Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտավորապես

Օգոստոս 17,2001 00:00

ՁԵՌՔԴ ԿԿՏՐԵՄ Մոտավորապես այս սպառնալիքն է ուղղված Սոցապ հիմնադրամի վճարման ծառայության աշխատակիցներին (իրականում աշխատանքից կազատվեն), եթե հանկարծ փորձեն «ձեռք տալ» կենսաթոշակներին, այսինքն, վճարելիս գումարը «կլորացնել»՝ «պոչը» սեփական գրպանը դնելով։ Սպառնալիքի հեղինակը հիմնադրամի նախագահ Ֆրունզե Մուշեղյանն է, որը նույնպես «Առավոտի» նման ամեն օր բողոքներ է ստանում թե՛ Հայփոստի, թե՛ հիմնադրամի աշխատակիցների վերաբերյալ։ Սակայն պարոն Մուշեղյանն անանուն զանգեր է հիմնականում ստանում եւ շատ դեպքերում հնարավոր չի լինում պարզել, թե որ աշխատակիցն է գումար յուրացրել։ Իսկ ընդհանրապես, «թոշակառուի կոպեկին կպչողն անպատիժ չի մնա, եւ համակարգում գիտեն այդ մասին,- հավաստիացնում է Ֆ. Մուշեղյանը,- հաշված րոպեներ կտեւի ցանկացած ահազանգին արձագանքելը»։ Այս մասին կարող է վկայել «Առավոտը», որի հրապարակումներից մեկում նշված փաստերի, ինչպես նաեւ սեփական ուսումնասիրության հիման վրա աշխատանքից ազատվել է կարգազանց վճարողը։ Հիմնադրամի նախագահի վկայությամբ, լինում են նաեւ դեպքեր, երբ թոշակառուն (կամ նրա անունից որեւէ պաշտոնյա) բողոքում է որեւէ աշխատակցից ու երբ իրենք փորձում են պատժել, նույն թոշակառուի անունից նույն աշխատակցի մասին շնորհակալական դիմում է հղվում հիմնադրամին։ Վճարման տեղն էլ է խնդիր, որովհետեւ հիմնադրամը պարտավոր է ըստ բնակության հասցեի վճարել, իսկ թոշակառուն պարտավոր չէ միշտ տանը նստել։ Այստեղից էլ դժգոհությունները՝ ցուցակները փակվում են, թոշակառուն օրեր շարունակ փորձում է գումար ստանալ։ Ֆրունզե Մուշեղյանը ընդունելով խնդրի գոյությունը, պարզաբանեց. «Տեխնիկապես հնարավոր չէ ցուցակները երկար թողնել շրջանառության մեջ, որովհետեւ դա կնշանակի ուշացնել կենսաթոշակի մյուս ամսվա վճարումը»։ Ինչ վերաբերում է Հայխնայբանկի ծառայություններից հրաժարվելու հետեւանքով առաջացած բողոքներին, ապա, հիմնադրամի նախագահի համոզմամբ, դրանց «մոտ 80%-ը շինծու է, սարքովի։ Օրինակ, Վարդենիսի մասնաճյուղից սպասարկվող կոնտինգենտից նմանատիպ մի դիմում էինք ստացել 300 ստորագրությամբ։ Մեր աշխատակիցները տեղում պարզեցին, որ «ստորագրողների» կեսից ավելին տեղյակ չէր բողոքից, ստորագրություններն էլ իրենցը չէին»։ Բայց եթե ժամանակին Խնայբանկի ծառայությունից օգտվել եք, իսկ այսօր հրաժարվում եք, ապա եթե ոչ ավելի լավ, գոնե ոչ էլ ավելի վատ պիտի լինի սպասարկումը։ Պարոն Մուշեղյանը պնդում է. «Ոչ ոք չի կարող ասել, թե Խնայբանկի ծառայություններն ավելի լավն են եղել։ Այդ ծառայությունների արդյունքը եղել է այն, որ տասնյակ, հարյուրավոր միլիոնների (դրամ) ճակատագիրն այսօր հայտնի չէ (տեւականորեն Հայաստանում չգտնվող կենսաթոշակառուներին հատկացված գումարների մասին է խոսքը)։ Թոշակառուներին շատ լավ հասկանում եմ. ոմանց հարմար է իրենց շենքի տակ գտնվող Խնայբանկի բաժանմունքից ստանալ գումարը։ Բայց հիմնադրամը պարտավոր չէ ապահովել, որ ցանկությամբ, ով որտեղից ուզի, ինչպես ուզի՝ թոշակ ստանա։ Մենք պարտավոր ենք վճարել ըստ բնակության վայրի»։ Ըստ հիմնադրամի նախագահի, նախկինում անվերահսկելի է եղել, դրա համար էլ 2000թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ 3-4 ամսվա պարտք է եղել։ Նրա խոսքերով, եթե «եղած գումարը քամուն տանք, ապա, բնականաբար, ոչ մի բան չենք կարող անել»։ Ինչեւէ, հիմնադրամը նոր կարգ է սահմանել, ըստ որի, թոշակառուն դեպոնենտում գտնվող իր գումարը կարող է ստանալ ընդամենը 3 օրում, բայց Սոցապ հիմնադրամ անձամբ ներկայանալուց հետո։ Կարգը կգործի օգոստոսի 27-ից, Երեւանում։ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը հպարտանալու բազմաթիվ առիթներ նշեց. «Վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ հիմնադրամի փաստացի եկամուտները գերազանցեցին բյուջեով նախատեսված ցուցանիշը (1%-ով), կենսաթոշակառուների նկատմամբ հիմնադրամի պարտքերը 7,3 մլրդ դրամից նվազել են՝ հասնելով 2,1 մլրդ-ի» եւ այլն։ Սակայն դեռեւս անբավարար է ժամկետանց պարտավորությունների բռնագանձման գործընթացը։ Ըստ Ֆ. Մուշեղյանի, սրանք հիմնականում խոշոր ձեռնարկություններինն են, որոնք տարիներ շարունակ չեն գործում, եւ «կողմնակից եմ, որ այդ ձեռնարկությունները սկսեն շնչել, աշխատել եւ առայժմ գոնե իրենց ընթացիկ վճարումները կատարեն»։ Ինչ վերաբերում է կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ կառավարության խոստմանը, ապա դա իրատեսական է, ըստ հիմնադրամի նախագահի, «բայց քննարկումների փուլում է։ Հիմնադրամը միշտ կողմնակից է եղել, որ ավելի լավ է մարդն ամեն ամիս ստանա իր 5000 դրամ թոշակը, քան թղթի վրա 7000 դրամ լինի, բայց ամիսներով չստանա։ Դրա համար ուզում ենք հասնել նրան, որ բոլոր պարտքերը մարվեն, որի հաջորդ քայլը կլինի կենսաթոշակի բարձրացումը՝ կոնկրետ մեր հնարավորությունից ելնելով՝ 500, 1000, տա Աստված՝ 5000 դրամ»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ.Գ. Հիմնադրամի ղեկավարը, փաստորեն, կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ «ապահովագրված» է խոսում, ինչի պատճառը, հուսով ենք, կառավարության հաղորդած իմպուլսը չէ, որի մի օրինակն էլ հանրապետության նախագահն էր փոխանցել գործատուներին՝ 40000 աշխատատեղի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել