ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԽԹԱՆ ԿԴԱՌՆԱ՞ Հայաստանի ներքաղաքական դաշտում այսօր հարաբերական անդորր է տիրում: Բացառությամբ ԱԺՄ-ում եւ Հայկոմկուսում տեղի ունեցող ներկուսակցական խմորումների, մեծ հաշվով քաղաքական դաշտում, թվում է, էական տեղաշարժեր չկան եւ քաղաքական թեժ աշնան նախադրյալներն էլ այնքան ակնհայտ չեն, որքան մեկ-երկու ամիս առաջ ակնկալվում էր: Մինչեւ վերջերս խոսք էր գնում ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցրած մի քանի արմատական ուժերի միավորման մասին: Այսօր այդ մասին շրջանառվող տեղեկություններն ավելի զգուշավոր եւ պասիվ են: Ըստ որոշ տեղեկությունների, ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր միավորման գործընթացը հանկարծ պասիվացել ու դանդաղել է: Մեր աղբյուրների բնորոշմամբ, դրան իր դիրքորոշմամբ հիմնականում, մեղմ ասած, նպաստում է ՀԺԿ-ն, որը նախընտրում է ընդդիմադիր՝ «Հանրապետություն» կուսակցություն, Ազգային համաձայնության ճակատ, Կոմկուս, «Ազգային միաբանություն» ուժերի ալյանսի ձեւավորման մասին հապշտապ հայտարարություններ չանել: Իսկ մինչ այդ մի քանի հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ, նաեւ անհատներ Ազգային համաձայնություն ճակատի նախաձեռնությամբ շատ կոնկրետ գործ են ձեռնարկել: Մայրաքաղաք Երեւանում, նաեւ մարզերում ակտիվ ստորագրահավաք է սկսվել: «Հայաստանի ներկայիս իշխանությունները ՀՀ նախագահի անմիջական ղեկավարությամբ վարում են երկիրը կործանող արտաքին եւ ներքին քաղաքականություն, ուղղակի եւ անուղղակի ճանապարհներով ու միջոցներով խրախուսում արտագաղթը, քայքայում ժողովրդի ներաշխարհն ու այն հասցնում բացահայտ բարոյալքման: Հիմք ընդունելով Սահմանադրության 2-րդ հոդվածը հայտնում ենք մեր անվստահությունը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»: Այս նախաբանով նախագահ Քոչարյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ արդեն ստորագրություններ են հավաքվել: Ստորագրահավաքը շարունակվում է: Սակայն նախաձեռնողները միայն սրանով չեն սահմանափակվելու: Ստորագրահավաքի ամփոփումից հետո վերջիններս մտադիր են դրա հիման վրա ժողովրդին քաղաքացիական անհնազանդության կոչ անել՝ վերջնական նպատակ ունենալով Ազգային ժողովում նույն այդ ժողովրդի ընտրյալների միջոցով նախագահ Քոչարյանին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթաց սկսել: Մեր տեղեկությունների համաձայն, այդ նախաձեռնությանը մասնակցում են նաեւ ՀԺԿ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը: Թե ի՞նչ արդյունք կարձանագրի այդ նախաձեռնությունը զուտ իշխանափոխության համար համապատասխան մթնոլորտ ապահովելու իմաստով՝ դժվար է միանշանակ ասել: Բայց, որ այն հասարակության շրջանում գոնե սպորտային հետաքրքրություն եւ ակտիվություն կարող է առաջացնել՝ անվիճելի է: Սակայն, չենք կարծում, թե ընդդիմության խնդիրը իրականում սրանով էլ սահմանափակվում է: Այսօր, փաստորեն, քաղաքական ընդդիմադիր եւ իշխանամետ դաշտերը հստակեցված են եւ մնում է միայն, որ ընդդիմություն համարվող ուժերը այդ բնորոշմանը համարժեք գործունեություն ծավալեն: Մինչդեռ դիտորդներից ոմանք հոռետես են արմատական ընդդիմության միավորման մասին հավաստիացումների հարցում: Նրանց կարծիքով դրա ձգձգումը հիմք է տալիս կարծելու, որ իրականում ընդդիմադիր ալյանսի ձեւավորումն ընդհանրապես կարող է հօդս ցնդել: Այդ դեպքում թեժ աշնան մասին խոսք լինել, իհարկե, չի կարող: Ցավոք, այսօր դրա նախապայմաններն առկա են: Բանն այն է, որ այսօր ընդդիմության դաշտում հայտնված ուժերից ոչ մեկը մինչ այս ընդդիմադիր դաշտում գործելու փորձառություն չունի եւ, թերեւս, չի էլ պատկերացնում ընդդիմադիր ուժերի գործառույթները: Տպավորություն է ստեղծվում, թե մասնավորապես ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը» սպասում են ընդդիմադիր գործունեության համար հարմար առիթի կամ ավելի հարմար պահի, նախագահի որեւէ անզգույշ հայտարարության՝ դրան արձագանքելու եւ ընդդիմադիր կեցվածքն ընդամենն այդպես ցուցադրելու համար: Փոխարենը իշխանությունն է այսօր ակտիվ գործունեություն ծավալել: Ամեն դեպքում նրա աներեւույթ մասնակցությամբ է, որ մասնատվում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ դանդաղում է «Հանրապետություն» կուսակցության, Ազգային համաձայնություն դաշինքի եւ ՀԺԿ-ի, ԱԺԴ-ի միավորման գործընթացը: Ինչեւէ: Ամեն դեպքում ԱՀՃ-ում հույս ունեն, որ նախագահ Քոչարյանին անվստահություն հայտնելու նպատակով նախաձեռնած ստորագրահավաքը կարող է խթան հանդիսանալ ընդդիմության ակտիվացման, նրանց հնարավոր միավորման եւ, ընդհանրապես, քաղաքական ակտիվ աշուն ապահովելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ