Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Օգոստոս 16,2001 00:00

ՈՐՏԵ՞Ղ ԵՍ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Վարդան Այվազյանը երեկ երկու ժամ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին համագործակցել էր համոզում։ Նույնքան էլ ՀԿ-ների ներկայացուցիչները հավաստիացնում էի ն, թե դա ինչքան լավ նախաձեռնություն է եւ ինչպես են իրենք դա ողջունում։ ՀԿ-ների հետ համագործակցության անհրաժեշտությունը նախարարն զգացել է նրանից, որ «ՀԿ-ների եւ բնապահպանության նախարարների հարաբերությունները միշտ լարված են եղել»։ Նախարարը «Համագործակցության կոչ» անունով ելույթ կարդաց, որի թեզիսները նախօրոք բաժանել էին ներկաներին։ Այդ թեզիսներում ամենաուշագրավը մի տարեց մարդու մասին պատմությունն էր, որը նախարարի մոտ ընկնելով՝ առաջարկել էր նրան իր ծառայությունները՝ որպես հասարակական տեսուչ։ Ինչի համար նախարարն իր ելույթի թեզիսներում «շատ շնորհակալ» եղավ «այդ տարեց մարդուն»։ Առաջին իսկ ելույթ ունեցողը՝ «Լույսը Արցախին» ՀԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Անդրեասյանը՝ որպես ՀԿ-ներ-նախարարություն համագործակցության իր պատկերացում, նշեց լիգայի ստեղծումը։ Այս՝ ոչ նորահայտ (հիշենք գոնե սոցիալական ուղղվածության ՀԿ-ների եւ սոցապ նախարարության լիգան) գաղափարը բոլորին դուր եկավ եւ թվում էր, թե հետագա քննարկումներն արդեն կգնան՝ ելակետ ընդունելով հենց լիգայի գաղափարը (կամ համագործակցության որեւէ կոնկրետ այլ մեխանիզմի գաղափար)։ Սակայն հետագա քննարկումներն ընթացան հանդիպման առաջին րոպեների «եկեք համագործակցենք-այո՛ համագործակցությանը» ոգով։ Պրն Այվազյանը պատրաստակամություն հայտնեց «շատ գործերում» ներգրավել ՀԿ-ներին՝ թող նրանք անեն. «Մասնավորապես անտառներում կան գործառույթներ, որոնք կարելի է տալ ՀԿ-ներին»։ Նախարարը նույնիսկ շռայլորեն մի սենյակ է պատրաստվում տրամադրել ՀԿ-ներին՝ համակարգիչով։ Թե՝ ինչ նպատակով, ինչպես պետք է այդ սենյակն օգտագործվի, արդյոք դա «համագործակցության» տվյալ փուլում այդքան անհրաժեշտ պայման է՝ այդպես էլ չքննարկվեց։ «Էկոտապան» ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանը թերեւս ամենաիրատեսական ելույթն ունեցավ։ Նախարարի՝ ՀԿ-ներին ուղղված առաջարկություններ անելու, ակտիվ համագործակցության կոչի մեջ մեղադրանք լսելով՝ պրն Սարգսյանը հայտնեց, որ առաջարկություններ իրենք արել են ոչ թե կիլոգրամներով, այլ տոննաներով։ Ամեն մի նոր նախարարի իրենք գնում եւ պատմում են իրենց մասին, առաջարկություններ անում, գովեստներ ստանում դրանց համար եւ… նույնը՝ նաեւ հաջորդ նախարարի օրոք։ ՀԿ-ներ-նախարարություն համագործակցությունը, որի առաջին փորձերը դեռեւս 1996-ից են սկսվել, այդպես էլ չի ստացվում, քանի որ մրցակցություն կա. նախարարության կառույցները գտնում են, որ ՀԿ-ներն իրենց ձեռքից խլում են իրենց ֆունկցիաները։ ՀԿ-ներին իրենց աշխատանքներում ներգրավելու՝ Վարդան Այվազյանի հայտարարությունը, ըստ պրն Սարգսյանի, է՛լ ավելի կգրգռի նրանց։ «Հիմնականում նախարարության կառույցները հրճվել են, որ մենք (ՀԿ-ները- Ա. Գ.) անջատ ենք եղել, չենք միավորվել»։ Պրն Սարգսյանը բնապահպանության նախարարությունից խիզախություն է ակնկալում։ «Սեւանի ջրի «շլյուզների» վրա այնպիսի կողպեք դրեք, որ անգամ մոտեցողի մատնահետքերը վրան մնան»՝ պրն Սարգսյանի խնդրանքին պրն նախարարն արձագանքեց. «Որ հոսանքը խփի, ավելի լավ չի՞ լինի»։ Խիզախության դրսեւորումներից կարող է լինել նաեւ «կովերին եւ ուղղաթիռներով որս անող՝ Ղարաբաղում երբեմնի կռվածներին» Խոսրովի անտառից հանելը։ Պրն Այվազյանը պարծեցավ. «Քանի՜ հոգու ձեռք ենք բռնել՝ նույն ֆիդայիններից»։ «Քաղաքական եմ արդեն խոսում»՝ ճշգրտեց Վ. Այվազյանը եւ «քաղաքական» ասաց. «Ուզում եմ անտառներին ձեռ չտան, բայց ուզում եմ հաց ուտել» (Կարծում ենք, նկատի ուներ՝ ժողովուրդն ուզում է անտառներին ձեռք չտալ, բայց ուտել եւս ուզում է- Ա. Գ.)։ Ու պաթետիկ (համարյա արժանի Շեքսպիրի «Գլոբ» թատրոնում ներկայացվելու) նետեց. «Դե, եկեք որոշե՛նք»։ Նորմատիվային չափորոշիչներ կիրառելուց հետո միայն որոշելու՝ ՀԿ ներկայացուցիչների արձագանքին ի պատասխան պրն Այվազյանը կոչ արեց միասին՝ ՀԿ-ների եւ գիտնականների հետ որոշելու։ Ի դեպ, գիտնականների հետ՝ իր նշանակումից անմիջապես հետո ունեցած հանդիպմանը, նույն կոչերն է արել պրն Այվազյանը ու, բնականաբար, համաձայնության պատասխան ստացել։ Միայն թե, ինքն էլ ասաց, որ այժմ խնդրում է իրեն ներկայացնել Սեւանից 1 մլրդ 370 մլն խմ ջրի գոլորշիացման գիտական հիմնավորումները. «Չեն տալիս»։ Իսկ այ, բնական ռեսուրսների գերշռայլ օգտագործման մեջ հասարակ մահկանացուներս ենք մեղավոր. «Ձեր ընտրած պատգամավորներն են անում»։ Ինչեւէ, ՀԿ-ների հետ համագործակցելու պրն նախարարի ազնիվ մղումները առաջին հանդիպմանը ձեւ եւ կաղապար չստացան, թեեւ կողմերը երկուստեք իրենց գոհունակությունը հայտնեցին հավաքից։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել