Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՈՎ Է

Օգոստոս 16,2001 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՈՎ Է Նախագահ Ռոբերտ Քոչարյանին բոլոր լրատվամիջոցները պատկերում են սեւ ակնոցով, իրականում նախագահը վարդագույն ակնոցով է նայում իր գլխավորած երկրին եւ ժողովրդին, որը մոտ երեք տարի առաջ այլ խոսքով կոչվում էր «իմ կուսակցություն»։ Նախագահի վարդագույն ակնոցները նրան թյուրիմացության մեջ են պահում։ Ժողովուրդն ամեն րոպե եւ ամեն քայլափոխի պնդում է, որ վատ է ապրում, որ առտնին խնդիրների ծանրությունից, մի կտոր հաց վաստակելու հոգսից չի կարողանում շտկել մեջքը։ Հասարակությունն արտագաղթի ահագնացող չափերից, աշխատանք չունենալու, վաղվա օրվա նկատմամբ անորոշությունից պարզապես հուսահատվել է։ Նույն բանը փաստում են մի շարք միջազգային կազմակերպություններ, ՀԲ-ն, օրինակ, տարակուսանք է հայտնում, թե ինչպես կարո՞ղ է տնտեսական աճ ցուցադրող երկրում չպակասել աղքատությունը։ Իսկ որ աղքատությունը չի պակասում՝ անառարկելի փաստ է։ Բայց նախագահի վարդագույն ակնոցներն արգելում են, որ մարդը կյանքը տեսնի ինչպես որ է։ Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա այցելելով, մի քանի նրբաճաշակ տղամարդկանց համար նախատեսված անդրավարտիք շոշափելուց հետո, նախագահը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ ինքը համաձայն չէ ՀԲ-ի հետ. «Իհարկե պակասում է աղքատությունը, ուղղակի ես չեմ կասկածում, որ այս գործընթացների արդյունքը լինելու է հենց աղքատության պակասումը, նվազեցումը։ Ուղղակի ես համաձայն չեմ այդպիսի գնահատականի»։ Նախագահը հայտնում է, որ եթե 20 տոկոսով արտահանման աճ է գրանցվել, ուրեմն՝ այդ քանակի ավելի արտադրանք է արտադրվել, մարդիկ վարձատրվել են եւ աշխատավարձ են ստացել։ Ինչպե՞ս կարող է աղքատությունը չպակասել։ Կրկին մեղավորը վարդագույն ակնոցներն են։ Կամ էլ նախագահին ճիշտ տեղեկություն չի տրվում եւ չի զգուշացվում, որ թղթի վրա գրված թվերն այլ են, իրականությունը՝ բոլորովին ուրիշ։ Չմոռանալով նաեւ 40 հազարանոց իր խոստումը, նախագահը խոստացավ 2001-ին ստեղծված աշխատատեղերի ամփոփումը ներկայացնել նոյեմբերին։ Վստահ եղեք՝ նախագահը կհայտարարի, որ կատարել է 40 հազար աշխատատեղ ստեղծելու իր խոստումը։ Ինքը մեղավոր չէ, վարդագույն են մարդու ակնոցները։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել