ՆՈՐ ԽՈՍՔ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ներկուսակցական տրոհումները եւ խորհրդարանական վերադասավորումները տարակուսանքի եւ վերլուծության տեղիք են տալիս անգամ մեծամասնական կարգով ընտրված այն պատգամավորներին, որոնք մինչ այժմ որեւէ առնչություն չունեին քաղաքականության հետ։ Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Առավոտի» թղթակցին հայտնեց իր դիտարկումները. «Եթե գաղափարների շուրջ համախմբված են գալիս համամասնական ցուցակով ընտրված պատգամավորները, ինձ թվում է, նրանք պետք է մինչեւ վերջ պահպանեն իրենց նախընտրական խոստումները, որոնք ծնվել են այդ գաղափարներից։ Հո անհատ պատգամավորի ծրագրո՞վ չեն եկել ԱԺ։ Ի՞նչ է նշանակում կեսից հետ կանգնելը կամ բաժանվելը։ Ուրեմն առաջ էին սխալ կազմել իրենց նախընտրական ծրագրերը, իսկ գալիս է մի ժամանակ, երբ սխալն անպայման իրենն է ասում։ Եթե նախընտրական ծրագրերն ու գաղափարները ճշմարիտ լինեին՝ այսպիսի փլուզում չէր լինի։ Գուցե մեկը դուրս գար կուսակցությունից, երկուսը, բայց երբ, ասենք, 9 հոգի է դուրս գալիս ՀԺԿ-ից՝ ուրեմն ժամանակին ծրագիրը շատ թույլ էր կազմված։ Ես գաղափարների շուրջ համախմբված, մի թիմով խորհրդարան գալը կհամեմատեի ֆուտբոլի հետ։ Եթե 11 հոգով խաղում են, բայց խաղի կեսից 4 հոգի անցնեն հակառակորդի կողմը եւ սկսեն իրենց նախկին թիմի դարպասների վրա հարձակում գործել՝ ո՞նց կարելի է դա։ Եթե այս մարդիկ չեն հասկացել, որ սա իրենց դարպասն է, իսկ սա՝ մյուս թիմի, ուրեմն ԱԺ-ում նրանց մնալն անիմաստ է»։ Զրույցին ներկա ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ հավելեց, թե ԲԷՑ-երի հարցում այդ թիմը խաղի կեսից գնդակը ծախեց։ Հակոբ Հակոբյանը ձայնագրիչի առջեւ էր խոսում այնպիսի քաղաքագիտական բառապաշարով, որին կնախանձեր անգամ Հմայակ Հովհաննիսյանը։ Բայց այլ պատգամավորների վկայությամբ, ձայնագրիչից հեռու նա օգտագործում էր ուրիշ համեմատություններ, որոնք պակաս բարեհնչուն են, բայց առավել հասկանալի են ԱԺ-ի մեծամասնությանը. «Եթե Ստեփան Դեմիրճյանն իրենց զակոննի գողն ա եւ իրանք նրանից աբխադիտ են ըլել՝ դրանց սաղին պետք է սուչիտ անել»։ Ա. Ի.