Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի

Օգոստոս 18,2001 00:00

Պահլավունիները հետաքրքրել են գերմանացիներին Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող երբեմնի անառիկ բերդ-ամրոցի անուշադրության մատնված փլատակները մոտ 2 շաբաթ գտնվում էին ապագայում ճարտարապետ դառնալու մտադրություն ունեցող մի խումբ ուսանողների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հետո պարզվեց, Կայզերսլոթերնի համալսարանից ժամանած ապագա ճարտարապետները ամենեւին էլ բերդ-ամրոցի ավերակներով հիանալու համար չէ, որ Գերմանիայից հասել էին Հայաստան։ Խումբը ղեկավարող պրոֆեսոր Հարթմութ Հոֆրիխտերը հայտնեց, որ իրենց նպատակը լոկ մասնագիտական է եւ որ իրենք միայն չափագրումներ են կատարելու, որպեսզի վերականգնեն բերդ-ամրոցի նախնական տեսքի սխեման։ Այնուհետեւ ավելացրեց, որ մտադիր են Գերմանիա վերադառնալուց հետո մի աշխատություն հրատարակել իրենց հայաստանյան շրջագայությունների մասին։ Հայկական ճարտարապետությունը պրոֆեսոր Հոֆրիխտերի լուրջ ուսումնասիրության առարկան է դարձել դեռեւս շատ վաղուց։ Նա հասցրել է լինել պատմական Հայաստանի մի շարք վայրերում եւ բազմաթիվ ճարտարապետական շինությունների վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ Իսկ ուսանողների չափագրական գործունեությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1999 թվից եւ Բջնի ժամանած ուսանողներից մի քանիսը եղել էին Ախթալայում ու մի քանի օր մնացել այնտեղ։ Իսկ այն հարցին, թե ինչպիսին էր տպավորությունը մեր ճարտարապետական կառույցներից, ուսանողներից մեկը մտահոգված պատասխանեց, որ այնտեղ պարզապես անհնար էր մնալ՝ սանիտարահիգիենիկ տարրական պայմանների բացակայության պատճառով։ Ավելացրեց նաեւ, որ մարդիկ շատ աղքատ են, աշխատանք չունեն եւ այլն։ Եվ համեմատական կարգով ավելացրեց, որ Բջնիում իրենց այնքան էլ վատ չեն զգում։ Հյուրանոցի ֆունկցիաները ստանձնած Բջնիի միջնակարգ դպրոցը շատ թե քիչ տանելի պայմաններ էր ստեղծել գերմանացի ուսանողների համար։ Նրանց տրամադրության տակ էին 3 դասասենյակ, դպրոցի ճաշարանն ու սանհանգույցը, իսկ տնօրենի կաբինետը զբաղեցրել էր պրոֆեսորը։ Ամեն օր վաղ առավոտից ուսանողներն սկսում էին իրենց չափագրումները եւ վերջացնում ուշ երեկոյան, իհարկե, որոշ ընդմիջումներով։ Բջնիում պրոֆեսոր Հոֆրիխտերի ծավալած գործունեությունը չէր վրիպել ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ուշադրությունից։ Վարչության պետի տեղակալ Շողեր Ասոյանն ու ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրաթյանը չէին զլացել բարձրանալ Պահլավունիների երբեմնի անառիկ բերդը՝ գործերի ընդհանուր վիճակին ծանոթանալու համար։ Իսկ գործերն ընթանում էին գերմանացիներին հատուկ ճշտապահությամբ ու ճշգրտությամբ։ Չափագրական գործիքները ոտնակոխ անող գառներին ու այծերին հեռու քշելով, քարերի տակից դուրս եկող կարիճների դեմ պայքարելով ու իրենց համար անտանելի շոգին դիմակայելով՝ ուսանողները բարեհաջող ավարտեցին իրենց չափագրումները, սակայն՝ ոչ գծագրերը։ Դրանք վերջնական տեսքի կբերվեն Գերմանիա վերադառնալուց հետո։ Իսկ թե ինչքանով կհաջողվի բերդ-ամրոցի նախնական տեսքի սխեմատիկ վերականգնումը՝ ցույց կտա ժամանակը։ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել