ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ «ՍԱՊՖԻՐԻՑ» «Արմինֆոյի» հաղորդմամբ, Hicrystech.Inc ընկերությունը հրաժարվում է գնել տեխնիկական քարերի «Սապֆիր» ՓԲԸ գործարանը։ Ուշագրավ է, որ մրցույթն ավարտվելուն պես պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը ակնհայտորեն շտապելով, այն գնահատեց որպես շատ հաջողված։ Ընդհանրապես աննախադեպ է սա նախարարության համար, որն անգամ պաշտոնական բացատրություն չի ստացել, թե ընկերությունն ինչու է հրաժարվում «Սապֆիրը» գնելու գործարքից։ Ըստ երեւույթին, Hicrystech. Inc-ը Հայաստանում գրասենյակ չունի, որովհետեւ «Առավոտի» «պեղումներն» արդյունք չտվեցին, բայց «Սապֆիրից» տեղեկացանք, որ այդ կազմակերպության ներկայացուցիչները մոտ մեկ շաբաթ աշխատել են գործարանում, հանդիպումներ ունեցել գործարանի աշխատողների հետ։ Այլ աղբյուրից «Առավոտը» պարզեց, որ Hicystech.Inc-ն ու պետական գույքի կառավարման նախարարությունը համաձայնության չեն եկել կառավարման հարցերի շուրջ (գործարքի ավարտին այդ ընկերությանը կանցներ բաժնետոմսերի 64,5 տոկոսը)։ Նույն աղբյուրի տվյալներով, այս անհամաձայնությունից հետո ընկերությունն առաջարկել է 10 մլն-ի դիմաց 7 մլն-ի ներդրում անել։ Գործարքից հրաժարվելը կարող է նշանակել, որ նախարարությունը չի համաձայնել այս տարբերակին։ Ընդհանրապես, այս գործարքը (թեկուզ չկայացած) վկայում է Hicrystech.Inc-ի անհեռատեսության մասին։ Նկատենք, որ գործարանը իր գնահատվածից ավելի գնով պիտի վաճառվեր։ Սրան գումարած՝ պարտքերի մարման եւ 10 մլն դոլարի ներդրման պարտավորությունը, ինչպես նաեւ գործարքից հրաժարվելը եւ կանխավճարը հետ պահանջելը, ստացվում է անլրջություն։ Ա. ՈՒ.