Լրահոս
Օրվա լրահոսը

Անտեղյակները, հատկապես ամռան տապին, երանի են տալիս Հրազդանի ձորի բերանին բնակարան ունեցողներին՝ համա

Օգոստոս 18,2001 00:00

ՁՈՐԻ ՔԵՖԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Անտեղյակները, հատկապես ամռան տապին, երանի են տալիս Հրազդանի ձորի բերանին բնակարան ունեցողներին՝ համարելով, որ քաղաքի կենտրոնում ապրելով հանդերձ՝ նրանք գրեթե ամառանոցային կլիմայում են։ Բայց, պարզվում է, որ դա այնքան էլ երանի տալու բան չէ, հատկապես ամռան սեզոնին։ Հալաբյան 3-11, Արզումանյան 3, Լենինգրադյան 2, 8, 10 շենքերի բնակիչների համար ամռան գալուստն ավետող մայիս ամսվանից սկսվում է դժոխքը։ «Արաբկիրի ՆԳ բաժնի կողմից 2000թ. օգոստոսին լռեցված պաղպաղականոցն այս տարվա մայիս ամսից սկսած նորից զանազան «դաստա» խմբերի երաժշտությամբ խլացնում է մեզ մինչեւ գիշերվա 3-ը, 4-ը»,- պատմում են բնակիչները։ Եվ ահա որերորդ անգամ այս՝ թվում է, հեշտ լուծելի հարցով, մարդիկ ստիպված են լինում դիմել մամուլին, որովհետեւ այս տարի լրացավ զանազան գերատեսչություններին ուղղված նրանց դիմում-բողոքների ոդիսականի չորս տարին։ 1998թ. հուլիսին առաջին անգամ հաջողվել է կարճ ժամանակով լռեցնել Կիեւյան 2-ի դիմացի «վետերոկի» կենդանի երաժշտությունը։ 1999-ի մայիսից, ինչպես բնակիչներն են ասում, «անպատժելիության բարձր գիտակցությամբ արդեն ոչ թե մեկ, այլ Հրազդան կամուրջի երեք անկյուններից, այսինքն՝ Հալաբյան-Արզումանյան անկյունի «Նիգ», ՄՀՀ-ի կողքի «Հավանա», Կիեւյան 2-ի դիմացի «Պիցցա» վետերոկներից մեզ խլացնում են կասկածելի ծագման «դաստեքի» ֆորտեները»։ Նույն տարվա հուլիսին Շահումյանի, Աջափնյակի, Արաբկիրի թաղապետերին, ՆԳ բաժինների պետերին ուղղված դիմում- բողոքները պատասխան չեն ստանում։ Հուլիսի վերջին, երկու շաբաթ բնակիչներին հաջողվում է գիշերը քնել՝ շնորհիվ Երեւան քաղաքի ՆԳ վարչության աշխատակիցների։ Սակայն նրանց ամենօրյա հսկողության դադարեցման հաջորդ իսկ օրը, մինչեւ ուշ հոկտեմբեր, «այդ բոլոր օբյեկտներում շարունակեցին նվագել առավել լկտիությամբ»։ 2000թ. մայիսին ամեն ինչ նորից է սկսում։ Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների դատախազություն գրված բողոքից հետո մեկ օր գիշերը լռություն է տիրում Հրազդանի ձորում։ Այդ բողոքի պատասխանում նշված է, որ «սրճարանների տնօրենները պարտավորվել են ամեն օր նորմայի սահմաններում, իսկ ժամը 22-ից սկսած՝ շատ ցածրաձայն նվագել»։ Ի՞նչ ասել է նորմա՝ տարակուսում են բնակիչները. «Ձորի արձագանքի շնորհիվ մենք նրանց երաժշտությունը լսում ենք հարյուրապատիկ ավելի մաքուր ու բարձր, քան իրենք»։ ՀՀ առեւտրի, հանրային սննդի եւ սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության Երեւանի քաղաքային պետական տեսչության աշխատակիցներն էլ իրենց հերթին են տնօրեններից պարտավորագրեր վերցնում։ Ամենազավեշտականն այն է, որ տեսչության աշխատակիցների այցելության օրը, երբ նրանք ձորի բերանի բնակարաններում իրենց ականջով են լսել այդ «կենդանի» երաժշտությունը եւ գնացել «Նիգ» սրճարան, վերջինս դարձյալ չի լռել։ Ավելի ճիշտ, լռել է մի 15 րոպեով։ «Երեւի խոսում էին»,- եզրակացնում են բնակիչները։ «Նրանց գնալուց հետո նույն ուժգնությամբ հնչեց մինչեւ ժամը 2-ը ու հաջորդ օրը՝ նույնը։ Եվ այդպես մինչեւ այսօր»։ Բնակիչները մեզ ներկայացրին ս.թ. օգոստոսի 3-ից 11-ի «երաժշտական խուլիգանության գրաֆիկը»։ Ըստ որի, ամենաշատը բնակիչները քնել են օգոստոսի 6-ին (սկսած գիշերվա 2.30-ից), ամենաքիչը՝ 11-ին (ժամը 4.30-ից), եթե իհարկե, հնարավոր է նման նյարդայնությունից հետո անմիջապես քնել։ Ինչ ուզում եք՝ ասեք, բայց այս մարդիկ չափից ավելի են բարեկիրթ ու քաղաքակիրթ՝ ընտրելով խրոնիկ խուլիգանության դեմ պայքարի քաղաքակիրթ ձեւեր։ Կարծում ենք, 4 տարում վաղուց հասունացել է նրանց հետեւյալ սպառնալիքի իրագործման անհրաժեշտությունը. «Հարցը չլուծելու դեպքում խոստանում ենք 2-3 գիշեր այնպիսի համերգներ կազմակերպել քաղաքապետի եւ «Առսպասքաղպետտեսչության» պետի բնակելի շենքերի բակում՝ ժամը 10-ից մինչեւ մյուս օրվա 4-ը»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել