Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի

Օգոստոս 21,2001 00:00

ԴԱՀԼԻՃՈՒՄ ՄԵՆԱԿ ՄՆԱԼՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ Նաիրի Հունանյանն առաջարկել էր կարդալ Դավիթ Հովհաննեսի ցուցմունքը, ապացուցելու համար, որ հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները հեռախոսով առուվաճառքով են զբաղվել, իսկ նրանցից մեկին՝ Անդրանիկ Մարգարյանին անգամ ստիպված էին դիտողություն անել, թե «այստեղ ծիծաղի ժամ չէ»։ Դավիթ Հովհաննեսը հարցաքննվել է 1999-ի նոյեմբերի 4-ին։ Շուրջ 5 ժամ տեւած հարցաքննության արձանագրության մեջ միայն մի հատված կա, որը մասամբ հաստատում է ոճրագործի ասածը։ Նախ նշելով, որ «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանն ու Նաիրի Հունանյանն իրար դիմում էին անուններով, Դավիթ Հովհաննեսն իր ձեռքով գրել է. «Պիտի շեշտեմ նաեւ վերոհիշյալ Անդրանիկ Մարգարյանի ամուր պահվածքը (ի միջի այլոց, նրան սկզբում Նաիրի կոչեցյալը կանգնեցրել էր իր դիմաց, որպես պատանդ եւ երաշխիք իր ապահովության։ (…) Դահլիճում մնացած բոլոր պատգամավորներն էլ, համարյա բոլորը, արժանավայել պահվածք եւ հոգու ամրություն դրսեւորեցին։ Ինչ վերաբերում է կառավարության անդամներին, ապա այն տպավորությունն ունեմ, որ մեր կառավարությունն, ի մեծի մասի, վատառողջ է։ Հերթով իրենց վատ էին զգում եւ դուրս տարվում։ Զարմանալի է, բայց դահլիճում երբեմն-երբեմն լսվում էր բարձր եւ իրավիճակին չվերաբերող խոսակցություն։ Կողքից նայողը չէր մտածի, որ այս ներկաները մահվան սպառնալիքի տակ են բոլորը եւ ամեն րոպե կարող էր վերսկսվել արյան բաղնիքը։ Դա, ըստ երեւույթին, պաշտպանական բնազդային ռեակցիա էր։ Եվ դա նույնպես, համոզված եմ, շողուլ-թարազուց գցեց ահաբեկիչներին, որոնցից մեկը՝ Էդոն, նույնիսկ չթաքցրած զարմանքախառն հիացմունքով ասաց բառացիորեն հետեւյալը. մի պատգամավորը 10 մինիստր արժե»։ Այս ցուցմունքում նաեւ նշված է, որ վիրավորներին դուրս էին տանում «ավելի շատ մարդկանցով, քան դա պետք էր»։ Նաեւ, որ մի քանի պատգամավորներ (անունները նշված են) բարձրախոսով ժողովրդին կոչ անելուց հետո «չքվեցին»։ «Ետ էր գալիս (2 անգամ դիակ տանելուն օգնելուց հետո), օրինակ, քաղաքաշինության նախարար Հրայր Հովհաննիսյանը, որը շարժեց շատերի հիացմունքը»։ Դավիթ Հովհաննեսի ցուցմունքներում բազմաթիվ են դիտարկումները նաեւ ահաբեկիչների մասին։ «Իրենց պատկերացնում էին հերոսներ,- գրում է նա։- Նրանք շատ հաճույքով պատասխանում էին հեռախոսազանգերին՝ տարբեր լրատվամիջոցներից։ (…) Հիշում եմ նաեւ Նաիրի կոչեցյալի ուղղակի խնդրանքը մի՝ ինձ առայժմ անհայտ լրատվամիջոցի. «Էլի զանգեք, խնդրում եմ»։ Դահլիճում մնալու 18 ժամվա ընթացքում Դավիթ Հովհաննեսը խոսել էր գրեթե բոլոր ահաբեկիչների հետ՝ բացի մեկից. «Կարեն կոչեցյալի հետ չկարողացա ինձ ստիպել խոսել. պահվածքը շատ էր դիք-դիք, եւ իր դեմքին որեւէ զգացմունքի նշույլ չկար։ Հիշեցնում էր մարդ-ռոբոտի, զոմբիի»։ Նրանց բոլորին է վերաբերում բանաստեղծ պատգամավորի այս դիտարկումը. «Խոսում էին եւ դատում խիստ կապակցված, թեեւ՝ շատ անմակարդակ եւ բազարային արգումենտացիայի գռեհկությամբ»։ Արժանահիշատակ է նաեւ Դավիթ Հովհաննեսի ցուցմունքի այն հատվածը, որտեղ նա նկարագրում է, թե կրակոցներից հետո ինչպես են մեկ պառկել, հետո նստել, հետո, երբ կրակահերթերը վերսկսվել են՝ դարձյալ պառկել. «Մեզ նորից հայտարարեցին, որ կարող ենք նստել։ Մեզնից ոմանք, այդ թվում եւ ես, նստելով բղավեցինք, որ ասում եք՝ նստեք, բայց կրակում եք… Իրենք ասացին, որ մեզ վրա չեն կրակի այլեւս, որ իրենք մեր դեմ ոչինչ չունեն։ Խառնված էին (հոգեպես), բայց ցույց էին տալիս, որ իրենց գործն արել են եւ մեզ հետ նման գործ չունեն»։ Դավիթ Հովհաննեսը հստակ նշում է. «Կարծում եմ, որ նրանց պլաններում չկար դրսի աշխարհից կտրված լինելը, ինչը եղավ այն բանի արդյունքում, որ բանակը շրջապատեց ԱԺ շենքը»։ Ուշադրություն դարձրեք, որ այս բոլորը գրվել է ահաբեկչությունից ընդամենն օրեր անց, երբ խոսք անգամ չէր կարող լինել, թե փորձ է արվում քաղաքականացնել կատարվածը եւ միտումնավոր ինչ-որ կեղծ հետքերով տանել գործի քննությունը, կազմակերպիչներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան. «Նրանց շատ էր «հուզում» այն, որ մենք իրենց մարդասպաններ կամ սովորական տեռորիստներ չհամարենք, այլ՝ ամենաքիչը քաղաքական դեմքեր, որոնք կատարել են ազգանվեր գործ։ Նրանց՝ միայնակ մնալը դահլիճում, իմ տպավորությամբ, իրենց համար էլ անակնկալ էր։ Երեւի հույսեր էին ունեցել ոչ միայն դրսի ինչ-ինչ «ուժերի» օգնության վրա, այլեւ՝ ժողովրդի»։ Պատգամավորը գրում է, թե Ալեքսան Հարությունյանից եւ Հրանտ Մարգարյանից պահանջելով գալ դահլիճ՝ Նաիրի Հունանյանը նրանց հետ խոսում էր «ընկերական, լավ ծանոթի պահանջատիրությամբ, որը երբեք չվերածվեց կոպտության կամ, առավել եւս, հայհոյաբանության»։ Քարտուղարության սեղանին ավելի մոտ նստածները Դավիթ Հովհաննեսին պատմել էին, թե եղել են նաեւ այնպիսի հեռախոսազրույցներ, երբ ահաբեկիչները «զեկուցել են կատարվածի մասին եւ պահանջել շուտափույթ սատարություն»։ Դավիթ Հովհաննեսն այս ցուցմունքում «առնվազն ծիծաղելի» է որակում ահաբեկիչների այն հավաստիացումը, թե իրենք հենց այդ հնգյակն են. «Որովհետեւ նախ՝ իրենք էին խոսում դրսի իրենց՝ ինձ անհայտ եւ անանուն մարդկանց հետ, ապա իրենք որոշակիորեն սպասում էին դրսից օգնությանը, որն արտահայտվում էր ոչ միայն հեռախոսազրույցների անորոշ պատառիկներով, այլեւ՝ նրանց սկզբնական վստահ պահվածքով»։ Պատգամավորը մի ուշագրավ մանրամասն է ներկայացրել այն ժամանակահատվածի մասին, երբ ահաբեկիչներն արդեն հանձնել են զենքերը. «Քննիչ արձանագրողի հարցին, թե հիմա քեզ ինչպե՞ս արձանագրեմ, որպես ղեկավա՞ր, Նաիրի կոչեցյալը հապաղեց, իսկ եղբայրը՝ Կարենն ասաց. «Բոլորս էլ ղեկավար ենք ու զինվոր»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Այսուհետ ամեն համարում հրապարակելու ենք «Հոկտեմբերի 27»-ի գործում առկա ցուցմունքների առավել հետաքրքրական հատվածները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել