Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Օգոստոս 18,2001 00:00

«ՍԱԶՆ ԱՌԱՆ ՈՒ ԱՇՈՒՂԻ ՆՄԱՆ ԸՆԿԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԸ» Ասում է Խորեն Սարգսյանը ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանին, ըստ որոշ պնդումների, Հրանտ Ոսկանյանը իբրեւ կաշառք բնակարան էր առաջարկել։ Փոխարենը՝ Խորեն Սարգսյանը պետք է այլեւս չքննադատեր իշխանություններին եւ նախագահին։ Հրանտ Ոսկանյանի ներկայացմամբ, սա հերյուրանք է եւ իրականում Կենտկոմի քարտուղարի առաջարկով է ինքը Թռչունիչի հետ խոսել այս թեմայի շուրջ։ Ինքը՝ Խորեն Սարգսյանը, մեզ հետ զրույցում ահա թե ինչ պատմեց. «Ինձ Հրանտ Ոսկանյանը հրավիրել էր խմբակցություն։ Խոսակցությունը սկսվել է հեռվից, ասվել է, որ կան պատգամավորներ (այսօր ես նրանց անունները չեմ ասի), ովքեր թեպետ քննադատում են իշխանություններին, բայց շատ լավ ապրում են։ Եվ մեկ ուրիշ պատգամավոր՝ Համլետ (որը Գեղամյանի խմբակցությունից է), ասել է, թե Խորեն Թռչունիչը բնակարան չունի, դրա համար է այդպես խոսում։ Հրանտ Ոսկանյանը այս բաները ինձ ասելով շարունակեց. «Ես էսօր գնալու եմ Ռոբերտի մոտ, քո բնակարանի հարցը լուծելու»։ Զրույցին ներկա էր նաեւ Յուրի Մանուկյանը, որն իր հերթին ինձ ասաց. «Ինչի՞ չես գնում Անդրանիկ Մարգարյանի մոտ»։ Ինձ համար դա շատ վիրավորական խոսակցություն էր։ Իրոք, ես շատ ծանր վիճակի մեջ եմ ապրում. երկու սենյակ, 8 անձ։ Վիրավորական էր, որ մարդու ցավոտ տեղը բռնելով փորձում էին դա օգտագործել իրենց նպատակին։ Եվ ուզածներն ի՞նչ էր, որ ես ԱԺ-ում ելույթ չունենամ։ Ես ջղայնացած դուրս եկա՝ դուռը խփելով»։ Խորեն Թռչունիչին հիշեցրինք, որ, ըստ Հրանտ Ոսկանյանի, խոսակցությունը տեղի է ունեցել Կենտկոմի քարտուղարի ցուցմունքով։ Թռչունիչի ասելով. «Եթե դա Կենտկոմի ցուցմունքով էր, ես էլ Կենտկոմի անդամ քարտուղար եմ, մեկնումեկն ինձ կասեր՝ Թռչունիչ, այսպիսի բան ենք մտածել, համաձա՞յն ես, թե՞ չէ։ Կամ՝ Հրանտ Ոսկանյանը գիտեր, որ իմ լեզվին արգելք չեմ դնելու եւ ինչ-որ մի տեղ հայտարարելու եմ սա։ Նա կարող էր ինձ ասել՝ ընկեր Սարգսյան, Կենտկոմի հանձնարարությունն եմ ես կատարում»։ Խորեն Թռչունիչն ասաց, որ ինքը երբեք չի տրտնջացել իր խնդիրներով եւ ասաց, որ ինքը կսկսի մինչեւ «այս երկիրը երկիր դառնա։ Իսկ այս երկիրը երկիր կդառնա, եթե միանա Ռուսաստան-Բելառուսին, սոցիալիզմը կվերադառնա, այդ ժամանակ էլ կլուծվի Խորեն Թռչունիչի բնակարանի հարցը»։ Ի վերջո, արդյո՞ք այդքան մեծ մեղք էին գործել Յուրի Մանուկյանը եւ Հրանտ Ոսկանյանը Կոմկուսի առաջ, որ կուսակցությունն այդքան խիստ դատապարտեց նրանց։ Կենտկոմի քարտուղար Խ. Սարգսյանի կարծիքով, երկար տարիների աշխատանքային փորձ ունեցողները ունեն նաեւ «բանսարկության փորձ։ Յու. Մանուկյանը մինչեւ 2000թ. մայիսը ազնվորեն ծառայում էր կուսակցությանը։ Պատահել է, որ ես ԱԺ-ում Մանուկյանին ասել եմ, թե այսինչ հարցով լավ կլիներ ինքը խոսեր։ Նա չի ուզել, ասելով՝ թե ինքը միտինգային մարդ է։ Եվ էդ «միտինգային» մարդը մի օրվա մեջ ո՞նց շուռ եկավ եւ ոչ միտինգային դարձավ։ Հակաիշխանական քարոզչություն տանող մարդը միանգամից դարձավ իշխանություն, սազն առավ ու աշուղի նման ընկավ Քոչարյանի դեմը եւ գովաբանեց Քոչարյանին։ Յու. Մանուկյանին վերափոխելու մանկավարժը Հրանտ Ոսկանյանն էր։ Զգուշությամբ, ինքը մնալով ստվերում, սրան կամաց-կամաց առաջ բերեց»։ Իսկ Հ. Ոսկանյանին ի՞նչը կարող էր դրդել. «Ոսկանյանը 90-98թթ. կուսակցության կողքին չէր եղել, ծանր օրերին ոչ մի կոմունիստ չի հավաքագրել եւ դեռ այն ժամանակ նա Սարդարապատում փորձում էր համոզել, որ Կոմկուսը նախագահական ընտրություններում պաշտպանի Ռ. Քոչարյանի թեկնածությունը, այն դեպքում, երբ Սերգեյ Բադալյանի թեկնածությունը կար դրված»։ Ըստ Խորեն Սարգսյանի, Հրանտ Ոսկանյանը վաղուց է կատարում իշխանությունների պատվերը։ Թռչունիչը ցավում է, որ Հ. Ոսկանյանը այդպես է վարվում. «Մարդ չար չպետք է լինի այն կուսակցության նկատմամբ, որն իրեն բարձրացրեց, արդեն մոտ 10 տարի ինքը գոյություն չուներ, դարձրեց պատգամավոր, բյուրոյի անդամ, խմբակցության ղեկավար։ Լավ, ուրիշ ի՞նչ էր ուզում Ոսկանյանը»։ Խորեն Սարգսյանի համար պարզ է, որ նախագահի եւ վարչապետի «ամեն մի չարչարանքը զրոյի հավասարվեց։ Նրանք ցանկանում էին Հ. Ոսկանյանին տեսնել Կենտկոմի առաջին քարտուղար»։ Թռչունիչը փաստեց, որ հանրապետության ղեկավարներն ընդհուպ շարքային կոմունիստներին փորձել են համոզել, որ Կենտկոմի քարտուղարի ընտրությունների ժամանակ Ոսկանյանին ընտրեն։ Այսպիսով, հանրապետության ղեկավարությունը Կոմկուսը կունենար իր գրպանում։ Դա չեղավ, բայց, ըստ Թռչունիչի, Ոսկանյանը եւ Մանուկյանը «խոստում են տվել հանրապետության նախագահին եւ մեծ խոստում են տվել։ Դրա դիմաց ի՞նչ են ստացել՝ չգիտեմ, բայց հաստատ խոստում տվել են»։ Հրանտ Ոսկանյանը եւ Յուրի Մանուկյանը իրենց վերջին ելույթներում պնդում են, որ երկրում պետք է պահպանվի կայունությունը։ «Ո՞ր կայունության մասին է խոսքը»,- հարցնում է Խորեն Սարգսյանը։ Նրա գնահատմամբ. «Կայունությունը պահպանողը ժողովուրդը չէ, պահպանողը նախագահն է կառավարության հետ միասին։ Եթե նրանք չեն պահպանում կայունությունը, մեղքը ո՞ւմ վրա ես բարդում»։ Կոմկուսը մեղադրվում է նաեւ նրանում, որ բանակցություններ է վարում Աշոտ Մանուչարյանի հետ։ Թռչունիչը հայտարարեց, որ Աշոտ Մանուչարյանի հետ Կոմկուսը չի բանակցել եւ չի բանակցում։ Բայց չհերքեց, որ որոշ հարցեր քննարկելու համար հանդիպել են նրան։ Մեր դիտարկմամբ Յու. Մանուկյանի եւ Հ. Ոսկանյանի կազմակերպած ակտիվի հավաքները բազմամարդ են լինում, ուրեմն կուսակցության ներսում, այնուամենայնիվ, խմորումներ կան։ Խորեն Սարգսյանի ասելով, Կինոյի տանը հավաքվածների ճնշող մեծամասնությունը կոմունիստներ չեն։ «Նրանք նպատակ ունեին դահլիճում հավաքել պլենումի անդամներին, տեսան՝ չի ստացվում, մեծ-մեծ խոսելը թողեցին եւ սկսեցին ասել, թե չեն ուզում կուսակցությունը պառակտել։ Ոչ, եթե կարողանային, կպառակտեին։ Եթե մի փոքր հնարավորություն ունենային, նրանց էլ սրբություն չկա»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել