Ծխելով «համբերանքի չիբուխը» Բուհերում, այդ թվում՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ավարտվել են ընդունելության քննությունները։ Պետական եւ վճարովի տեղերում 270 դիմորդներից ավելի քան 200 ապագա արվեստագետների անուն-ազգանունները օգոստոսի 28-ին կհաստատի Հանրապետական ընդունող հանձնաժողովը։ Կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Սմբատյանը համաձայնեց մեզ հետ կիսել իր խոհերը, կարծիքը, ինչու չէ՝ նաեւ մտահոգությունն ու ուրախությունը՝ կապված ընդունելության քննությունների հետ, ամբողջ ժամանակ ծխելով իր «համբերանքի չիբուխը»։ «Ֆրանսիացի մեծ մտածող Ռեւերդին ասել է. «Արվեստը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է պատահականությունը»։ Վստահ կարող եմ ասել, որ պատահականություններ չարձանագրվեցին ընդունելության քննությունների ժամանակ։ Միայն մեկ դեպք. երաժշտագետների վերջին քննության ժամանակ մի դիմորդի ամուսին խնդրում էր, թե ինքը ցանկանում է քննության ժամանակ լուռումունջ գտնվել իր կնոջ կողքին։ Իհարկե, խնդրանքը չէր կարող բավարարվել հասկանալի պատճառով եւ… քննության վերջում սկսվեցին կնոջ ծննդաբերության ցավերը ու կինը տեղափոխվեց ծննդատուն… Այս տարի կային հիանալի պատրաստված դիմորդներ, նույնիսկ՝ երեք միջազգային մրցույթի դափնեկիրներ, մեկը՝ ջութակահար, երկուսը՝ երգիչ։ Բայց միեւնույն է՝ արվեստագետը պետք է լինի բազմակողմանի զարգացած, եւ վերջինիս պետք է երաժշտական բարձրակարգ կրթություն։ Արդեն 10 տարի ընդունելության քննությունների ծրագրում բացակայում է կոլոկվիումը, ասել է թե՝ երաժշտական ընդհանուր պատրաստվածության առարկան։ Այս բացը հաջորդ տարի պետք է անպայման լրացվի։ Պրոբլեմների պրոբլեմը բոլոր բաժինների դիմորդների համար մեկն էր՝ ավելի քիչ ուշադրություն է դարձվում մասնագիտական առարկայի եւ ավելի մեծ ուշադրություն՝ սոլֆեջիոյի ու հարմոնիայի վրա։ Մտահոգված եմ, այո՛, եւ կհասնենք հաջորդ տարի այն բանին, որ մասնագիտական քննությունը կամ քննությունները լինեն որոշիչ։ Անկասկած, ընդունելության քննությունների պարտադիր ծրագրում պետք է ընդգրկել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Սա, կարծում եմ, խթան կհանդիսանա, որ մեր կոմպոզիտորները էլ ավելի արագ տեմպերով ստեղծագործեն: Եվ եկեք չմոռանանք, որ յուրաքանչյուր ազգ աշխարհին ներկայանում է իր մշակույթով։ Այս տարի չունեինք թավջութակահար ու ալտահար, իսկ ժողովրդական նվագարանների ֆակուլտետում՝ ուդ եւ բամբիռ գործիքների վրա կատարող-դիմորդներ։ Սա արդեն ուրիշ թեմա է… Սեպտեմբեր ամսին սպասվում են ուսանողներ, ավելի ճիշտ՝ դիմորդներ Հնդկաստանից, Չինաստանից, Իրանից, ինչպես նաեւ Սփյուռքից։ Ինչու ասացի դիմորդներ. որովհետեւ ոչ բոլորը կարող են բավարարել պահանջները առաջին կուրս ընդունվելու համար։ Նրանց համար ունենք նախապատրաստական դասընթացներ՝ մեկ տարի տեւողությամբ։ Կոնսերվատորիա էին դիմել Ղարաբաղից, Վանաձորից, Արմավիրից, Գեղարքունիքից, Գյումրիից (նշենք, որ այստեղ գործում է կոնսերվատորիայի մասնաճյուղը), Գորիսից, Իջեւանից։ Առանձնահատուկ ուշադրության էին արժանանում նշված վայրերից եկած դիմորդները պարզ պատճառով՝ ամենուր կարիք կա պրոֆեսիոնալ մասնագետների, եւ ձեր թերթին տված հարցազրույցներից մեկում ասել եմ ու կկրկնեմ, որ դասական երաժշտությունը մեծ ուժ ունի, սա անվիճելի է… եւ ինչպես Բեթհովենն է ասել. «Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստնությունն ու փիլիսոփայությունը։ Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է», իսկ մեր ժողովուրդը ունի դարերից եկած երաժշտություն, որ փոխանցվել է մեզ, ունենք մեծն Կոմիտաս… եւ ո՞վ գիտե, գուցե այսօրվա առաջին կուրսեցիների մեջ կան ապագա մեծ երաժիշտներ։ Չմոռանանք՝ անտիկ քիչ ժողովուրդներ են հարատեւել, որ այսօր էլ համընթաց են արդի քաղաքակրթությանը. դրանց մեջ հայ ժողովուրդը պետք է համաշխարհային մշակույթի հետ իր երկխոսությունը վարի հավասարի իրավունքով։ Եվ հաստատ կարող եմ ասել, որ ամեն ինչ սկսվում է կոնսերվատորիայում ուսանելու տարիներից։ Ընդհանուր առմամբ, գոհ եմ այս տարվա ընդունելության քննություններից…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ