Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ

Օգոստոս 18,2001 00:00

ՀՅԴ-Ն ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի անդամներ Վան Գրիգորյանն ու Անդրանիկ Միհրանյանն ամերիկյան «Կռունկ» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ասել են, թե ՀՅԴ-ի ղեկավարությունը պաշտոնապես եւ նախապես տեղեկացված է եղել հանձնախմբի ստեղծման մասին։ Նրանք պնդել են, թե ՀՅԴ Բյուրոյի առնվազն մեկ անդամ տեղյակ է եղել հանձնախմբի ստեղծմանը նախորդած ամիսներին հայերի եւ թուրքերի միջեւ տեղի ունեցած մի քանի գաղտնի հանդիպումների մասին։ Ըստ Վան Գրիգորյանի՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը տեղեկացվելու հաջորդ օրը շնորհակալությամբ արձագանքել եւ իր համաձայնությունն է տվել «անձամբ հանդիպելու եւ հարցը քննարկելու» առաջարկին։ Առավել ուշագրավ է, թե ՀՅԴ ներկայացուցիչներն ինչպես արձագանքեցին այս բացահայտմանը։ Նախ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը կտրականապես հերքեց, թե Դաշնակցությանը նախապես տեղեկացրել էին այդ հանդիպումների մասին եւ անգամ բացառեց, թե կուսակցությունը կարող էր տեղյակ չլինել իր ղեկավարներից մեկի գործունեության մասին։ Իսկ հանձնախմբի անդամների՝ հակառակի մասին վկայող պնդումները պրն Մանուկյանն այսպես մեկնաբանեց. «Նրանք պարզապես փորձում են արհեստականորեն ընդլայնել նախաձեռնությունը պաշտպանող մարդկանց կամ կազմակերպությունների շրջանակը»։ Այս հերքումների հաջորդ օրն իսկ Դաշնակցությունն ընդունեց, որ տեղեկացված են եղել այդ հանձնախմբի ստեղծման մասին եւ նույնիսկ հանդիպումներ են ունեցել հանձնախմբի որոշ անդամների հետ։ «Կտրականապես» հերքումներից միայն այն մնաց, թե այնուամենայնիվ տեղյակ չեն եղել Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի ստեղծման վերաբերյալ հուլիսի 9-ի պաշտոնական հայտարարությանը նախորդող գաղտնի հանդիպումների մասին։ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական գործավար Կիրո Մանոյանն ընդունել է, որ կուսակցությունը ստացել էր հանդիպելու առաջարկություն, բայց այն «հնարավոր չեղավ», քանի որ նախաձեռնության մասին իրենց չափազանց ուշ էին տեղեկացրել։ Կիրո Մանոյանը նաեւ հայտնել է, որ Դաշնակցությունն այս ընթացքում հանձնախմբում հայկական կողմը ներկայացնող 4 անդամներից ոմանց հետ հանդիպումներ է ունեցել։ Մանրամասներ չի հաղորդել։ Զավեշտն այն է, որ արդեն այս ամենից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դարձյալ հանդես եկավ հերքումով եւ հայտարարեց. «Բանակցությունների սկզբում եւ ընթացքում մենք այդ հարցի մասին տեղյակ չէինք»։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել