Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ Ադրբեջանում, եւ Հայաստանում կան առողջ ուժեր, որոնք ընդունակ են կարգավորել ղարաբաղյան հակամարտությ

Օգոստոս 17,2001 00:00

Ինչ ենք թողնում մեր զավակներին Եվ Ադրբեջանում, եւ Հայաստանում կան առողջ ուժեր, որոնք ընդունակ են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Ադրբեջանական հասարակությունում արմատավորվում է այն համոզմունքը, որ չկա որեւէ հնարավորություն խաղաղ ճանապարհով ազատագրել հանրապետության՝ հայկական զինված ուժերի կողմից օկուպացված շրջանները եւ իրենց տներ վերադարձնել դիմակայության տարածաշրջանից գրեթե 700 հազար հարկադիր վերաբնակների: Այդ մարդիկ, արդեն իններորդ տարին ապրելով վրանային ճամբարներում, չեն հավատում հայրենի օջախներ շուտափույթ վերադառնալու մասին նախագահ Հեյդար Ալիեւի լավատեսական հավաստումներին: Ազգային նվաստացման եւ խաղաղ կարգավորման հույսերի կրախի մթնոլորտում ադրբեջանական հասարակության մեջ ամրապնդվում եւ ամենուրեք աջակցություն է գտնում «ագրեսորից հայրենիքի ազատագրման համար հաղթական պատերազմին» նախապատրաստվելու նպատակով ազգային համախմբման գաղափարը: Իշխանություններն իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների, ինչպես նաեւ «անկախ քաղաքագետների»՝ նախագահի աշխատակազմի նախկին աշխատակիցների, միջոցով ծավալել են աղմկալի քարոզարշավ, որը կոչված է հիմնավորելու ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտությունը: Այդ իրավիճակում ս.թ. հուլիսի 27-ին «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակվել է Դավիթ Շահնազարյանի հոդվածը, որում հեղինակը մասնավորապես գրում է. «Այսօր թե Հայաստանում, թե Ադրբեջանում իշխանությունների պատվերով էլ ավելի ակտիվորեն է ծավալվում այսպես կոչված «հայրենասիրական» քարոզչությունը: Հայաստանի ներկայիս վարչակազմը վերահսկելի ԶԼՄ-ների, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների միջոցով բարձրացրել է նոր տարածքային պահանջների, հարցի ռազմական լուծման, Ադրբեջանին կապիտուլյացիա հարկադրելու թեմա: Հաշտության համաձայնագրի ձգտող իշխանությունը չի չարաշահում նման քարոզչությունը»: Հոդվածը շատ աղմկալի արձագանք գտավ Ադրբեջանում, ունեցավ շոշափելի սթափեցնող ներգործություն: Այս առնչությամբ նշեմ, որ հայ քաղաքագետի կամ լրագրողի ցանկացած ելույթ ռուսական մամուլում վերջին 13 տարվա ընթացքում ադրբեջանցու մեջ առաջացնում էր միայն մի ցանկություն. առարկել կամ հերքել: Իմ հայրենակիցներն օգտագործել են ռուսական ԶԼՄ-ներում հայ ընդդիմախոսներին պատասխանելու բոլոր հնարավորությունները: Բայց ահա առաջին անգամ այլ կերպ է ստացվում՝ ես ուզում եմ աջակցության եւ ըմբռնման ձեռք մեկնել Դավիթ Շահնազարյանին եւ շնորհակալություն հայտնել «Նեզավիսիմայա գազետա»-ին հեղինակավոր թերթի էջերում նրան հնարավորություն տալու համար արտահայտելու այն մտքերը, որոնք վաղուց ի վեր համակել են նաեւ ինձ: Կարծում եմ, որ ոչ լեգիտիմ համարվող երկու նախագահների բանակցությունները չեն կարող հանգեցնել վաղեմի դիմակայության կարգավորմանը: Ստեղծված իրավիճակը նպաստում է իրենց սեփական իշխանության պահպանմանը: Ավելին, Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին հաջողվել է միջազգային հանրակցության եւ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների մոտ ստեղծել տպավորություն, իբր երկու խաղաղարար նախագահներին խանգարում է համաձայնագիր կնքել փոխզիջումներին անպատրաստ երկու երկրների հասարակությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները լի են հոդվածներով այն մասին, որ Երեւանում ընդդիմությունը ծարավ է Ադրբեջանի հետ պատերազմի, եւ միայն խաղաղարար Քոչարյանն է Հայաստանին զերծ պահում մարտական գործողությունների վերսկսումից: Իր հերթին Ադրբեջանում թափ է առնում քարոզարշավ, որը միտված է հիմնավորել «Ղարաբաղը ետ վերցնելու անհրաժեշտությունը»: Իրենց երկրներում, ի դեմս ընդդիմության ստեղծելով ավտոմատ թափահարվող խրտվիլակ (ցավոք, թե մեզանում եւ թե Հայաստանում մշտապես գտնվում են պոպուլիստ քաղաքագետներ, որոնք պատրաստ են նման դերակատարության), Քոչարյանը եւ Ալիեւը ճարպկորեն ձեռնածում են բանակցային գործընթացը: Ելնելով Բաքվում եւ Երեւանում խաղաղարար նախագահներին այլընտրանք չլինելու մասին կեղծ պատկերացումից, Վաշինգթոնն անցյալ տարվանից փորձում է արագացնել հաշտության բանակցությունների գործընթացը: Արդյունքը, ստացվում է ճիշտ հակառակը, ինչի մասին է վկայում ռազմամոլական քարոզչության աննախադեպ ալիքը: Շահնազարյանի հոդվածում հանգամանալից ասված է նախագահ Քոչարյանի դիրքորոշման մասին, որը հաշտության բանակցությունները փակուղի է մտցրել հակամարտության կարգավորման՝ այսպես կոչված, «փաթեթային» համաձայնագրի կնքման պահանջով: Իր հերթին, կոռուպցիայի եւ կլանային շահերի վրա հիմնված Հեյդար Ալիեւի ոստիկանական վարչակարգը չի կարող վստահություն առաջացնել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքում: Բոլոր տեսակի նենգափոխող ընտրությունները, տնտեսական նախաձեռնությունը եւ մարդու իրավունքները ճնշող Ալիեւի վարչակարգը միտված են Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության դեմ: Սպառվում է հակամարտության խաղաղ կարգավորման համար պատմության կողմից տրված ժամանակի լիմիտը: Միեւնույն ժամանակ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակական կյանքում, հասարակական հոգեբանության մեջ սկսվում են անշրջելի գործընթացներ: Աճում է սերունդ, որի համար հայը (ադրբեջանցին) զուգակցվում է թշնամու կերպարի հետ: Անթույլատրելի է այդ ատելությունը եւ դրա անխուսափելի հետեւանքները թողնել մեր երեխաներին: Մեր երկրներից աշխատանքային արտագաղթն այսօր հասնում է չափահաս բնակչության գրեթե կեսին: Մարդիկ փախչում են ավտորիտար վարչակարգերից: Մեր տաղանդավոր եւ նախաձեռնող հայրենակիցները ստեղծել են բազմաթիվ հարուստ եւ ազդեցիկ համայնքներ նախկին Միության տարածքներում, ընդ որում մեծավ մասամբ ադրբեջանցիները եւ հայերը տարագրության մեջ համագործակցում են: Հարկադրված լինելով լքել հայրենիքը, այդ մարդիկ չեն դադարում մնալ նրա զավակները: Այն նյութական, մասնագիտական եւ քաղաքական կապիտալը, որը նրանք կուտակել են այս տարիների ընթացքում Կովկասի սահմաններից դուրս, վաղն անպայման կպահանջվի տանը: Մենք աշխատանք ենք տանում նաեւ այդ ուղղությամբ: Ինչպես ցույց են տվել երկու երկրների կոնֆլիկտաբանների, փիլիսոփաների, սոցիոլոգների եւ քաղաքագետների՝ հուլիսի վերջին Ծաղկաձորում (Հայաստան) անցկացված հանդիպումը եւ դրա մասնակիցների ԶԼՄ-ներում հետեւած ելույթները, Հայաստանում եւ Ադրբեջանում կան պրագմատիկ պրոֆեսիոնալներ, փորձագետներ եւ քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են ուս ուսի տված աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասում կայունության հասնելու համար: Հետեւելով Դավիթ Շահնազարյանին, կրկնում եմ. «Ամենաիրատեսական մոտեցումը փուլային կարգավորումն է, փոքր ու մեծ, երբեմն ասիմետրիկ քայլերով: Նման մոտեցումը կստեղծի նաեւ վստահության տարրեր, կթուլացնի լարվածությունը եւ, որ շատ կարեւոր է, կտրուկ կնվազեցնի մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը»: Կովկասցինե՛ր: Ադրբեջանցինե՛ր, հայե՛ր, վրացինե՛ր, աբխազնե՛ր: Մենք դառնում ենք Կովկասում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի պատանդները: Միայն ինքնուրույն հաղթահարելով ներքին հակամարտությունները եւ միասնական ճակատով հանդես գալով միջազգային ասպարեզում, մենք կկարողանանք մեր երեխաներին ապահովել հաստատուն խաղաղություն՝ բարգավաճող տանը: Եվ ես, եւ Դավիթ Շահնազարյանը բարոյական իրավունք ունենք խոսելու ցավոտ հարցի մասին: 1992-1993թթ. ակտիվ մարտական գործողությունների ժամանակաշրջանում ես գլխավորել եմ Ադրբեջանի պաշտպանության նախարարության Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: Դավիթ Շահնազարյանն այդ նույն տարիներին ղեկավարել է Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը: Մենք ավելի լավ, քան շատ ուրիշները, գիտենք պատերազմի իսկական դեմքը: ԼԵՅԼԱ ՅՈՒՆՈՒՍ Թարգմ. ռուսերենից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել