Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժամանակին

Օգոստոս 15,2001 00:00

Կինոթատրոնները՝ երեկ եւ այսօր Ժամանակին միայն մայրաքաղաքում 18 գործող կինոթատրոն կար, որտեղ գրեթե ամեն օր ֆիլմեր էին ցուցադրվում եւ որոնց տոմսարկղերի առջեւ մշտապես հերթեր էին գոյանում։ Այսօր պատկերն այլ է. կտրուկ փոփոխվել է կինոթատրոնների կարգավիճակը։ Իր պայմանները թելադրեց նաեւ սեփականաշնորհման գործընթացը, որը մինչ այժմ էլ ընթացքի մեջ է։ Մի քանի կինոթատրոն պահպանեցին իրենց նախկին գործառույթը, իսկ մյուսներն այլ նպատակների համար են ծառայեցվում։ Գործող կինոթատրոնները հինգն են։ Դրանցից ամենահզորը «Մոսկվան» է, որտեղ հիմնականում մեծ պահանջարկ ունեցող ֆիլմեր են ցուցադրվում։ Նմանատիպ գործունեությամբ է հանդես գալիս նաեւ «Հայֆիլմին» պատկանող «Հրազդան» կինոթատրոնը։ «Այրարատ» եւ «Երեւան» կինոթատրոնները հայտնի են պոռնոգրաֆիական ֆիլմերի ցուցադրությամբ։ Գործող կինոթատրոն է համարվում մանկապատանեկան զանգվածների համար նախատեսված «Պիոները», որն ունի հրաշալի ֆիլմադարան, սակայն տեխնիկական վերազինման եւ նորոգման կարիք ունի։ Վերանորոգման աշխատանքներից հետո շուտով կգործի նաեւ «Նաիրի» կինոթատրոնը։ Դրան անհամբեր սպասում են շատ երեւանցիներ։ Իսկ այժմ մյուս կինոթատրոնների ճակատագրի մասին։ Այսպիսով, սեփականաշնորհումից հետո «Կոմիտասը» վերածվել է ավտոսրահի, «Արագածը»՝ պահեստի, իսկ «Հայրենիքը» ընդհանրապես չի գործում։ «Զվարթնոց», «Սեւան» կինոթատրոնները հասարակությանը ծառայում են որպես տոնավաճառներ։ Լուծարման շեմին են գտնվում «Ուսանող», «Նորավան» կինոթատրոնները։ Վերջինիս աշխատանքային կոլեկտիվը ցանկանում է, որ սեփականաշնորհումից հետո կինոթատրոնը պահպանի իր նախկին ֆունկցիան։ Այս հարցի անմիջական կարգավորումը սեփականաշնորհման նախարարությունից է ակնկալվում։ Նախկին «Անի» կինոթատրոնը այժմ սեփականաշնորհված է եւ դարձել է «Տորնադո» պարասրահ, որն ինչ-որ չափով մշակութային ոլորտին է ծառայում, սակայն այստեղ էլ խախտված է սեփականաշնորհման պայմանագիրը։ Ըստ դրա, արգելված է փոփոխության ենթարկել կինոթատրոնի արտաքին տեսքը, նաեւ գործունեության ոլորտը։ Իր մշակութային գործառույթը չի խախտել Արմեն Ամիրյանի եւ Հակոբ Ջամբազյանի սեփականությանը պատկանող «Հայաստան» կինոթատրոնը։ Այսօր այն կոչվում է «ԱրմենԱկոբ» մշակութային կենտրոն, որտեղ գործում են երգչախումբ, արվեստի խմբակներ, ձայնագրման ստուդիա։ Չսեփականաշնորհված կինոթատրոնները գտնվում են թաղապետարանների ենթակայության ներքո։ Պետք է նշել, որ գործող կինոթատրոններն աշխատում են հիմնականում վնասով։ Կինոդիտումները «Այրարատ», «Հրազդան» կինոթատրոններում ընթանում են համարյա դատարկ դահլիճներում՝ հիմնականում 5-10 հոգու համար, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայի նորույթներով, հաճախելիությունը 50-60% է։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել