Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԼԱՄԱՐՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Օգոստոս 15,2001 00:00

ՑԼԱՄԱՐՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Տուրիստական կազմակերպությունների կարծիքով զբոսաշրջիկները Հայաստան չեն ժամանում եւ չեն հետաքրքրվում քրիստոնեության 1700- ամյակին նվիրված տոնակատարություններով, քանի որ, դրանցից բացի, այլ հետաքրքրություններ չկան։ «Վալենսիա տուր եւ X գրուպ» կազմակերպությունը որոշեց, որ լավ կլինի, եթե Երեւանը դառնա տուրիզմի կենտրոն։ Ըստ վերը նշված կազմակերպության նախագահ Խաչիկ Խաչատրյանի, զբոսաշրջիկներին հետաքրքրում են աննախադեպ, եզակի միջոցառումները։ Այդ նպատակով կազմակերպությունը սեպտեմբերին «Դինամո» մարզադաշտում նախատեսում է անցկացնել ցլամարտ։ «Այդ միտքն առաջացել է դեռեւս անցյալ տարի, սակայն որոշեցինք իրականացնել այս տարի սեպտեմբերի 7-ին, 8-ին եւ 9-ին։ Այս երեք օրերը հայտարարվելու են իսպանական օրեր։ Լինելու են երգեր, պարեր եւ իսպանական ոճի այլ միջոցառումներ»,- ասաց Խ. Խաչատրյանը։ Նա նշեց, որ երբ իրենց նախաձեռնության մասին տեղեկացրել են իսպանացի բարեկամներին՝ «նրանք ուրախացան, որ առաջին անգամ ցլամարտն անցկացվելու է ոչ թե Իսպանիայում, այլ Հայաստանում»։ Խ. Խաչատրյանի խոսքերով, արդեն ամեն ինչ պատրաստ է՝ բոլոր ծախսերը հոգալու է «Վալենսիա տուր եւ X գրուպ» կազմակերպությունը եւ կծախսվի 2 մլն դոլար։ Խ. Խաչատրյանն ասաց, որ եթե այս նախաձեռնությունը հավանության արժանանա, ապա իրենք տարին 2 անգամ կկազմակերպեն ցլամարտ։ «Քանի որ շատ թանկ հաճույք է ինքնաթիռով ցուլ տեղափոխելը, դրա համար ցուլերը մեզ մոտ կպահենք, իսկ մարզիկներին կուղարկենք Իսպանիա վերապատրաստման»։ Վերջինիս հավաստմամբ, ցլամարտի ժամանակ խաղարկվելու են ավտոմեքենա եւ այլ կենցաղային իրեր։ «Այնպես որ, թե՛ հայրենակիցները եւ թե՛ հյուրերը կստանան մեծ հաճույք»,- հավաստեց Խ. Խաչատրյանը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել