմբեր ամսին շտապել շնորհավորել նրան ԱԺ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ։

Հետաքրքիր է, որ ամբաստանյալը նախաքննության ժամանակ չէր ասել, որ ինքն անձամբ ծանոթ է եղել Յու. Բախշյանին, որ նրան հանդիպել է Օդեսայում՝ հայկական եկեղեցու բացման արարողության ժամանակ։ «Բազմաթիվ բաներ կան, որոնց մասին չեմ խոսել, նկատի ունենալով, որ դա գործին չի առնչվում»,- արդարացավ նա։

Փաստաբան Է. Աղաջանյանը նկատեց, որ այդ հանդիպումների եւ «վտանգավոր» Յու. Բախշյանի մասին ակնարկ անգամ չի եղել ամբաստանյալի 250 էջանոց ազատ շարադրանքում։

– Ո՞վ կապացուցի, որ դուք ծանոթ եք եղել Յու. Բախշյանին,- հարցրեց վերջինիս այրին՝ Անահիտ Բախշյանը։

Ամբաստանյալն անվրդով պատասխանեց. – Հարյուրավոր մարդիկ։ … Ինքներդ գիտեք։ Իսկ երբ զարմանալու հերթը հասավ Ա. Բախշյանին՝ շարունակեց. – Ես գիտեմ, որ Դուք գիտեք։

Ներկայացնելով հոկտեմբերի 27-ի օրը, ամբաստանյալը ասաց. «Կրակել եմ, ով է եղել, քանի անգամ, չեմ հիշում։ Եթե ինձ տիրապետեի, նրա վրա չէի կրակի»։ Ամբաստանյալը բացառեց, թե ստուգողական կրակոց է եղել Բախշյանի վրա, «հիշեց». «Ոտքի մի ցնցում է մնացել իմ հիշողության մեջ»։ Ընդ որում, ամբաստանյալը բացառեց ստուգողական կրակոցի արձակումը ոչ թե նրա համար, որ հաստատապես համոզված էր դրանում, այլ մեր տպավորությամբ, որովհետեւ կարճեց փորձաքննությանը։ Ինչպես ինքն ասաց. «Փորձաքննության մեջ գրված է՝ կրակոցների հաճախականությունը որոշել հնարավոր չէ»։

Փաստաբանն ասաց, որ Բախշյանի վրա եղել են քերծվածքներ ճակատին, ոտնաթաթին բութ առարկայի օգնությամբ՝ նրա կենդանության օրոք։ Ամբաստանյալը հայտնեց, որ ինքը նրան հարված չի հասցրել եւ հնարավոր համարեց քերծվածքներ ստանալն ընկնելու պահին։

– Ինչպես կարող է աթոռից ընկնելով ոտնաթաթից վիրավորվեր,- հարցրեց Բախշյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը։

– Չի բացառվում, որ փորձագետը սխալված լինի, որ վնասվածքները լինեն հետմահու,- պատասխանեց ամբաստանյալ Ն. Հունանյանը։

Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց եւ սպառնալից նկատեց, որ եթե իրեն մարդասպան անվանեն, ապա Բախշյանի դեպքում էլ նրան ազգասպան պիտի անվանենք։ Երբ փաստաբան Է. Աղաջանյանը փաստեր պահանջեց, ամբաստանյալն ասաց. «Յու. Բախշյանի իշխանությունը ստեղծել էր պայմաններ, որ ժողովրդին տանում էր կործանման»։ «Սարսափելի փաստ» համարեց Յու. Բախշյանի գրպանում այդ օրը գտնված 300 դոլար գումարը. «Դա մաքուր, արդար փող չէր։ Ո՛չ Դեմիրճյանի գրպանինը, ո՛չ Արմենակյանինը», ապա հայտնեց դատարանին, որ Արմեն Խաչատրյանին 2000 թ. օգոստոսի 9-ին հարցում է արել, թե ե՞րբ են աշխատավարձ ստացել ԱԺ պատգամավորները (մինչեւ հոկտեմբերի 27-ը)։

– Նպատակահարմար չէ՞ր, հարցում անեիք հոկտեմբերի 27-ից առաջ,- հարցրեց փաստաբան Է. Աղաջանյանը:

– Ձեր տեղակատվությամբ ինչքան էր կազմում ԱԺ նախագահի, փոխնախագահի աշխատավարձերը։

– Չեմ ուզում Արմեն Խաչատրյանին ուղղորդել,- ասաց ամբաստանյալը։

Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց եւ Լեոնարդ Պետրոսյանի սպանության համար։

Հետաքրքիր էր այս հարցը. «Տվե՞լ եք ձեր եղբորը կամ խմբի որեւէ անդամի Լեոնարդ Պետրոսյանին սպանելու հանձնարարություն եւ կամ ստացե՞լ եք հանձնարարություն»։ «Ոչ ստացել եմ, ոչ բաշխել»,- հետեւեց պատասխանը։ Նա չհիշեց Լ. Պետրոսյանի գործողություններն այդ ժամանակ, չհիշեց, թե ԱԺ մտնելով մահացա՞ծ էր տեսել նրան։

Փաստաբան Աղաջանյանը դարձյալ փաստեր պահանջեց, որով «կհիմնավորվեր» Լեոնարդ Պետրոսյանի «ազգադավ» գործողությունները։

– Ունեմ տվյալներ, կասեմ ավելի ուշ,- նախապայման կապելու պես հայտնեց ամբաստանյալը։

– Իսկ ինչո՞ւ եք այդ մասին ասում, երբ ներկա դրությամբ չեք կարող փաստարկներ բերել։ «Փաստն» այն էր, որ Լ. Պետրոսյանը, ըստ ամբաստանյալի տրամաբանության, մաս էր կազմել «հանցավոր կառավարությանը»։

Դատական հաջորդ նիստը (թվով 50-րդ) նշանակվեց օգոստոսի 22-ին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031