Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղբարկղերը շատ թանկ հաճույք են»

Օգոստոս 15,2001 00:00

«Աղբարկղերը շատ թանկ հաճույք են» Երեւանի մյուս թաղամասերի համեմատությամբ Սարի թաղը, որը գտնվում է Էրեբունի համայնքում, հարուստ է բազմաթիվ պրոբլեմներով։ Սկսենք նրանից, որ ամառվա այս տապին հատկապես անտանելի է բակերում կուտակված աղբը, որը, եթե բնակչին չանհանգստացնի, կարող է եւ ամիսներով մնալ իր տեղում՝ գարշահոտություն տարածելով փողոցով մեկ։ Նման իրավիճակը ոչ թե բնակչի անհոգության պատճառով է, այլ թաղամասերում աղբատար մեքենաների բացակայության հետեւանք։ Աղբից ազատվելու համար մարդիկ իրենք են այն տեղափոխում կամ ոտքով՝ կտրելով բավական երկար ճանապարհ, կամ, լավագույն դեպքում, մեքենայով։ Տեղաբնակների վկայությամբ, աղբատար մեքենա փողոցներում վերջին անգամ երեւացել է մոտ երկուսուկես ամիս առաջ։ «Առաջ գոնե ամիսը մեկ էլի գալիս էր, հիմա երկու ամիս է չի երեւացել»,- ասաց բնակիչներից մեկը։ Ի հակադրություն բնակիչների պատմածների, հարցի շուրջ բոլորովին այլ բան ասաց Էրեբունի թաղապետարանի կոմունալ վարչության պետ Սուրեն Ասլիկյանը։ Նրա հետ հեռախոսազրույցից պարզվեց, որ Սարի թաղում գրեթե ամեն օր մինչեւ առավոտյան ժամը 11-ը աղբատար մեքենաներն աշխատում են։ Սակայն այդ աշխատանքը կատարվում է հատկապես այն փողոցներում, որոնք համարվում են կենտրոնական եւ որտեղ տեղադրված են աղբարկղեր։ Ըստ կոմունալ վարչության պետի, աղբարկղեր կան, օրինակ, թիվ 47 դպրոցի, մանկական պոլիկլինիկայի մոտակայքերում (խորհուրդ է տրվում Սարի թաղի ողջ բնակչությանը աղբը տանել նշված տեղամասեր- Հ. Մ.)։ Թե ինչու աղբարկղեր չկան նաեւ թաղի ոչ կենտրոնական փողոցներում, պրն Ասլիկյանը պարզաբանեց. «Աղբարկղերը շատ թանկ հաճույք են եւ հնարավոր չէ բոլոր փողոցներում տեղադրել։ Սա վճարովի ծառայություն է։ Եթե բնակիչը չի վճարում, ապա ՍՊԸ-ն հնարավորություն չի ունենում վճարելու մեքենաներին»։ Ս. Ասլիկյանի կարծիքով, փողոցների աղբը չտեղափոխելու միակ մեղավորները բնակիչներն են, որոնք չեն վճարում աղբահանության դիմաց։ «Մի՞թե չվճարելու համար կարելի է նման հակասանիտարական վիճակ ստեղծել» հարցին կոմունալ վարչության պետը պատասխանեց, որ իրենց համար միեւնույն է՝ դա (վճարումը) հողի համար կլինի, էներգիայի, թե աղբի։ «Ջուրը, որ ջուր է, մարդիկ վճարում են, աղբի համար ինչո՞ւ պիտի չվճարեն»,- ասաց նա, վկայակոչելով պետության ներկայիս ծանր վիճակը։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ Հ. Գ. Վերջերս Սարի թաղում տեղի ունեցած դժբախտ պատահարը կապված էր հենց աղբի տեղափոխման հետ։ Մոտ մեկ շաբաթ առաջ ուշ գիշերով աղբը տեղափոխելու ժամանակ էլեկտրական հոսանքի բաց գծին բախվեց եւ հրկիզվեց «Երազ» մակնիշի մեքենան (զոհվել են բոլոր չորսը՝ երեք երիտասարդ եւ 5 տարեկան երեխա)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել