Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երթուղային տաքսիների անօրինականության եւ վարորդ-ուղեւոր հարաբերությունների լարվածությանը բազմիցս ենք

Օգոստոս 18,2001 00:00

Կպատժվե՞ն կարգազանցները Երթուղային տաքսիների անօրինականության եւ վարորդ-ուղեւոր հարաբերությունների լարվածությանը բազմիցս ենք անդրադարձել։ Այս անգամ խոսքը կոնկրետ համարի երթուղային տաքսիների վարորդների վերաբերմունքի ու անտակտ գործելակերպի մասին է։ Սարի թաղի բնակչությանը սպասարկող 79 երթուղային տաքսու ուղեվարձը 75 դրամ է։ Նրա միակ կանգառը ՊՀԽ-ի (ԳՈՒՄ) մոտակայքում է, որտեղ եւ հավաքվում են Սարի թաղի բնակիչները։ Կարելի է պատկերացնել, թե ՊՀԽ-ից Սարի թաղ որքան կարճ ճանապարհ է՝ մոտ 3-4 կմ։ Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մայրաքաղաքի շատ երթուղային տաքսիներ երթեւեկում են 50 դրամով՝ կտրելով քաղաքի մի ծայրից մյուսը, ապա շատ անտրամաբանական է, երբ ուղեւորը ստիպված է վճարել Սարի թաղից ՊՀԽ կամ ՊՀԽ-ից Սարի թաղ հասնելու համար։ Զարմանալիորեն նա վճարում է ոչ թե, ասենք, 50 դրամ (որը նույնպես շատ է, մանավանդ, որ Սարի թաղից իջնելիս երթուղայինները պարապ ընթացքով են սլանում- Հ. Մ.), այլ՝ 75։ Այդ համարի երթուղայիններում հաճախ ենք ականատես լինում ուղեւորների դժգոհությանն ու բողոքներին։ Վերջիններիս անչափ զայրացնում է, որ երբեք վարորդների մտքով չի անցնում հետ վերադարձնել ուղեվարձի մանրը, քանի դեռ ուղեւորը չի հիշեցրել այդ մասին։ Ուղեւորը այնքան է կանգնած սպասում իր 25 դրամին (եթե 100 դրամ է վճարել) կամ 50 դրամին (եթե 200 դրամ է վճարել՝ երկու հոգու համար), մինչեւ վարորդը ճարահատյալ եւ դժգոհություն արտահայտելով վերադարձնում է, որն էլ, ի դեպ, անպայման ավարտվում է անախորժությամբ։ «Էս ինչ մարդիկ են,- քթերի տակ մրթմրթում են վարորդները,- 25 դրամի համար ինչ են անում, չեն էլ ամաչում»։ Բայց, «սիրելի վարորդ, ի՞նչ կանեիք, եթե ուղեւորը ուղեվարձից 5 կամ 10 դրամ պակաս վճարեր»։ Մայրաքաղաքում երթեւեկող շատ երթուղային տաքսիների գծերն ապահովող անհատները մրցույթին մասնակցելու համար նախօրոք հայտ են ներկայացնում, նշելով իրենց սպասարկման պայմանները՝ ուղեվարձի գները եւ այլն։ Բայց ոչ միշտ է ուղեվարձը մնում անփոփոխ։ 50 դրամանոց երթուղային տաքսիների ուղեվարձերը գիշերային ժամերին դառնում են 100 դրամ, 100 դրամանոցները՝ 200, ինչի իրավունքն ակնհայտորեն չկա։ Պարզաբանումների համար դիմեցինք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանին։ Նշված երեւույթի վերաբերյալ Սարի թաղի բնակիչների բողոքը նա անհիմն համարեց, անմիջապես ասելով, որ ուղեվարձը 75 դրամ է եւ այդպես էլ կմնա, որովհետեւ դա արդեն որոշված է։ Ըստ նրա, «եթե մեկ կանգառ էլ ենք գնում, ապա այդ մեկ կանգառի համար վճարում ենք՝ լինի 100 դրամ թե 75»։ Ինչ վերաբերում է վարորդների անբարյացակամ լինելուն՝ ուղեվարձի մանրը չվերադարձնելու առնչությամբ, Ա. Բարսեղյանը խոստացավ պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր խախտում են պայմանագրում նշված կանոնները։ Չնայած Ա. Բարսեղյանի հավաստիացումներին, թե կպատժվեն կարգազանց վարորդները, այնուամենայնիվ, մեծամասնություն են կազմում վերջիններս ու այդպես էլ չեն պատժվում։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել