Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիսներ առաջ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, իր զբաղեցրած

Օգոստոս 17,2001 00:00

Արտակ Զեյնալյանը դիմել է վերաքննիչ դատարան Ամիսներ առաջ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, իր զբաղեցրած պաշտոնից ազատվել էր առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Զեյնալյանը: Այդ պաշտոնանկությունը, որ զուտ քաղաքական ենթատեքստ ուներ, ո՛չ այն ժամանակ, ո՛չ այսօր, վիճահարույց հարց չի եղել: Բանն այն է, որ Ա.Զեյնալյանը՝ լինելով նախարարի տեղակալ, համարձակվել էր հրապարակավ հանդես գալ իշխանությունների՝ դեղորայքը ավելացված արժեքի հարկով հարկելու, օրենսդրական նախաձեռնության դեմ: Բացի այդ՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, նա մի քանի համախոհ զինակիցների հետ միասին համապատասխան հայտարարությամբ դուրս էր եկել կուսակցությունից՝ համալրելով «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության շարքերը: Իր պաշտոնանկությունից առ ժամանակ անց պարոն Զեյնալյանը դիմել էր դատարան՝ զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու ակնկալիքով: Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժել էր Արտակ Զեյնալյանի հայցը ընդդեմ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Դատարանը համարել էր, որ վարչապետի եւ առողջապահության նախարարի՝ Զեյնալյանի պաշտոնանկության փաստարկները հիմնավոր են, թեեւ մեկ-երկու նիստում Զեյնալյանը կարողացել էր ապացուցել դրանց սնանկությունն ու անօրինականությունը: «Վճռում միտք կար, թե աշխատանքային օրենսգրքի 35 հոդվածը չի տարածվում վարչապետի որոշման վրա: Սա անհեթեթություն է եւ ոչ մի կերպ չի տեղավորվում այն նորմերի շրջանակներում, որոնք սահմանված են մեր երկրի հիմնական օրենքում»,- ընդգծեց պարոն Զեյնալյանը: Իրավիճակն անհեթեթ էր սակայն ոչ միայն այդ, այլեւ այն պատճառով, որ, փաստորեն, ըստ դատարանի վճռի, ստացվում էր, որ երկրի վարչապետը օրենքներից վեր է կանգնած եւ Սահմանադրությամբ եւ աշխատանքային օրենսգրքով նախատեսված հոդվածները նրան չեն առնչվում: «Այսինքն, վճիռը կամ պատվեր էր, կամ դատավորը պարզապես չէր ցանկացել անցավ գլուխը ցավի տակ դնել: Ես կարծում եմ, որ այս դեպքում երկրորդ տարբերակն ավելի մոտ է իրականությանը»,- նկատեց պարոն Զեյնալյանը: Առաջին ատյանի դատարանի վճիռն աչքի առաջ ունենալով, նախարարի նախկին տեղակալն, այդուհանդերձ, դիմել է վերաքննիչ դատարան: Դատական նիստը նշանակված է օգոստոսի 22-ին: «Ես դարձյալ պատրաստ եմ ներկայանալ դատին, ունեմ անհրաժեշտ եւ հավելյալ փաստարկներ իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար: Կլինի նաեւ հետաքրքիր անակնկալ, որը, կարծում եմ, շատերին կհետաքրքրի»,- խոստացավ պարոն Զեյնալյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք իր՝ երբեւէ զբաղեցրած, պաշտոնում վերականգնվելու ակնկալիքը ինքնախաբեություն չէ, պարոն Զեյնալյանը նախ խոստովանեց, որ այդ դատը դադարել է զուտ աշխատանքի վերականգնվելու պայքար լինելուց եւ ձեռք է բերել, այսպես ասած, սպորտային հետաքրքրություն. «Մյուս կողմից, չնայած Հայաստանի տխրահռչակ դատական համակարգին, կարծում եմ, որ այս անգամ ներկայացնելիք փաստարկներս պետք է որ համոզիչ լինեն հայցս բավարարելու համար»: Ա.Զեյնալյանը համաձայնեց, թե մեր երկրում որեւէ վարչապետի դեմ դատարանի վճիռ կայացնելու նախադեպ չի եղել, բայց, նրա կարծիքով, միայն վարչապետին դատի տալու փաստը կարող է որոշակի եւ սեփական իրավունքների պաշտպանության կուլտուրա ձեւավորել: Մյուս կողմից, Ա.Զեյնալյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ, անկախ արդյունքից, վարչապետին դատի տալու նախադեպն արդեն որոշակի դրական ազդեցություն է ունեցել: «Պետական գույքի կառավարման նախարարի կոմունիստ տեղակալին ազատելիս իմ օրինակն ունենալով վարչապետն արդեն ստիպված եղավ ինչ-որ կերպ գոնե օրինականացնել եւ հիմնավորել այդ պաշտոնանկությունը եւ այն տեղավորել աշխատանքային օրենսգրքի շրջանակներում: Նույնն էր ԱԺ իրավաբանական վարչության պետի պաշտոնանկության դեպքում, թեեւ պարզ էր, որ ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս դեպքերում հարցը զուտ քաղաքական էր»,- հիշեցրեց Ա.Զեյնալյանը: Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանից իր ակնկալիքներին, Ա.Զեյնալյանն ասաց. «Իրավական տեսանկյունից ակնկալիք ունեմ: Հուսով եմ, որ այս անգամ կբավարարվի հայցս եւ ես կվերականգնվեմ իմ աշխատանքում: Նման իրավունք ինձ ընձեռել է իմ երկրի եւ իմ կողմից ընդունված Սահմանադրությունը: Ես ուզում եմ նաեւ օրինակ լինել իմ հայրենակիցների համար: Նրանք պետք է գիտակցեն, որ կարող են եւ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար»: Նա վստահեցրեց, որ եթե սեփական իրավունքների վերականգնման համար դատարան դիմողների թիվը շատանա, դատական իշխանությունը մի օր ստիպված կլինի գործադիր իշխանության ճնշումներից, իրոք, ազատվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել