Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Օգոստոս 16,2001 00:00

«ԳՈՐԾԸ» ԼՌՎԵ՞Լ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության՝ 09.04.2001թ. թիվ 258 եւ 293 հրամանների հիման վրա ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության եւ Արագածոտնի մարզի տարածքային վերահսկողության բաժնի աշխատակիցները Արագածոտնի մարզում ստուգումներ էին անցկացրել՝ պարզելու Պարտիզակ գյուղի խմելու ջրագծի վերակառուցման համար հատկացված գումարների ծախսման ճշտությունը: Ստուգումը սկսվել եւ ավարտվել էր ս/թ ապրիլի 9-ից մինչեւ մայիսի 7-ը: Արդյունքում հայտնաբերվել էին խոշոր չափերի յուրացման փաստեր: Կազմվել էր համապատասխան ակտ: «Առավոտն» օպերատիվ կերպով արձագանքել էր մարզում կատարված ստուգումներին ու դրանց արդյունքներին: Օրերս մարզի մի քանի բնակիչներ դարձյալ դիմեցին խմբագրությանը: Նրանք պնդում են, թե՝ «ՀՀ գլխավոր դատախազությունը օպերատիվ կերպով արձագանքել է հրապարակմանը եւ առկա են դրական տեղաշարժեր: Մասնավորապես հասարակական մեծ հնչեղություն ունեցող Պարտիզակի ջրագծի շինարարության ընթացքում տեղ գտած՝ 22 միլիոն դրամի՝ կամ շուրջ 40 հազար դոլարի յուրացման փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարում է մարզի դատախազությունը, իսկ Արտաշավան-Աշտարակ ջրագծի շինարարության ընթացքում տեղ գտած չարաշահումների մասին նյութերը մարզային դատախազությունից տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազության վարույթ»: Միաժամանակ, մարզի բնակիչներից ոմանք մտավախություն են հայտնում, թե կոնկրետ Պարտիզակի «գործը» փակուղի է մտել, որովհետեւ ամենատարբեր պաշտոնյաների կողմից մարզային դատախազության վրա ճնշումներ են գործադրվում: Նախ նշվում է, թե հուլիսի վերջին Արագածոտնի մարզային դատախազին է այցելել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նրանք, իբր, երկար ժամանակ փակված են եղել դատախազի աշխատասենյակում, ապա նրանց է միացել Արագածոտնի մարզպետ, մեկ այլ դաշնակցական՝ Հրայր Կարապետյանը: Ավելի ուշ, ստուգումներ կատարելու նպատակով Արագածոտն են այցելել նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները, որոնք, մարզի բնակիչներից մի քանիսի տեղեկությունների համաձայն, «ԳԱԶ 31» մակնիշի 019 ԼՏ 01 պետահամարանիշի ավտոմեքենայով մարզպետ Հրայր Կարապետյանի հետ Աշտարակի ձորում ճաշել են: Թե որքանով են հավաստի այդ տեղեկությունները՝ ճշտել չհաջողվեց, որովհետեւ պարոն Հրայր Կարապետյանին երեկ գտնել պարզապես հնարավոր չեղավ, թեեւ պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա մեկնաբանությունները հիշատակված հանդիպումների եւ այլնի մասին: Միեւնույն ժամանակ մարզի, այսպես ասած, ակտիվ բնակիչները ՀՀ գլխավոր դատախազին կոչ են անում Պարտիզակի «գործն» էլ «շուտափույթ տեղափոխել հանրապետության դատախազության վարույթ», ուր վերջիններիս կարծիքով՝ «կբացառվեն ճնշումներն ու միջամտությունը»: Այն, որ պետական միջոցների ամենախոշոր յուրացումները հենց շինարարության ոլորտում են գրանցվում, թերեւս, հաստատման կարիք չունի. դա աքսիոմա է: Կոնկրետ Թալինի շրջանի Պարտիզակ գյուղի խմելաջրի խողովակի վերականգնման համար պետության կողմից հատկացված գումարները տնօրինվել, ծախսվել ու վերջապես, ըստ ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության վերահսկողության գլխավոր վարչության ներկայացրած ակտի, ըստ էության, յուրացվել են Արագածոտնի մարզպետարանի՝ իբրեւ ջրագծի վերականգնման պատվիրատուի, եւ «Ապարանշին» ԲԲԸ-ի՝ իբրեւ կապալառուի, օղակում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակով համապատասխան միջոցներ հատկացնելու մասին որոշում էր կայացրել դեռ 99-ին: Նույն թվականի հուլիսի 1-ին Արագածոտնի մարզպետարանը ջրագծի վերակառուցման պետպատվերի տեղադրման «բաց մրցույթ» է հայտարարել եւ հաջորդ օրը հրապարակել դրա արդյունքը՝ հաղթող ճանաչելով «Ապարանշին» ԲԲԸ-ին, որը ներկայացրել է շինարարության նվազագույն արժեքի առաջարկը՝ 29260.656 հազ. դրամ: Սույնի մասին արձանագրությունը հաստատել է Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը: Ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերահսկողական գլխավոր վարչության ստուգման ակտի, ստուգումների ժամանակ այդպես էլ չի ներկայացվել մարզպետարանի եւ «Ապարանշին» ԲԲԸ-ի միջեւ կնքված համապատասխան պայմանագիրը: Ստուգումների արդյունքում պարզվել է նաեւ, որ 1999-2000թթ. Պարտիզակ գյուղի ջրամատակարարման վերակառուցման համար կազմված եւ պատվիրատուի կողմից հաստատված կատարողականների գումարը կազմել է ճիշտ 29533.25 հազ.դրամ: Այդ գումարները հաշվարկվել եւ հաստատվել են նախահաշվային գներով՝ հաշվի չառնելով, որ առանձին ենթաօբյեկտների շինվերակառուցման աշխատանքների գումարը շինարարական ընկերությունը շահել է մրցույթով, հետեւաբար այդ աշխատանքների գումարը պետք է հաշվարկվեր մրցութային գներով: Պարզվել է, որ մարզպետարանը կատարված շինաշխատանքների կատարողականով ցույց է տվել իբր կատարված աշխատանքների դիմաց արված ծախսեր, որոնք իրականում չեն իրականացվել: Ստուգման ակտում նման պատկառելի օրինակները շարադրված են ավելի քան 15 էջում ու թե էլի որքան փաստեր են հարկավոր հենց միայն Պարտիզակի մասով քրեական գործ հարուցելու համար, կարող են ասել, թերեւս, միայն մեր իրավապահները, որոնք իբր 8 միլիոն դրամի յուրացումների համար քաղաքական «բազարներ» էին անում «Օգոստոս» գործակալության հետ: Ամեն դեպքում վերջին խոսքը հանրապետության գլխավոր դատախազինն է: Իսկ նա կլինի՞ այնքան հետեւողական յուրացումների դեմ պայքարում, որքան «հետեւողական» էր, ասենք, Աշոտ Բլեյանին մեղադրանք ներկայացնելու հարցում, ցույց կտա ապագան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել