Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն վաղը կմեկնարկեն 2-րդ համահայկական խաղերը։ Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են 1-ին համահայկական

Օգոստոս 17,2001 00:00

ԽԱՂԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Արդեն վաղը կմեկնարկեն 2-րդ համահայկական խաղերը։ Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են 1-ին համահայկական խաղերը, այն բացթողումներն ու թերությունները, որոնցով լի էր իր տեսակի մեջ առաջին այդ միջոցառումը։ Միեւնույն ժամանակ անկարելի է մոռանալ նաեւ բազմաթիվ հուզումնալից պահերը, որոնցով լի էր աշխարհի տարբեր ծագերից մայր հայրենիքում հավաքված հայերի օլիմպիական առօրյան։ Այս տարի սպասվում է մարզիկների ավելի մեծ հոսք. նախորդ Խաղերի 60-ի փոխարեն, այս անգամ աշխարհի 90 քաղաքներից Հայաստան կժամանի մոտ 5000 մարզիկ։ Ամեն ձեռնարկման սկիզբը վճռորոշ է ու այդ առումով, բնականաբար, կարեւորվում է նաեւ Երկրորդ համահայկական խաղերի բացման արարողությունը, որի գլխավոր բեմադրիչը այս կարգի մեծածավալ միջոցառումներ ներկայացնելու հանրապետությունում, թերեւս, լավագույն մասնագետ Հրաչյա Աշուղյանն է։ Տնօրենը՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն է։ Պարոն Աշուղյանի ղեկավարությամբ միջոցառումը շքեղ իրականություն դարձնելու վրա աշխատում է մոտ 20 հոգիանոց խումբ, որոնցից յուրաքանչյուրի համար հստակ ընդգծված են իրավունքների եւ պատասխանատվությունների սահմանները։ Աշխատանքային խմբի առօրյան ավելի քան ծանրաբեռնված է, եւ մենք պարոն Աշուղյանին ու պրն Գեւորգյանին հանդիպեցինք նման եռուզեռի մեջ։ – Օլիմպիական խաղերին ցանկացած երկիր նախապատրաստվում է 7 տարի։ Ես երազում եմ այն օրը, երբ Համահայկական գուցե 3-րդ, գուցե 4-րդ խաղերին մենք կարողանանք գոնե յոթ շաբաթ նորմալ աշխատանքային պայմաններ ունենալ։ Մենք աշխատում ենք ընդամենը երկու շաբաթ,- ասաց պրն Աշուղյանը եւ հավելեց,- մնացել է մեկ-երկու օր, եւ շատ լարված ենք։ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը մեզ ընդամենը երկու օր տրամադրեց փորձերի համար։ Վախենում են, որ կանաչը կփչանա։ Շնորհակալ ենք գոնե «Հրազդանի» տնօրինությանը, որտեղ երեք փորձ ենք արել արդեն։ Մենք ամեն ինչ անում ենք ռեկորդային կարճ ժամանակահատվածում։ Ամբողջ տարին խոսեցինք-խոսեցինք, նոր վերջին 15 օրում սկսեցինք աշխատել այս հսկայածավալ թատերական ներկայացման վրա։ – Պարոն Աշուղյան, իսկ մի՞թե տեղյակ չէիք, որ ձեր խումբն է կազմակերպելու Խաղերի բացման միջոցառումը։ Ինչո՞ւ ավելի վաղ չէիք սկսում աշխատանքները։ – Իհարկե, տեղյակ էինք։ Եվ ինչ մեզանից էր կախված, ամիսներ առաջ պատրաստ էր՝ սցենար, պարտիտուր, էսքիզներ եւ այլն։ Բայց մինչ այդ ոչ մի կոպեկ ֆինանսավորում չկար։ 15 օր առաջ բացվեց ֆինանսավորումը, որը, պիտի խոստովանենք, շատ սուղ էր։ Եվ եթե չլիներ մեր տնօրենն ու պրոդյուսերը՝ Գեւորգ Գեւորգյանը, գլխավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը, անվանի բալետմեյստեր Վանուշ Խանամիրյանը, Պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանը եւ մեր աշխատանքային ողջ էնտուզիաստ խումբը, մենք այս ամենը չէինք կարող անել։ – Մի՞թե պետբյուջեում նախատեսված չէր Խաղերի բացման համար անհրաժեշտ գումարը: Այս հարցիս պատասխանեց տնօրեն Գ. Գեւորգյանը. – Պետբյուջեում որեւէ լումա կոնկրետ այս նպատակի համար նախատեսված չէր, բայց ֆինանսավորում հատկացրեց մշակույթի նախարարությունը (ի դեպ, Ռոլանդ Շառոյանը Խաղերի կազմկոմիտեի նախագահն է- Մ.Բ.), ընդամենը 50 մլն դրամ։ Այդ գումարը վերցվել է ֆիլմարտադրության համար նախատեսված միջոցներից։ Հույս ունենք, որ հետագայում կլրացվի։ Այս խոսքերին իր հավելումն ուներ Հրաչյա Աշուղյանը. – Շատ ցավալի է, որ գեղագիտական առումով շատ անճաշակ, չեմ վախենա ասել՝ ռաբիս մակարդակի միջոցառումներ եւ տոնահանդեսներ են ֆինանսավորում մեր մեծահարուստները, իսկ Համահայկականին, որ ողջ աշխարհից 5000 մարզիկ է գալու, եւ իր բնույթով հրաշալի ու ազգահավաք միջոցառում է, ոչ մի գործարար հովանավորելու ցանկություն չհայտնեց։ Մենք հայտարարել էինք, որ դաշտում կլինեն բոլորի գովազդները, բայց … Տոնահանդեսի տնօրենն էլ ավելի հուզված էր այդ փաստից. – Ստացվում է, որ միայն արտասահմանյան մի ֆիրմա՝ «Կոկա-կոլան» է որոշել հովանավորել իր գաղափարով խիստ ազգային այդ միջոցառումը։ Կարծես ինչ-որ միստիկ հրամանով բոլորը ձայն ձայնի տված երես թեքեցին մեզանից։ Մնում է միայն մշակույթի նախարարության հատկացված ֆինանսավորումը եւ տոմսերի վաճառքից ստացված գումարները (ի դեպ, տոմսերն արժեն ընդամենը 500-1500 դրամ)։ Ասեմ, որ մենք իր ծավալով ու որակով շատ ավելի խոշոր այս միջոցառումն անում ենք միայն ու միայն տեղի մասնագետների ուժերով ու ծախսելու ենք շատ ավելի քիչ գումար, քան ծախսվել էր դեկտեմբերի 31-ի հայտնի տոնախմբության վրա։ Պարոն Աշուղյանը տեղեկացրեց, որ Խաղերի բացման գեղարվեստական մասին մասնակցելու է 1500 մարդ։ – Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ տոնախմբությունը դառնա համաժողովրդական մեծ տոն։ Մեր ժողովուրդը տոնի կարոտ է եւ ուզում ենք, որ գոհ մնա,- հույս հայտնեցին պարոնայք Աշուղյանն ու Գեւորգյանը,- հրաշալի աննախադեպ գեղեցկության միջոցառում կլինի, անգամ հրավառությանը ռեժիսորական ու գեղարվեստական լուծումներ են տրված։ Միջոցառման թատերական բեմականացումը տեւելու է մեկ ժամ հինգ րոպե, իսկ մինչ այդ, 50-60 րոպե կտեւի պաշտոնական արարողությունը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել