ՀՈՒՍՈՎ ԵՆ, ՈՐ ՈՐԴԻՆԵՐԸ ԿԱԼԱՆՔԻՑ ԿԱԶԱՏՎԵՆ Նրանք օղակել էին նախագահի նստավայրը Երեկ առավոտյան (ժ. 10-ին) Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ամրահի Պետրոսյան) հետաձգվեց ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի դեմ ներկայացրած հայցի քննությունը։ Զինվոր Սուրեն Գրիգորյանի մասին բազմաթիվ անգամ ենք գրել, իսկ նրա՝ տուժողի, շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ պարզաբանումներ է տվել «Առավոտին»։ Երեկ դատարան էին ներկայացել ՊՆ կենտրոնական հոսպիտալի պետն ու բուժմասի պետը (վերջինս նաեւ ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահն է)։ Սակայն նրանք պատշաճ ձեւով չէին ներկայացել, քանի որ, ինչպես ասացին «կարգը չեն իմացել»։ «Դատարանը չգիտի, ովքեր եք,- ասաց դատավոր Ա. Պետրոսյանը,- որովհետեւ չկա նաեւ ձեր անձը հաստատող փաստաթուղթը»։ ԿՀ պետը տեղեկացրեց, որ վարչության պետը գտնվում է բուժման մեջ եւ, որ իրենք կհասցնեն լիազորագրով ներկայանալ հաջորդ դատական նիստին։ Տեղեկացանք, որ նրանք չէին բերել նաեւ Սուրենի հիվանդության պատմությունը եւ այլ փաստաթղթեր եւս։ Ժամը 16-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքվեցին զինվորների ծնողները։ Նրանք մեզ հանձնեցին «դիմում ժողովրդին՝ խոշտանգված եւ մարդու իրավունքներից զրկված զինվորների մայրերից», որտեղ խոսք էր գնում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, հոսպիտալի, զորամասերի (նաեւ՝ բժշկական) առկա վիճակի, բանակում իշխող կոռուպցիայի, սադիզմի, անօրինականությունների մասին։ «Մի երկու տասնամյակ հետո ի՞նչ սերունդ կտան վախի սինդրոմով տառապող, հաշմված եւ հիվանդ հայ տղամարդիկ։ Եվ օրենքը չկիրառելով բանակում, հայ զինվորին անվերջ վախի մեջ պահելով, արդյոք ի՞նչ հայրենիքի պաշտպաններ ենք մենք դաստիարակում»։ Զրուցակիցներիս մեծ մասը դատապարտյալ զինվորների ծնողներ էին։ Լյուդմիլա Գրիգորյանի որդին՝ Կարեն Ասլոյանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման։ Կարենը ներկայումս գտնվում է Արթիկի գաղութում, իսկ վանաձորցի մայրն ասում է, որ սպառվել են դատարաններ դիմելու բոլոր հնարավորությունները։ Լ. Գրիգորյանը պահանջում էր նախագահի նամակների բաժնի միջամտությամբ վերաքննիչ դատարանի դատավորի հատուկ կարծիքը, ուր նշված է Կ. Ասլոյանի անմեղության մասին։ Հետաքրքիրն այն է, որ դատավորի հատուկ կարծիքը թաքցվում է կողմերից եւ պետական գերգաղտնի փաստաթղթի կարգավիճակ ունի։ Շողիկ Գրիգորյանի որդին՝ Գրիգոր Գրիգորյանը, դատապարտվել է 10 տարի ազատազրկման։ Նա նույնպես գտնվում է Արթիկի գաղութում։ Շ. Գրիգորյանը նախորդ օրը տեսակցել էր որդու հետ, որի առողջական վիճակը ներկայումս վատ է. «Նա արյուն է թքում, խոցն է պայթել»։ Այս գործն անցել է առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում։ Նախագահից ակնկալում էր, որ «գոնե մեր անմեղ երեխաները կազատվեն կալանքից»։ Սերժ Սարգսյանի որդին՝ Երջանիկ Սարգսյանը դատապարտվել է 11 տարի ազատազրկման Սյունիքի մարզի դատարանի կողմից, որին «լեւի դատարան» անունով է կոչում։ Երջանիկը եւս Արթիկի գաղութում է գտնվում, եւ ինչպես հայրը տեղեկացրեց, որդուն տեսել է այս օգոստոսի 1-ին։ Ս. Սարգսյանը տեղեկացրեց, որ իր որդու գործը լսվել է դատական երկու ատյաններում։ Նյութական պատճառով չի կարողանում դիմել վճռաբեկ դատարան։ «Պատկերացրեք. գործը քննվում է Էջմիածնում, դատավորը նստած է Ստեփանակերտում, իսկ մենք՝ Եղվարդում։ Միլիարդատեր պիտի լինես, որ կարողանաս պաշտպանների գումարները փակել»,- ասում է նա։ Երջանիկի հայրը միամտաբար ակնկալում էր, թե Ռոբերտ Քոչարյանը «իր կանտրոլով» եւ «պաշտպաններին էլ 1000- 2000 դոլար գումարը վճարելով» կնպաստի որդու արդարացմանը։ Գագիկ Հարությունյանի որդին 10 տարի եւ 6 ամիս ազատազրկման է դատապարտվել եւ գտնվում է Կոշի գաղութում։ Նա դիմել է բոլոր ատյաններ, «պետպատվեր» է, շարունակում է ծնողը եւ ասում, որ իրենց ընդունելու դեպքում ՀՀ նախագահին կներկայացնի հիմքեր՝ իր որդու անմեղության մասին։ ՀՀ նախագահի նամակների բաժնի պատասխանատու Մարգարիտա Ազարյանը տեղում չէր, իսկ բաժնի աշխատակից տիկին Աիդան խոստացավ ծնողներին պատասխան տալ երեկոյան ժամը 21-ին։ Հետո էլ ասում են, թե այդ ժամին մարդիկ քնած են։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ