Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասում

Օգոստոս 21,2001 00:00

«ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ» Ասում է Արամ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցությունը, ըստ ամենայնի, սեպտեմբերի առաջին տասնօրյակում կհրավիրի իր անդրանիկ համագումարը։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ներկա քաղաքական իրավիճակը, կուսակցությունների մեջ տեղի ունեցող խմորումները գնահատեց բավական բարդ։ Արմատացած կուսակցություններն են նույնիսկ քանդվում եւ տարանջատվում։ Սանիտարական մաքրում է տեղի ունենում։ Եվ միակ բանը, որի համար պիտի շնորհակալություն հայտնեմ այսօրվա իշխանություններին, կուսակցությունների ներսում կատարվող սանիտարական մաքրումն է։ Նախկին վարչապետի կարծիքով, որեւէ մեկը կողմ չէ այսօրվա իշխանություններին. «Ուղղակի ներքին շահերից ելնելով գործելակերպը ուրիշ է, իսկ հոգեպես բացարձակ ուրիշ բանի մասին են մտածում։ Հստակեցում է գնում կամքով ուժեղների եւ կամքով թույլերի միջեւ։ Ես չեմ մեղադրում կամքով թույլերին, բոլորովին։ Ես մեղադրում եմ ճնշողներին եւ խորհուրդ կտայի՝ իմ վրա դա չփորձեն։ Որովհետեւ բազմիցս փորձել են եւ չի ստացվել։ Ես թռիչքի հմայքը գիտեմ, ցավում եմ նրանց համար, ովքեր դա չգիտեն»։ Նորաստեղծ «Հանրապետություն» կուսակցությունն արդեն մոտ չորս հազարից ավելի անդամ ունի. «Անձամբ ես շատ ավելի քիչ էի սպասում կուսակցության կայացմանը։ Կուզենայի նշել, որ այս դեպքում եւս չափազանց մեծ նշանակություն ունի Վազգեն Սարգսյանի թողած ժառանգությունը։ Մարդկային արարածի ամենամեծ հատկանիշներից մեկը երեւի հավատարմությունն է։ Եվ բարեբախտաբար, մեր ժողովուրդն ունի նման հատկություն»։ Կուսակցության համագումարն Արամ Սարգսյանի վկայությամբ «շատ հզոր համագումար կլինի եւ շատ հիմնական մեխեր կդրվեն»։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամների այցելությունները շրջաններ միանշանակ չեն ընդունվում։ Արամ Սարգսյանի վկայությամբ, այդ այցերն ավելի մարդաշատ կարող էին լինել. «Ճնշումներ են գործադրվում իշխանական բոլոր օղակներից, ԱԱ, ՆԳ, քաղաքապետարաններ, մարզպետարաններ։ Մարդիկ զգուշանում են։ Չնայած հոգով մեզ հետ են։ Իրենք հասկանում են, որ ստիպված քայլեր են անում, որի համար ամաչում են եւ երբեմն, առանձին ներողություն են խնդրում։ Դա էլ է ինձ ուրախացնում»։ Արամ Սարգսյանի ներկայացմամբ, «Հանրապետություն» կուսակցության համակիրների դաշտը բավականին մեծ է եւ դա ներառում է նաեւ իշխանական ոլորտը։ «Միասնություն» դաշինքի ներկա վիճակի, նաեւ իր վարչապետության ժամանակի համեմատությունը կատարելիս, Արամ Սարգսյանն այսպիսի զուգահեռ անցկացրեց. «Իմ վարչապետության ժամանակ գոնե երկիշխանություն էր։ Երկրորդ իշխանության գագաթին կանգնած էի ես եւ ներկայացնում էի բոլորի շահերը. թե՛ ՀԺԿ-ի, թե՛ Հանրապետականի եւ թե՛ «Երկրապահի»։ Այն ժամանակ դժգոհում էին դրանից, բայց այսօր հակառակ կարծիքին են»։ Արամ Սարգսյանի կարծիքով, «Միասնություն» դաշինքի պառակտումը «Հոկտեմբերի 27»-ը ծրագրավորողների եւ պլանավորողների խնդիրներից մեկն էր եւ դա եւս նրանց հաջողվեց։ Ոմանք համոզված պնդում են, թե նախագահ Քոչարյանը հոկտեմբերին վստահաբար ցրելու է խորհրդարանը։ Ըստ Արամ Սարգսյանի. «Եթե խորհրդարանը պիտի լուծարվի ԲԷՑ-երը վաճառելու համար, ապա մենք գիտենք, թե ովքեր են ստիպում, որպեսզի ԲԷՑ-երը վաճառվեն։ Եթե խորհրդարանը պիտի լուծարվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքն ընդունելու համար, ապա մենք գիտենք՝ ում է ձեռնտու դրա ընդունումը։ Ես կարծում եմ, նախագահն իր չարածները բարդում է խորհրդարանի գլխին»։ Սարգսյանը գտնում է, որ խորհրդարանն ինքը պետք է սկսի նախագահի պաշտոնանկության գործընթացը, «որովհետեւ այն մեղքերը, որոնք բարդվում են խորհրդարանի վրա, խորհրդարանի մեղքերը չեն»։ Օրենսդիր իշխանությունը գործադիրին ենթակա դարձնելը, կոմպրոմատների տակ աշխատեցնելը պետական դավաճանություն գնահատելով, պրն Սարգսյանն ասաց, որ դա նաեւ ոտնձգություն է Սահմանադրության նկատմամբ։ «Հանրապետության» եւ ԵԿՄ-ի հարաբերությունների վերաբերյալ մեր հարցին պատասխանելով, Արամ Սարգսյանն ասաց. «կուսակցությունում երկրապահները շատ քիչ են, եւ կուսակցությունը երկրապահական չէ։ Խնդիրն ուրիշ է, այն, որ համակիր երկրապահների բանակը օր օրի ավելի ընդլայնվում է եւ ընդհանուր «Երկրապահի» հետ շփման եզրերը հարթվում են եւ դառնում են ավելի մտերիմ եւ ավելի բարեկամական»։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ հարաբերությունների մեջ է Արամ Սարգսյանը ԵԿՄ վարչության նախագահ, ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ. «Ոչ քաղաքական, միայն մարդկային հարաբերություններ են։ Իսկ մարդկային առումով ընդհանուր շատ բաներ ունենք, գիտեք, որ եղբայրս իր ընտանիքի քավորն է։ Ես գիտեմ իր պրոբլեմները, իր անցած ուղին հարգում եմ եւ մարդկային առումով նորմալ, բարի հարաբերություններ ունենք։ Կարծում եմ, չափից ավելի ճիշտ է, որ «Երկրապահը» չխառնվի քաղաքական խժդժություններին, ինքս էլ չեմ ուզում, որ դա տեղի ունենա։ Այս առումով որեւէ քաղաքական խնդիր չունեմ ԵԿՄ վարչության կամ ԵԿՄ նախագահի հետ»։ Զրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել