«ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՌԵԼՍԵՐԻ ՎՐԱ ԴՐՎԱԾ ԹԱԼԱՆԸ» Ասում է նախկին փոխնախարար, կոմունիստ Վանյա Մխիթարյանը Դեռեւս հուլիսին ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը, ի թիվս այլ թեմաների, շոշափել է նաեւ այն ժամանակ պետական գույքի կառավարման փոխնախարար Վանյա Մխիթարյանի թեման։ Փոխնախարարի ներկայացրած փաստերը եւ հայտարարությունները երկրի նախագահի հրահանգով ստուգվելու եւ ճշտվելու փոխարեն դարձան պատճառ, որպեսզի կոմունիստ փոխնախարարը ազատվի զբաղեցրած պաշտոնից։ Նախագահն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին իր վրդովմունքն է հայտնել, թե որոշ նախարարություններում հայտնվել են փոխնախարարներ, որոնք հրապարակային քննադատում են նախարարներին։ Պարզապես ռեբուսի պես է հնչում նախագահի այն պնդումը, թե հեռացվելուց հետո որքան ուզում են, թող քննադատեն։ Այսինքն, լսո՞ղն ով է։ Ուրեմն՝ ինչո՞ւ է նախագահը շահագրգռված չլսել փոխնախարարին եւ չփորձել ստուգել նրա հրապարակած ինֆորմացիան։ Արդեն պաշտոնանկ Վանյա Մխիթարյանը գտնում է, որ եթե վարչապետ Վազգեն Սարգսյանը ժամանակին (հոկտեմբերի 23-ի կառավարության հայտնի նիստի մասին է խոսքը) կոնկրետ անձանց մեղադրել էր տարեկան միայն հանքային ոլորտից 15-20 մլն դոլար գրպանելու մեջ. «Այսօր պրն Զադոյանը ասում է, որ այս ոլորտում չարաշահումները ոչ թե 15-20 են, այլ՝ ավելի քիչ։ Չմոռանանք, որ Վազգենը կոնկրետ անձանց էր մեղադրել եւ այդ անձինք մասնակցել են կառավարության նիստին, այսինքն՝ պատահական, փոքր-մոքր մարդիկ չէին։ Դրանց անունները ինչո՞ւ չի տրվում։ Թող դրանց անունները տրվի եւ թող համապատասխան մարմինները դրանցով զբաղվեն»։ Ինքը՝ Վ. Մխիթարյանը, այդ անունները չգիտի, եթե իմանար, իր ասելով՝ անմիջապես կհրապարակեր։ Վերլուծելով էներգետիկ համակարգի վիճակն ու չարաշահումների պատկերը, Վ. Մխիթարյանը ասաց. «Ասում են, որ տարեկան 50 մլն դոլար գողացվում է։ Երբ ասում են, թե ԲԷՑ-երի մասնավորեցումն անհրաժեշտ է, երկու փաստարկ է ներկայացվում՝ նախ. ներդրումներ է հարկավոր եւ հետո՝ այդքան գողանում են։ Բայց սրանք իրար հակադիր փաստարկներ են։ Եթե թույլ չտրվի գողանալ այդ 50 մլն-ը եւ հենց դա ներդրում կատարվի, ԲԷՑ-երը մեկ-երկու տարվա ընթացքում կդառնան աշխարհում ամենալավը։ Ընդ որում, էներգահամակարգը այն համակարգն է, որտեղ պետք է պարզապես աչքերը փակել գողությունը չտեսնելու համար, որովհետեւ ամեն ինչ խիստ պարզ է»։ Նախկին փոխնախարարի կարծիքով, եթե պետությունը իր վրայից գցում է վերահսկողության ֆունկցիաները, եթե գողության դեմ պայքարելու փոխարեն, որոշել է վաճառել ԲԷՑ-երը, ուրեմն ո՞ւմ է պետք այս կառավարությունը, ինչո՞վ են զբաղվում այսքան նախարարները. «Օրինակ, ինչո՞վ է զբաղվում արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, ի՞նչ պետական արդյունաբերություն է աշխատում կամ ի՞նչ պետական առեւտուր է իրականացվում»։ Էներգետիկայի նախարարությունը երեկ դիմել էր սպառողներին, խնդրելով վճարել սպառված էլէներգիայի դիմաց, հակառակ դեպքում ավելի քան 110 հազար դոլարի պարտքը պայթյունավտանգ իրավիճակ կարող է ստեղծել էլհամակարգում։ Ըստ պրն Մխիթարյանի, պարզապես ծիծաղելի է, որ այդքան գումարի պակասը կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել, քանի որ, ըստ նախկին փոխնախարարի, էներգետիկայի նախարարության այս տարվա վերանորոգման ծախսերը հաստատ գերազանցել է մի քանի մլն դոլարը։ Անտառների հարցը կրկին ջրի երես հանելով, Վանյա Մխիթարյանը հրապարակեց խիստ ուշագրավ թվեր. «Վերջին 8 տարվա ընթացքում 6 մլն խմ փայտ է անտառահատվել, այն դեպքում, երբ պետության կողմից սահմանված չափը եղել է 870 հազար խմ։ Տարբերությունը 5 մլն 130 հազար է։ Փաստորեն այդքան խմ փայտ ապօրինի հատվել է։ Դրա համար մենք կլիմայի փոփոխություն ենք զգում։ Ո՞ւր է գնացել այդ փայտը, եւ դա այն քանակը չէ, որ հնարավոր լինի թաքուն տակովն անել։ Այդքան փայտը տեղափոխելու համար 20 տոննայանոց «ԿամԱԶ»-ը 30-35 հազար ուղերթ պետք է կատարի։ Սա կազմակերպված թալան է եղել եւ ամբողջ մեղքը բարդել Մուրադ Մուրադյանի վրա, ճիշտ չէ, որովհետեւ նրանից դեռ շատ առաջ այդ գործողությունը սկսված է եղել։ Սա պետական ռելսերի վրա դրված թալան է»։ Թալանվում է ոչ միայն էլէներգիան եւ անտառը, թալանվում են նաեւ հանրապետության ջրային ռեսուրսները. «Միայն անցած տարի Սեւանա լիճ մուտք է գործել 311,15 մլն խմ ջուր։ Թույլ է տրվել Սեւանից հանել պետական որոշմամբ, սկզբում՝ 170, հետո՝ 190 մլն խմ։ Այս պայմաններում Սեւանը պետք է առնվազն 5-10 սմ բարձրանար, այնինչ Սեւանը 50-60 սմ իջել է անցյալ տարի։ Ուրեմն ո՞ւր է գնացել ջուրը։ Ջուրը դարձել է էլէներգիա եւ ոռոգման ջուր։ Իսկ թե գումարները ուր են գնացել՝ Աստված գիտի, մեկ էլ նրանք, ում գրպանը որ գնացել են։ Այսինքն՝ համակարգված թալան է տեղի ունենում նաեւ այս ոլորտում»։ Հետաքրքիր է, որ նախկին փոխնախարարի հրապարակած փաստերի հետեւից ոչ մի պատկան մարմին չի էլ փորձում գնալ։ Ենթադրությունը մեկը կարող է լինել՝ օրինաչափությունները հայտնի են՝ փաստեր հարկավոր չեն։ Ստացվում է, որ որոշ օրինաչափությունների իմացությունը զրկում է որոշ փաստերի իմացության անհրաժեշտությունից։ Եվ որեւէ պաշտոնյայի (ամենաբարձր մակարդակով) ոչ ձեռնտու է, ոչ էլ հարկավոր է ճշտել փաստերը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ