ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏԸ ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 12-Ն Է Վաղը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի կունենա «Երկրորդ համահայկական խաղերի» հանդիսավոր բացումը։ Աշխարհի շուրջ 95 քաղաքներից ժամանած մոտ երեք հազար մասնակիցներ ութ օր պայքար կմղեն 9 մարզաձեւերում (ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, ատլետիկա, շախմատ, լող) հաղթողներին ու մրցանակակիրներին որոշելու համար։ Իսկ մինչ այդ, Համահայկական խաղերի կազմկոմիտեն վերջին օրերին զբաղված է նախապատրաստական աշխատանքների ամփոփումով։ Ամենօրյա շտաբի նիստերում քննարկվում են Խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող բոլոր հարցերը, տրվում վերջին հանձնարարականները։ Մարզական այս համալիր միջոցառման հաջողությունն, անշուշտ, կախված է նրանից, թե մարզաբազաները որքանով պատրաստ կլինեն մասնակիցներին, հյուրերին ու մարզասերներին դիմավորելու։ Ուստի հատկապես վերջին շաբաթում կազմկոմիտեն հաճախակի է լինում մրցավայրերում, անմիջականորեն ծանոթանում գործերի ընթացքին։ Երեկ կազմկոմիտեի նախագահ, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը մի քանի պատասխանատու անձանց եւ տողերիս հեղինակի հետ հերթական շրջայցն անցկացրեց մայրաքաղաքի համապատասխան մարզաբազաներ։ «Դինամո» մարզադահլիճում դեռ նախորդ խաղերի նախապատրաստության փուլում մեծ ծավալի նորոգման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ Այնպես որ, ներկայումս էլ այս մարզաբազան լիովին պատրաստ է պատշաճ մակարդակով ընդունելու բոլորին։ Որոշ չափով մտահոգող էր «Դինամոյի» շրջակա տարածքի բարեկարգման, մասնավորապես, դահլիճի շենքի անմիջական հարեւանությամբ գործող տոնավաճառի թեկուզեւ ժամանակավորապես կասեցումը, արտաքին լուսավորությունը կարգավորելը, որը պետք է իրականացնի քաղաքապետարանը։ «Դինամոյից» բացի, բասկետբոլիստներին ընդունելու է նաեւ ՖԻՄԱ-ի մանեժը, որտեղ նույնպես բավականաչափ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել։ Այնպես որ, Խաղերի օրերին այստեղ նույնպես ամեն բան կարգին կլինի։ Գոհացնող էին նաեւ թենիսի «Արարատ» ակումբի, Թենիսի մարզադպրոցի համալիրի եւ «Կիլիկիա» մարզասրահի պայմանները, որտեղ մրցելու են թենիսիստ-թենիսիստուհիներն ու վոլեյբոլի մրցաշարի մասնակիցները։ Միակ բազան, որ երեկվա դրությամբ կարող է խնդիրներ առաջացնել, Երեւանի պետհամալսարանի մարզադահլիճն է, որն, արդեն միանշանակ կարելի է ասել, չի հասցնի պատշաճ տեսքով ներկայանալ մինի ֆուտբոլի մասնակիցներին։ Դրա գլխավոր «մեղավորը» ընդունելության քննություններն էին, որոնք ավարտվեցին օգոստոսի 15-ին միայն։ Երեկ մեր այցելության ժամանակ քննասեղանները նոր էին դուրս բերվում դահլիճից։ Դեռ հարկավոր էր մաքրություն ապահովել, թարմացնել նշագծումները, դահլիճը նախապատրաստել մրցումներին։ Այստեղ արդեն իսկ ավելորդ է խոսել թեկուզեւ նորոգման կամ կոսմետիկ աշխատանքների մասին՝ ժամանակ այլեւս չկա։ Ճիշտ է, բուհի տնօրինությունը հասցրել է նախասրահում երկու ցնցուղարան կառուցել («Եվրո» ոճի), սակայն դրանք «չեն խոսում» հանդերձարանների հետ, որոնք գտնվում են հարեւան մասնաշենքում ու տարիներ շարունակ շինարարի ձեռք չեն տեսել։ Այս խնդրին նախարարը խոստացավ անդրադառնալ երեկ երեկոյան կայանալիք կազմկոմիտեի նիստում ու քննարկել, թե ինչ կարելի է շտապ ձեռնարկել իրավիճակը ինչ-որ կերպ մեղմելու համար։ Ու մեր զրույցի ժամանակ ասաց հետեւյալը. «Այսօրվա ստուգայցը ցույց տվեց, որ մարդիկ ցանկանում են ապահովել Խաղերի անցկացման բարձր մակարդակ։ Բայց կա նաեւ հնարավորությունների խնդիր, որը թույլ չի տալիս ցանկություններն իրականացնել խիստ սահմանափակ ժամկետներում։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր վիճակին, ինքներդ տեսաք, թե ինչպես Կանադայից ժամանած բասկետբոլիստները զարմացած ու հիացած էին «Դինամո» մարզադահլիճով։ Մեր հյուրերը նույնպիսի զգացում կունենան նաեւ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում։ Կարող ենք արձանագրել, որ մրցավայրերն ընդհանուր առմամբ պատրաստ են Խաղերին։ Ճիշտ է, կան մանր-մունր անելիքներ, սակայն դրանք էլ օրակարգից դուրս կգան այսօր-վաղը»։ – Իսկ պետհամալսարանո՞ւմ մեր տեսածը։ – Գլխավոր խնդիրը հանդերձարաններն են։ Պիտի փորձենք դրանցում մի թեթեւ կոսմետիկ աշխատանքներ կատարել, որպեսզի դրանցից օգտվողները չզզվեն։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ