ՄԱՐԴԱՏԱ՞Ր, ԹԵ՞ ԲԵՌՆԱՏԱՐ Արդեն սովորական է դարձել կանգնած կամ «պպզած» երթեւեկելը երթուղային տաքսիներում։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանն ասաց, որ ոչ մի որոշում չկա, թե երթուղային տաքսիները ինչ բեռնվածությամբ իրավունք ունեն աշխատել։ «Երբ գործարանը արտադրում է ավտոբուս, միկրոավտոբուս կամ երթուղային տաքսի, արդեն նշում է, թե որն է գերբեռնվածության աստիճանը։ Փաստացի միկրոավտոբուսները իրավունք ունեն ուղեւոր փոխադրել համաձայն նստելատեղերի քանակի»,- ասաց Ա. Բարսեղյանը։ Սակայն ակնհայտ է, որ ուղեւորների քանակը համապատասխան չէ նստելատեղերի քանակին։ Բոլորս էլ կանգնեցնում ենք առանց այդ էլ բեռնված երթուղային տաքսին, քանի որ մինչ այդ արդեն մի քանիսը բաց ենք թողել՝ հուսալով, թե հաջորդով բախտ կվիճակվի քիչ թե շատ ազատ երթեւեկել։ Սակայն, երբ համոզվում ես, որ սպասումներդ անիմաստ են, հարկադրված ես մարմինդ ծռմռելով հարմարեցնել «մարշրուտկային»: Վերջերս որոշ երթուղային տաքսիներ նստելատեղերը լրանալուց հետո ոչ մի ուղեւոր չեն վերցնում, իսկ մի մասը շարունակում է գերբեռնված երթեւեկել։ Ա. Բարսեղյանն ասաց, որ այս խնդրին պետավտոտեսչությունը տվել է իր լուծումը։ Նրանք տուգանում են գերբեռնված երթուղային տաքսիների վարորդներին։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ