Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետ

Օգոստոս 17,2001 00:00

ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ ԿՈԾԿՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՏՔԵՐԸ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Սյունիքում հայտարարեց, թե «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներն անպայման պիտի գնդակահարվեն, քանզի «պետության վրա ձեռք բարձրացնողը խստագույնս պիտի պատժվի»։ Անկախ մահապատիժը վերացնելու վերաբերյալ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունից՝ այս հարցը շարունակում է վեճեր բորբոքել։ Այս խնդրի շուրջ հակադիր մոտեցումներ են հանդես բերում անգամ ժամանակին նույն՝ Ազգային միացյալ կուսակցության անդամներն ու նախկին քաղկալանավորները։ «Ես դեմ եմ մարդասպանությանը։ Բոլոր սպանությունները (ե՛ւ ոճրագործի կատարած, ե՛ւ դահիճի) հավասար ծանրության հանցագործություններ են, դրանց նկատմամբ մեր վերաբերմունքն է տարբեր։ Ես գտնում եմ, որ ընդհանրապես որեւէ մեկը մահվան վճիռ կայացնելու եւ ի կատար ածելու իրավունք չունի»,- այս տեսակետին է Քրիստոնյա-դեմոկրատական միության հիմնադիր Ազատ Արշակյանը։ Անդրադառնալով այն տեսակետներին, թե հատկապես «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործները պիտի իրենց արածին համարժեք պատիժ ստանան՝ Ազատ Արշակյանն ասաց. «Համարժեքության այդ խնդիրը ճիշտ նույն ձեւով լուծելը շատ ավելի հեշտ է։ Դեպի վճռաբեկ դատարան, ուր ընթանում է այդ դատավարությունը, հանցագործներին տանող «վարանոկը»՝ մեքենան, կարող է շարժվել 5 ճանապարհներով։ Թո՛ղ ամեն ճանապարհին մի 10 հոգի սպասեն՝ հակատանկային նռնականետերով եւ համարժեքորեն լուծեն Նաիրի Հունանյանին ու մյուս հանցագործներին (դեռ մի քանի հոգու էլ պահակազորից) ոչնչացնելու հարցը։ Եվ մենք ընդհանրապես այլ խնդիրներ կունենանք»։ Հաշվեհարդար ոչ ոք չի ցանկանում։ Բայց ի՞նչ պատիժ կարելի է սահմանել առանձնակի դաժանությամբ կատարված հանցագործություններին կամ, երբ իրոք պետության վրա են ձեռք բարձրացրել, երբ կատարվածը տեւական ժամանակով կաթվածահար է արել երկիրը։ «Կա երեք ճանապարհ։ Առաջինն օրենքն է եւ օրենքով նախատեսված պատիժը։ Իրավաբանորեն առայժմ թույլատրված է մահապատիժը ու թող դատարանը որոշի՝ ինչ անել։ Եթե օրենքը թույլ չի տալիս, բայց չափազանց մեծ ցանկություն կա՝ երկրորդ ճանապարհն ավանդույթն է՝ հիշատակածս համարժեք ձեւերով։ Եթե շատ դաժանորեն կատարված հանցագործություն է, եւ հասարակությունը ցնցված է դրանից, անընդունելի է համարում ներողամտությունը՝ դժվար չէ անգամ ԱԱՆ մեկուսարանը գրավելը (Բաստիլից անառիկ չէ այն) եւ հենց տեղում համարժեք լուծել խնդիրը։- Ի դեպ ասած, պրն Արշակյանն անընդհատ «համարժեք» բառն օգտագործելով՝ իրավագետ Վլադիմիր Նազարյանին էր անուղղակի պատասխանում, որը մեր թերթում հրապարակված իր հոդվածում մահապատժի անհրաժեշտությունը հիմնավորել էր ոճրագործի կատարած սպանության «էկվիվալենտությամբ»։- Երրորդ ճանապարհն, իմ կարծիքով, ամենակարեւորն է։ Որպես քրիստոնյա ազգ՝ հարկավոր է վերջ տալ մարդասպանությանը։ 1700-ամյակ ենք նշում՝ չէ որ դա նաեւ չսպանելու գաղափարախոսության 1700-ամյակն է եւ ոչ թե միայն Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապ մտնելու տարեդարձը»։ Ազատ Արշակյանը մեկ անգամ եւս անդրադարձավ այս 3 լուծումներից ամենաշատն արծարծվողին. «Համարժեք պատիժ պահանջողներից ոչ մեկի ձեռքը բռնող չկար՝ ԱԺ նիստերի դահլիճում փորի վրա զինված պառկելու փոխարեն հենց տեղո՛ւմ կարող էին այդ հարցը լուծել։ Այդ հարցը կարող էին լուծել նաեւ հոկտեմբերի 28-ին՝ դա նրանց վերջին հնարավորությունն էր։ Հիմա հրապարակավ աղմկողներից ոչ մեկի ձեռքերը հոկտեմբերի 28-ին կապված չէին»։ Ի դեպ, պրն Արշակյանը հարկ համարեց պարզաբանել. «Խոսքս հոկտեմբերի 27-ին զոհվածների մերձավոր հարազատների, ազգականների մասին չէ՝ նրանք սգի մեջ էին։ Մյուսները՝ կողմնակիցները, հոկտեմբերի 28-ին այդ հարցը կարող էին լուծել, եթե բավարար ցանկություն ունենային։ Եթե հնարավոր եղավ ամենապաշտպանված մարդկանց նկատմամբ իրականացնել այդ ոճիրը, ուրեմն չպաշտպանված մարդկանց նկատմամբ՝ մինչեւ հոկտեմբերի 28-ը, դա անհամեմատ ավելի հեշտ էր»։ Հայտնի է՝ այդ օրերին ոճրագործներին ոչնչացնելն անմիջապես կհամարվեր կազմակերպիչների հետքերը կորցնելու փորձ։ Ազատ Արշակյանի կարծիքով, այդ խնդիրը հրատապ է նաեւ այժմ. «Քանի որ հարազատները, տուժողները կասկածում են դատարանի անկախությանը (ես էլ եմ կասկածում) եւ չեն հավատում վճռի արդարությանը (ես էլ չեմ հավատում)՝ մահվան դատավճռով նրանք կոծկելու են իսկական հետքերը եւ հնարավոր չի լինելու երբեւէ արդար դատավարություն անցկացնել։ Դրանց գնդակահարելով՝ մենք 3, 5, 10 տարի հետո չենք կարողանալու հետքերը գտնել իսկակա՛ն հանցագործների»։ Հաշվի առնելով, որ մահապատիժ չկիրառելու վերաբերյալ հավաստիացումը Նաիրի Հունանյանը նախագահ Քոչարյանից էր ստացել դեռ հոկտեմբերի 27-ի գիշերը՝ կասկածներ կան, որ այս ամենը (նաեւ կիրառված համաներումը եւ քարոզչական աջակցությունը) երաշխիքների նույն շղթայի օղակներն են։ «Չքննարկենք կասկածները. սովորական բանաձեւեր կան՝ ո՞վ էր շահագրգռված, ո՞վ էր այդ մարդկանց դեմ պայքարում։ Ովքեր որ պայքարում էին՝ հասան իրենց նպատակին։ Դա ի՜նչ փնտրելու բան է, ի՞նչն եք փնտրում։ Այդ մարդկանց դեմ պայքարել են, ուզել են նրանց մահը եւ հասել դրան,- ասաց Ազատ Արշակյանը։- Եթե հոկտեմբերի 27-ին հանրապետության նախագահը երաշխավորել էր նրանց անվտանգությունը՝ 27-ն անց 1 րոպեին նա պիտի հրաժարվեր կամ հրաժարեցվեր, որ ազատվեինք այդ երաշխիքից։ Խնդիրը լուծելի էր՝ եթե մեծ ցանկություն ունեին նրանք, ովքեր արյուն են ուզում այժմ։ Եթե չեն արել, ուրեմն՝ ինչ-որ բան այն չէ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել