«Կյանքդ լեգենդ, երգդ լեգենդ ճշմարիտ» Հնուց անտի լեգենդները հյուսվել են մեծ եւ հզոր երեւույթների շուրջ։ Հանրահայտ է «Լեգենդ դինոզավրի մասին» տեղծագործությունը։ Այժմ մեր ձեռքի տակ է «Իրական լեգենդ Գուսան Համազասպի մասին» երկը։ Հեղինակի՝ Գառնիկ Արսենյանի մասին մեզ միայն հայտնի դարձավ, որ ունի 5 դասարանի կրթություն եւ ողջ կյանքում «ԿռԱԶ»-ի վարորդ է եղել։ Թեեւ նույն զբաղմունքի տեր մարդիկ այժմ գեներալներ են եւ պատասխանատու դիրքեր են զբաղեցնում պաշտպանության նախարարությունում՝ այս մեկին Ապոլոնը տվել է յուր քնարը։ Եվ այն նա ծառայեցրել է մասնավորապես գուսան Համազասպի հաղթական կերպարը գովերգելու սուրբ գործին։ Շատ ջահելներ չունեն նրա ավյունը։ Դեռ ներքեւից վեր է վազում արյունը։ «Իրական լեգենդում» առավել հանգամանալից է ներկայացված 1988-ի ղարաբաղյան շարժման ընթացքում գուսան Համազասպի գործունեությունը, երբ նա Մե՛կ երգում էր, մե՛կ թուրքի որջ էր քանդում, Մե՛կ հարթակում, մե՛կ էլ զենք էր հայթայթում։ Անկեղծ ասած, տեղյակ չէինք, որ գուսանը նաեւ զենքերի հայթայթմանն է առնչություն ունեցել կամ, ինչպես պոեմի մեկ այլ հատվածում է նշվում, «զենքի հարցով» զբաղվել է «անվարան»։ Մեր հարցին ի պատասխան պրն Համազասպը պարզաբանեց. «Առաջին ճակատամարտը հենց ե՛ս եմ տվել՝ Երասխում, Մովսես Գորգիսյանի հետ»։ Աստված գիտե, թե նա ինչեր կատարեց։ Որտեղ նեղյակ՝ Գուսանն է ու օգնություն, Այս գուսանին կարծես չկա հոգնություն։ «Չնկատվեց տառապանքը Գուսանի»,- գրում է Գառնիկ Արսենյանը եւ բանաստեղծորեն նկարագրում այդ տառապանքի բազմազան դրսեւորումները։ Ասենք, Անդրանիկին նվիրված մի միջոցառման կազմակերպումը, երբ գուսանը՝ Ծաղկեփնջեր՝ նարգիզ, մեխակ ու վարդից- Մինչեւ անգամ լավաշ բերիր Եղվարդից։ Զորավարի հոգու համար հաց տվիր, Ով քնած էր՝ արթնացրիր, դաս տվիր։ Որի համար հետո տեսար հալածանք։ Նկարագրված է նաեւ 1987-ին գուսանի այցելությունն Աղդամ, որտեղ ներկայացել էր որպես թուրք Իսկանդար փաշայի որդի, որը եկել է ծառայելու ալլահին։ Այսպես ծպտված տնից-տուն ու գյուղից-գյուղ, Ընդհատակյա գործդ արիր աներկյուղ… Հայի մոտ՝ հայ, թուրքի մոտ՝ թուրք ձեւացար, Մինչեւ որ քեզ պետք եղածը իմացար… Երբ թլպատված չլինելդ իմացան, Դանակ-մկրատ առած իրարով անցան, Այստեղ արդեն քեզ ուրիշ բան չէր մնում, Քան մոլլային մոլորեցնել իր բնում։ Թե ինչպես էր գուսանը հաջողեցրել մոլորեցնել մոլլային՝ բանաստեղծը լռում է։ Բայց չի լռում պրն Համազասպի վրա ծանրացած եւս մի վտանգի մասին։ Չիմանալով, որ թուրքերն էլ քնած չեն, Կհետեւեն՝ մինչեւ որ լավ ճանաչեն։ Եվ չուշացավ, բայց ոչ թուրքը արնախում, Այլ հայադավ Կեւորկովը Արցախում։ Գիշերելու ստույգ տեղդ հաստատեց Գլխատելու հրովարտակ արձակեց։ Ու շատ բարձր գլխագնով արտառոց Գլխատողին ուղարկեցին հյուրանոց։ Այստեղ արդեն գործին խառնվեց Աստվածը Կամ գուցե թե ճակատագիր ասվածը։ Եվ կամ առաջ մի հայորդի շնչահար, Լուրը բերեց ու դարձավ քեզ փրկարար։ Մինչեւ սահման ինքնաշարժեր փոխելով Քեզ հասցրին հայոց հողը ապահով։ Եվս մի օրինակ մեջբերենք նկարագրված բազմաթիվ մեծագործություններից. Այն դու էիր հարյուրավոր տարաբախտ Գաղթածներին սնում շուրջ երկու շաբաթ։ Այս ամենից հետո Գառնիկ Արսենյանը եզրակացնում է. Արկածներով լեցուն է կյանքդ այսպես Լեգենդ չասես, հապա ի՞նչ ասես. Լեգենդներ կան սրանից պարզ ավելի։ Եվ իր հերոսին մի խորհրդով ամփոփում պոեմը. Զգույշ գործի՛ր. մարդ կա՝ չար է, ոխակալ։ Ես իմն ասի. հիմա արդեն դու գիտես։ Մենք էլ մերն ասենք՝ մինչ այս «իրական լեգենդը» կարդալը՝ չգիտեինք, թե ինչ հսկայական դեր ու նշանակություն է ունեցել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գուսան Համազասպը։ Այդ ցավալի բացն այլեւս լրացված է։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ