Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ՝ քաղաքացիական ավիացիայի մասին

Օգոստոս 16,2001 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱԼԱՂԱՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԱՇՆԱՆԸ Այժմ՝ քաղաքացիական ավիացիայի մասին Երեւանում է գտնվում Իտալիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, նաեւ՝ Եվրոպայի քաղավիացիայի կոնֆերանսի նախագահ Ալֆրեդո Ռոմանը, որը երեկ ԱԳ նախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրել։ Կարեւորելով արթմնի թռիչքները, ավիացիայի խնդիրները, ներկա գտնվեցինք ասուլիսին։ Սակայն կար եւս մեկ ոչ պակաս կարեւոր հանգամանք՝ քաղաքական բոլոր գործիչներն իրենց սենսացիոն հայտարարությունները, «խելացի» հարցազրույցները, «անկողմնակալ» գնահատականները պահպանում են ամռան վերջի եւ աշնան սկզբի համար։ Մեզ ուրիշ բան չի մնում, քան ավելի կոնկրետ եւ շնորհակալ գործով զբաղվել։ Այս դեպքում, դա քաղաքացիական ավիացիան է։ Եվրոպայի քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսն ունի 38 անդամ պետություններ, ավելի շատ, քան Եվրոպական միությունը։ Հայաստանը կոնֆերանսի անդամ է 1996 թվից։ Այս պահին քննարկվում է Ադրբեջանի անդամակցության հարցը, ինչպես նաեւ Հայաստանի անդամակցության հարցը եվրոպական տրանսպորտի նախարարների խորհրդին։ Քննարկվում էր նաեւ ԼՂՀ օդային տարածքների հարցը, որը քաղաքացիական օդային թռիչքների համար այժմ փակ է։ Պրն Ռոմանը հայտարարեց, որ Ադրբեջանը եւ Հայաստանը փոխադարձության հիմունքներով պատրաստ են ետ վերցնել այն արգելքները, որոնք միմյանց առաջադրվել են եվրոպական կազմակերպություններին անդամակցելու վերաբերյալ։ Ղարաբաղի հարցը մի փոքր այլ է։ Այս տարվա հոկտեմբերին կոնֆերանսի փարիզյան գրասենյակում կկազմակերպվի հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ, որի ընթացքում կքննարկվեն բոլոր հարցերը, նաեւ՝ ԼՂՀ օդային ճանապարհների վերաշահագործման հարցը։ Առայժմ ղարաբաղյան կողմը որեւէ բանակցության չի մասնակցում։ Եվրոպացիք Հայաստանի դիրքորոշումը դիտում են նաեւ որպես Ղարաբաղի դիրքորոշում։ Թեպետ, հայտնվեց, որ համապատասխան պահի Ղարաբաղը եւս կմասնակցի հարցերի քննարկմանը։ Ղարաբաղյան օդային ուղիների հնարավոր բացման հետ կապված պրն Ռոմանն ասաց, որ 1995-ից ի վեր փակված օդային ուղիները թռիչքային անվտանգության նորմեր չեն ապահովում տարանցիկ թռիչքների համար։ Պրն Ռոմանը չուզեց քաղաքական տեսանկյունից դիտարկել հարցը եւ շեշտը դրեց տեխնիկական հարցերի վրա։ Փաստորեն, պետք է տեխնիկական նոր լուծումներ առաջադրվեն, որպեսզի ընդամենը թռիչքային ապահովության չափանիշներն ապահովվեն։ Եվրոպական կողմը շահագրգիռ է Հայաստանը եւ Ադրբեջանը, նաեւ՝ Ղարաբաղը դիտել տարածաշրջանային խնդիրների շրջանակում եւ ամեն ինչ անելու է եղած արգելքները վերացնելու համար։ Թեպետ գաղտնիք չէ, որ Հայաստանի՝ եվրոպական տրանսպորտի նախարարների խորհրդին անդամակցելու հարցի առնչությամբ, բացասական դիրքորոշում է հայտնել Թուրքիան։ Թուրքական իշխանությունների հետ եւս բացատրական աշխատանք է տարվելու (եվրոպացիներն այն կոչում են՝ քննարկում) հարցի լուծման համար։ Որպես եվրոպական կոնֆերանսի մասնակից-անդամ պետություն, Հայաստանն, անշուշտ, որոշակի պարտավորություններ ունի։ Ի՞նչ պարտավորություններ են դրանք եւ ինչպե՞ս են կատարվում։ Ալֆրեդո Ռոմանը հայտնեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի քաղավիացիայի կողմից առաջընթաց կա պարտավորությունների կատարման ոլորտում։ Որպես օրինակ նշվեց Հայաստանի ավիացիայում իրականացված ստուգումները (ստուգումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը)։ Պրն նախագահը շեշտեց, որ իրենք կցանկանային Հայկական քաղավիացիայում արեւմտյան արտադրության օդանավեր ավելի շատ տեսնել։ Կարելի է կարծել՝ քիչն արդեն ունենք։ Մեր ունեցածն ի՞նչ է՝ մի «Էյրբաս-320», մնացածը հին խորհրդային ավիացիան է։ Մեր ինքնաթիռները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու խնդիր ունեն, հակառակ դեպքում՝ ոչ հեռավոր ապագայում, որեւէ եվրոպական օդակայան չի համաձայնի ընդունել հայկական ավիաուղիների աղմկոտ ինքնաթիռները։ Ձայնային սահմանափակումներն, ըստ էության, միայն ռուսական արտադրության օդանավերին չեն վերաբերում, այլ նաեւ՝ ամերիկյան օդանավերին։ Աղմկոտ ինքնաթիռները 2002 թվականի հունիսից այլեւս թռիչքներ չեն կարող կատարել դեպի եվրոպական օդակայաններ։ Ամերիկյաններից «վետոն» վերաբերում է «Բոինգ-727» տիպի ինքնաթիռներին: Թեպետ ամերիկացիները ձայնախլացուցիչներ են տեղադրում վերջիններիս վրա, սակայն եվրոպացիներին դա չի բավարարում։ Եվրոպացիներն ավելի խիստ չափանիշներ ունեն։ Հարցը քննարկման փոլում է։ Չի բացառվում, որ վերը նշված արգելքի ժամկետը մի փոքր կերկարացվի, քանի որ աղմկոտները չափազանց շատ են։ «Առավոտ»-ի խնդրանքով, Եվրոպական քաղավիացիայի կոնֆերանսի նախագահը գնահատեց հայկական քաղավիացիայի այսօրվա տեխնիկական վիճակը։ Ըստ մեր իտալացի բարեկամի, մեր ավիացիայի թռիչքները բավարարում են միջազգային չափանիշներին։ Միակ դիտարկումն այն է, որ ՀԱՈՒ-ի շարժակազմն արդեն հին օդանավերով է կազմավորված եւ չափազանց անհրաժեշտ է, որպեսզի շարժակազմը նորացվի (փակագծի մեջ շեշտվեց՝ «Էյրբասի» տիպի ինքնաթիռներով)։ Այստեղ մանրամասն բացատրվեց, որ չափազանց հեշտ է նույն տիպի ինքնաթիռներից մեկից մյուսի անցման դեպքում օդաչուի վերապատրաստումը։ Թերեւս մեզ նոր «Էյրբաս»-ներ են սպասվում եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող թռիչքներ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել