Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը, քննարկելով 06.06.2001թ.«Առավոտում» տպագրված «Վաճառվել է Մաշտոցի 20 շենքի արե

Օգոստոս 21,2001 00:00

Արեւն ու օդը չեն վաճառվում Երեւանի քաղաքապետարանը, քննարկելով 06.06.2001թ.«Առավոտում» տպագրված «Վաճառվել է Մաշտոցի 20 շենքի արեւն ու օդը» հոդվածում (Մաշտոցի 20 շենքի հարեւանությամբ, Փ. Բուզանդի թիվ 53 եւ 55 տների տեղում կառուցվող բնակելի շենքի մասին) բարձրացված հարցերը, հայտնում է հետեւյալը. Երեւանի քաղաքապետի 22 մայիսի 2000թ. թիվ 575 որոշմամբ «Անուր» ՍՊԸ-ին թույլատրվել է վերակառուցել Փ. Բուզանդի թթ. 53 եւ 55 տները։ Նախքան քաղաքապետի որոշումը, Գլխավոր պողոտայի տվյալ հատվածի վերակառուցման հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում եւ առաջարկություններով հանդերձ տրվել է դրական եզրակացություն։ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից «Անուր» ՍՊԸ-ին 01.08.2000թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ 11.12.2000թ. թիվ 1-138 գրանցումով համաձայնեցվել է նշված տների վերակառուցման նախագիծը։ Կենտրոնի թաղապետարանի կողմից տրվել է թիվ 23-35-186 շինարարության թույլտվությունը։ Վերակառուցվող Փ. Բուզանդի 53 եւ 55 տները սեփականության իրավունքով գոյություն են ունեցել մինչեւ բողոքող բնակիչների Մաշտոցի 20 շենքի կառուցումը։ Շինարարությունն իրականացվում է ըստ համաձայնեցված նախագծի, նախկին սեփականատերերից գնված, սեփականության իրավունքով կառուցապատողին պատկանող Փ. Բուզանդի թթ. 53 եւ 55 տների հողատարածքի սահմաններում։ Մաշտոցի 20 շենքի բնակիչների բողոքների կապակցությամբ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից կատարվել է տվյալ տարածքի կառուցապատման քաղաքաշինական նորմերի լրացուցիչ ուսումնասիրություն։ Մասնավորապես ինսոլյացիոն վիճակի ուսումնասիրությամբ ճշտվել է, որ բնակելի շենքի կառուցման հետեւանքով չի ապահովվում միայն Մաշտոցի թիվ 20 շենքի 3 բնակարանների անհրաժեշտ ինսոլյացիայի տեւողությունը։ Նշված երեք բնակարանների սեփականատերերից երկուսի եւ «Անուր» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է համաձայնագիր առաջացած խնդիրների կարգավորման վերաբերյալ։ Երրորդ սեփականատիրոջ հետ բանակցությունները շարունակվում են։ Միաժամանակ կառուցապատողին՝ «Անուր» ՍՊԸ-ին, առաջարկվել է կատարել կառուցվող շենքի նախագծային փոփոխություններ՝ հանել համաձայնեցված նախագծից Մաշտոցի թիվ 20 շենքի պատշգամբներից 4,2 մ հեռավորությամբ նախատեսված երկհարկանի մասնաշենքը եւ նվազեցնել կառուցվող շենքի բակային հատվածի հարկայնությունը երկու հարկով։ Առաջարկությունն ընդունվել է «Անուր» ՍՊԸ-ի կողմից, եւ ներկայումս կատարվում են նախագծային փաստաթղթերի փոփոխման աշխատանքներ՝ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության հետ վերահամաձայնեցնելու համար։ Նախագծային փոփոխությունների արդյունքում, որոնք կատարվում են ի հաշիվ կառուցապատողի սեփական հողատարածքի, շենքերի միջեւ կապահովվեն հակահրդեհային նորմերը։ Վերոհիշյալի մասին տեղեկացվել են դիմողները։ Ս. ԿՈՏՈԼԻԿՅԱՆ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել