Իջեցումները պետք է ճշտվեն Մինչեւ կենսաթոշակի անցնելը ծառայել եմ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի աշխատակազմում՝ որպես հատուկ հանձնարարությունների ավագ տեսուչ։ Ունեցել եմ փոխգնդապետի կոչում եւ 27 տարվա աշխատանքային ստաժ։ Կենսաթոշակի եմ անցել 1998թ. հոկտեմբերի 1-ից։ Այդ պահին գործել է ՀՀ վարչապետի «ՀՀ բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» 1998թ. հուլիսի 27-ի թիվ 454 որոշումը, որով հատուկ հանձնարարությունների ավագ տեսուչի համար սահմանված է եղել 11840-26500 դրամ պաշտոնային դրույքաչափ։ Նույն որոշման համաձայն, փոխգնդապետի զինվորական կոչման դրույքաչափը կազմել է 6080 դրամ, իսկ ծառայության ստաժի համար հավելման տոկոսաչափը (ինձ համար) կազմել է 45%։ Հաշվարկելիս հիմք են ընդունվել այդ թվերը եւ կենսաթոշակս սահմանվել է 32983 դրամ (21000 (այդ պահին նախարարի հրամանով սահմանված դրույքաչափս) +6080+12186=39266×84% =32983 դրամ)։ Հաշվարկի իրականացումը եւ կենսաթոշակի նշանակումը կատարվել է այն ժամանակ գործող «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» 1993թ. հունվարի 7-ի օրենքին համապատասխան։ Եթե կենսաթոշակի անցնեի 1998թ. դեկտեմբերի 1-ից հետո եւ հաշվարկը կատարվեր ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության կողմից սահմանված դրույքաչափերով, ապա կենսաթոշակիս չափը կկազմեր միջինը 65000 դրամ, իսկ եթե կենսաթոշակս հաշվարկվեր 2001թ. հունվարի 1-ից հետո եւ ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի թիվ 779 ու ՀՀ վարչապետի 2000թ. նոյեմբերի 16-ի թիվ 762 որոշումների համաձայն, ապա կստանայի 42689 դրամ կենսաթոշակ (24100+7300+9420+ 10000=50820×84%=42689 դրամ)։ Երկու դեպքում էլ զգալի է իմ փաստացի նշանակված կենսաթոշակի եւ դրանց միջեւ եղած տարբերությունները։ Այդ պայմաններում, անգամ 2001թ. հունվարի 1-ի դրությամբ կատարված «վերահաշվարկի» հետեւանքով կենսաթոշակս իջեցվել է 7930 դրամով (մոտ 24%) եւ դարձել 25253 դրամ (16750+7300+6013=30063 x84%=25253 դրամ), որը անօրինական վերահաշվարկ է։ Սա մասնակի օրինակ է։ Կան նման բազմաթիվ դեպքեր։ Կենսաթոշակների թյուրիմացաբար կատարված իջեցումները ենթակա են ուղղման։ Մեր կարծիքով, դրա համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի թիվ 779 որոշման 3-րդ կետում, ավելացնելով՝ «այն զինծառայողների կենսաթոշակները, որոնք նշված եղանակով չեն բարձրանում, վերահաշվարկը կատարել առավելագույն դրույքաչափերով»։ Նման եղանակով, օրինակ, իմ կենսաթոշակը կկազմի 34289 դրամ եւ ընդամենը կավելանա 1306 դրամով, որը մեծ թիվ չէ։ Կա նաեւ մի այլ եղանակ՝ նույն որոշման մեջ ծանոթության կարգով ավելացնել՝ «Այն զինծառայողների կենսաթոշակները, որոնք 3-րդ կետում նշված եղանակով հաշվարկելու դեպքում նվազում են, թողնել նույնը»։ Սակայն այս դեպքում վտանգ կա, որ նախկինում կենսաթոշակների սխալ հաշվարկներ լինեն եւ այս եղանակով դրանք չեն ճշտվի։ Մ. ԱՎԵՏԻՍՅԱՆ պաշտոնաթող փոխգնդապետ