Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 18,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տասը տարի առաջ իրականացավ հայ ժողովրդի հազարամյա իղձը՝ նա նվաճեց պետական անկախություն։ Հայոց նորանկախ պետությունն իր գոյության առաջին տարիներին բախվեց աննախադեպ դժվարությունների՝ աղետալի երկրաշարժի չվերացված հետեւանքներ, ղարաբաղյան պատերազմ, հազարավոր փախստականներ, շրջափակում, տնտեսական անկում։ Սակայն մեծագույն զոհողությունների գնով ժողովրդին ու պետությանը հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները եւ ամենակարեւորը՝ փրկել Արցախը Ադրբեջանի ճիրաններից ու նրա համար ապահովել անվտանգ գոյության պայմաններ եւ փաստական անկախություն։ Սակայն այսօր՝ մեզ համար նպաստավոր պայմաններում կնքված զինադադարից յոթ տարի անց, վտանգված են հաղթական պատերազմի արդյունքները։ Ավելին՝ իշխող վարչախմբի ապաշնորհության եւ գավառական նեղմտության պատճառով վարկաբեկվում է պետական անկախության սուրբ գաղափարը։ Երկիրը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ։ Կանգ են առել տնտեսական բարեփոխումները, սեփականաշնորհման անվան տակ վատնվում է ազգային հարստությունը, պետական պաշտոնյաների կոռուպցիայի ու կամայականությունների պատճառով դադարել են ներդրումները, խաթարվել է գործարար կյանքը։ Բնակչության կենսամակարդակն այժմ ավելի ցածր է, քան պատերազմի ծանր տարիներին։ Թշվառության մեջ է հայտնվել գյուղացիությունը։ Կրթությունը, բժշկական տարրական օգնությունը անմատչելի են դարձել ժողովրդի մեծամասնությանը։ Չնչին թոշակներն ու նպաստները չեն բավարարում անգամ հաց գնելուն։ Քայքայվում են քաղաքներն ու գյուղերը, մարդիկ հուսահատ լքում են իրենց հողն ու օջախը եւ հեռանում օտար ափեր։ Վերջին երեք ու կես տարվա ընթացքում ահաբեկչության զոհ են դարձել մոտ երկու տասնյակ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մոլեգնող ահաբեկչության գագաթնակետը եղավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճիրը, որը սասանեց մեր պետության հիմքերը։ Իսկ այժմ վարչախումբը եւ նրան սպասարկող որոշ քաղաքական ուժեր կասկածելի համառությամբ հովանավորում են ոճրագործներին, պղծում զոհերի հիշատակը։ Մենք Հայրենիքի զինվորներ ենք, կռվել ենք հանուն Հայաստանի անկախության, հանուն Արցախի ազատության եւ միշտ էլ իշխանությունից պահանջել ենք ռազմական հաղթանակներին համարժեք քաղաքական լուծում տալ ղարաբաղյան հիմնահարցին։ Սակայն հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացները, որոնք կատարվում են բացարձակ գաղտնիության ու հասարակության կատարյալ անտեղյակության պայմաններում, լավատեսության որեւէ հիմք չեն տալիս։ Երեք ու կես տարի շարունակ, մտածված, թե պատահմամբ, հրահրվում են պարտվողական տրամադրություններ, մարդկանց փորձում են հաշտեցնել Ադրբեջանի հետ ընդհանուր պետության կազմում Ղարաբաղի իբր անկախ կարգավիճակի, Մեղրիի կորստյան, Շուշին ու մերձակա գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու գաղափարների հետ։ Հրապարակ են նետվում ազատագրված տարածքների, «օկուպացման» մասին անհեթեթ պնդումներ։ Վարչախումբն իր ապաշնորհության հետեւանքով եւ ամեն գնով իշխանությունը պահպանելու մոլուցքով տարված՝ մսխել է թանկ գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքները։ Երկիրն այս վիճակին հասցրած վարչախումբը պետք է անհապաղ հեռանա։ «Անկախության Բանակ Հայրենասիրական Միություն» կազմակերպության վարչություն 7 օգոստոսի 2001թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել