ԱԼԻԵՎԸ ՇԱ՜Տ ՀՈՒՄԱՆԻՍՏ Է Անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրամանագիր է ստորագրել մոտ 100 դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու մասին: Ալիեւն, ըստ էության, ներում է շնորհել ադրբեջանցի քաղբանտարկյալներին, որոնց մասին շարունակ ակնարկում էին միջազգային կազմակերպություններն ու ադրբեջանական ընդդիմությունը: Ադրբեջանի ղեկավարը ներում է շնորհել Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարին, որի առավելագույն չափի պատիժը՝ մահապատիժը, փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ: Ներում է շնորհվել նաեւ այս տարվա փետրվարին Բաքվում անկարգությունների կազմակերպիչ՝ ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին, 94-ին Գյանջայի իրադարձությունների 10 մասնակիցների: Հիշեցնենք, որ այդ իրադարձությունները ժամանակին որակվել էին որպես պետական հեղաշրջման փորձ: Համաներումը կիրառվել է նաեւ 2 անձանց նկատմամբ, որոնք 95-ին Ալիեւի դեմ մահափորձ էին կազմակերպել: Ադրբեջանական մամուլն անդրադառնալով Ալիեւի սույն հրամանագրին՝ արձանագրել է, թե վերջինս արդեն սկսել է իր նախագահական ընտրարշավը: Սեփ. լր.