Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Օգոստոս 16,2001 00:00

Տնտեսական բացահայտումներ Երեկ այցելելով Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա նախագահ Քոչարյանն իր տեսակետներն արտահայտեց մի շարք հրատապ տնտեսական հարցերի շուրջ. ԲԷՑ-երի սեփականաշնորհում. Մասնավոր հատվածը պետք է մուտք գործի նաեւ էներգետիկայի ոլորտ: Նախ եւ առաջ դա վերաբերում է բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհմանը: Ներկայումս արտադրությունն ու ծառայությունների ոլորտն աստիճանաբար անցնում են մասնավոր հատված, մինչդեռ էներգետիկ համակարգը շարունակում է մնալ պետության սեփականություն, ինչը կարող է հանգեցնել մասնավոր շահերի բախմանը պետության շահերի հետ: Արդյունքում՝ կտուժի պետբյուջեն: «ԱրմենՏել». Հայաստանի իշխանությունները լրջորեն ուսումնասիրում են իրենց հարաբերություններն «ԱրմենՏել» ընկերության հետ: Ներկա պահին պաշտոնական Երեւանը փորձում է հասկանալ, թե «ԱրմենՏել» ընկերության տերերն ինչ ծավալով են կատարել իրենց ներդրումային պարտավորությունները: Մի շարք ուղղություններով «ԱրմենՏել»-ը բնական մենաշնորհատեր է, եւ նրա գործունեությունը կարգավորվում է պայմանագրով: Այդուհանդերձ ընկերության առջեւ որոշ պարտավորություններ ունի նաեւ ՀՀ կառավարությունը: Դրանց կատարման պարագայում կարելի կլինի ավելի հիմնավորված խոսել «ԱրմենՏել»-ի հետ: «ԱրմենՏել» ընկերությունն զգալի ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսությունում: Կոնյակի գործարան եւ սեփականաշնորհում ընդհանրապես. Երեւանի կոնյակի գործարանի վաճառքը Հայաստանում սեփականաշնորհման առավել հաջող փորձն է: Սեփականաշնորհումից հետո Երեւանի կոնյակի գործարանի ցուցանիշներն աճել են բոլոր ուղղություններով: Ավելացել են ինչպես վաճառքի եւ արտահանման ծավալները, այնպես էլ այսօր աշխարհի 22 երկրներ արտահանվող արտադրանքի որակը: Ներկայումս մենք զբաղվում ենք խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհմամբ, որը որակապես տարբերվում է ավելի վաղ Հայաստանում անցկացված վաուչերային սեփականաշնորհումից: Այժմ սեփականաշնորհումն իրականացվում է երկրի խոշոր ձեռնարկություններում ներդրումներ կատարելու եւ ներդրողների կողմից աշխատանքային կոլեկտիվների առջեւ ստանձնած սոցիալական պարտավորությունների կատարման պարտադիր պայմանով: Ներկայումս անցկացվող սեփականաշնորհման արդյունքներն ի հայտ կգան տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեմպերն զգալիորեն գերազանցում են նախատեսված ծավալները: Ներկայումս անհրաժեշտ է պահանջվող չափանիշներին հասցնել կրթության մակարդակը երկրի բուհերում: Հաճախ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներն ստիպված են համալսարանն ավարտելուց հետո վերապատրաստվել արդեն գործարարության ոլորտում: Այդ առնչությամբ Հայաստանում դիտվում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների պակաս: ՀԲ-ն եւ Հայաստանը. Եթե Հայաստանում դիտվում է տնտեսական աճ, ավելանում են աշխատատեղերի թիվն ու արտահանման ծավալները, դա պետք է նպաստի հանրապետությունում աղքատության մակարդակի նվազմանը: Իհարկե, գործընթացներն ընթանում են ոչ այնքան բարձր տեմպերով, որոնց մենք կցանկանայինք հասնել, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանում կա աղքատության մակարդակի նվազում, քանի որ արտադրության աճն ու աղքատության մակարդակի նվազումը փոխկապակցված գործընթացներ են: Այդուհանդերձ Հայաստանի ղեկավարությունն արդեն գործուն կերպով եւ արդյունավետորեն համագործակցում է Համաշխարհային բանկի հետ: Կան մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ մեր գնահատականները տարբեր են, սակայն ՀԲ-ի հետ համագործակցության մակարդակը ես, միանշանակ, դրական եմ գնահատում: Ըստ ԱՐՄԻՆՖՈ գործակալության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել