Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն

Օգոստոս 17,2001 00:00

«Կհանգստացնեմ անհանգիստներին» Արդեն մի քանի ամիս է մեր պետական այրերը խոսում են Հյուսիսային պողոտայի կառուցման մասին։ Սակայն դրանք միայն խոսակցություններ են, քանզի գործնականում արդեն 10 ամիս է՝ որեւէ աշխատանք չի ձեռնարկվել։ Խմբագրություն դիմած Լալայանց փողոցի բնակիչները խիստ անհանգստացած էին, թե ինչպես է լուծվելու իրենց տների քանդման հարցը, ուստի մեզ խնդրեցին ճշտել, թե երբ է նախատեսվում քանդել Լալայանց փողոցի տները։ «Մեզ արդեն մի քանի ամիս է՝ զգուշացնում են, որ էս երկու օրը սկսվելու են աշխատանքները, սակայն դեռ ոչ մի տուն չեն քանդել։ Չի կարելի, չէ՞, նման լարված վիճակում պահել մի ամբողջ թաղամաս։ Մենք չգիտենք պատրաստվե՞նք ձմռանը, թե՞ ոչ, վառելափայտ գնե՞նք, թե՞ գուցե նոր ստացած բնակարանում այն պետք չգա։ Բնակարանային այլ մեծ ու փոքր հարցեր նույնպես կան, որոնք պետք է վաղուց լուծեինք, բայց անընդհատ ձգձգում ենք»,- բորբոքված պատմում էին բնակիչները։ Նրանց հետաքրքրում էր, թե պետությունը ինչպես է վարվելու, ասենք, ամուսնալուծվածների, սեփականատերերի կամ գրանցում չունեցող անձանց հետ։ Քիչ չեն այնպիսիք, ովքեր չեն կարողանում երկար տարիներ ապրած իրենց տունը սեփականաշնորհել, որովհետեւ չինովնիկները հույս ունեն հետագայում այդպիսի տները թանկ ու հարմար գործարքի առարկա դարձնել։ «Նույնիսկ մեր թաղայինի կնիքն են թաղապետարանից վերցրել եւ հիմա մի տեղեկանքի համար ստիպված ենք լինում երեք-չորս անգամ գնալ թաղապետարան»,- պատմեցին բնակիչները։ Խնդրի շուրջ Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի գրասենյակի տնօրեն Սերգեյ Բայբուրթյանը կտրուկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասելով, թե ինքն առայժմ իրավասու չէ որեւէ հարցազրույց տալու։ «Երբ կսկսվեն հողհատկացումները, այն ժամանակ էլ պաշտոնական տվյալներ կտանք»,- ասաց պրն Բայբուրթյանը եւ ավելացրեց, որ իրենք պարտավոր են «պետական շահերը ապահովել եւ եթե պետությունը հարկ չի համարում որեւէ պաշտոնական ինֆորմացիա տրամադրել, ուրեմն այդպես է նպատակահարմար գտնում»։ Պրն Բայբուրթյանը խոստացավ, որ եթե բնակիչները անհանգստացած են ինչ-որ հարցերի շուրջ, թող «գան ինձ դիմեն, եւ ես նրանց կհանգստացնեմ»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել