Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Օգոստոս 17,2001 00:00

ԱՌԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ըստ «Առավոտի» տեղեկությունների, բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանը դեռեւս քննություններից առաջ հրավիրվել էր ՆԳՆ 6-րդ վարչություն։ Պատճառը քաղաքում տարածված այն լուրերն են եղել, որ հաշվիչ կենտրոնում 100 դոլարով քննության օրեր են փոխում, այսինքն՝ քննությունը նշանակում են դիմորդի ցանկացած օրը։ Նման խոսակցություններ հաշվիչ կենտրոնի անվան հետ կապված ամեն տարի էլ լինում են։ Հաշվիչ կենտրոնի ղեկավարի տեղակալ Հասմիկ Գրիգորյանը մեր հեռախոսազրույցի ժամանակ նկատեց, որ նման խոսակցություններ իրենց եւս հասնում են։ Սակայն հավաստիացրեց, որ իրենք քննությունների օրը փոխում են միայն կանոնակարգով նախատեսվող դեպքերում, երբ, ասենք, երեխան հիվանդ է կամ այլ հարգելի պատճառով չի կարող քննությանը մասնակցել։ Հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռ. Թոփչյանին երեկ այդպես էլ չհաջողվեց գտնել։ Վերջինիս ձեռքի հեռախոսը, ինչպես պարզաբանեցին, անծանոթ հեռախոսահամարներին չի պատասխանում, իսկ հաշվիչ կենտրոնում էլ անընդհատ ասում էին, որ տեղում չէ։ ՆԳՆ Լրատվության վարչությունը, ի պատասխան մեր հարցմանը ճշտեց, որ հաշվիչ կենտրոնի ղեկավարը 6-րդ վարչություն չի հրավիրվել։ Փաստորեն, այս ընդունելության քննություններն անցան առանց քրեական պատմությունների։ Նույնիսկ որպես քավության նոխազ մի անթիկունք հանձնաժողովի նախագահ կամ անդամ էլ չձերբակալվեց, որ գոնե արդարացվեր իմիտացիան, թե քննությունները խստորեն վերահսկվում են պատկան ատյանների կողմից։ ԿԳ նախարարի կարծիքով, քննասենյակներում լիազոր ներկայացուցիչների եւ դիտորդների ներկայությունն ապահովում է օբյեկտիվություն, ինչը, ըստ նրա, չի կարելի ասել աշխատանքների ստուգման գործընթացի մասին։ Սակայն միամիտ պետք է լինել հավատալու համար, թե լիազոր ներկայացուցիչների ինստիտուտն իբրեւ թե ապահովում է օբյեկտիվություն։ «Հատուկ» դիմորդներին հուշելու ավանդույթին եւ մյուս օրինախախտումներին լիազորները հիմնականում ոչ միջամտում են, ոչ էլ այդ մասին տեղյակ են պահում քննության գլխավոր կազմակերպիչներին։ Քննություններում ներգրավված բոլոր կողմերն էլ իրենց շահն ունեն եւ չեն ուզում որեւէ մեկի հետ հարաբերություններ փչացնել, այդ թվում՝ քննությունները վերահսկող ուժերը։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել