Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդների

Օգոստոս 15,2001 00:00

ԱԱ-ի տեսանելի ու անտեսանելի հսկողությունը Դիմորդների ծնողներից մեկը ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի ներկայությամբ երկու օր առաջ բողոքեց, որ անգլերեն 2 գրավոր քննության ժամանակ առարկայական հանձնաժողովի անդամները օգնում են իրենց ծանոթներին, իսկ մյուս դիմորդների նկատմամբ խիստ անբարյացակամ են։ Երեկ, որպես դիտորդ այցելելով այդ քննությանը, քննասենյակում հանդիպեցինք Ազգային անվտանգության նախարարության ներկայացուցչին։ Քննությունների ընթացքը վերահսկող ԱԱՆ ներկայացուցիչը, որը նաեւ Հանրապետական ընդունող հանձնաժողովի անդամ է, ի պաշտոնե եւ ավանդաբար լրագրողների հարցերին չի պատասխանում։ Այս դեպքում եւս հնարավոր չեղավ պարզել՝ հատո՞ւկ ուշադրություն կա այս հանձնաժողովի նկատմամբ, թե՞ պարզապես հերթապահ այց էր։ Հանձնաժողովի նախագահ Ելենա Երզնկյանը, ի պատասխան ԱԱՆ ներկայացուցչի մասնակցության մասին մեր հետաքրքրությանը, ասաց. «Ամեն օր գալիս-գնում են եւ ոչ միայն մեր հանձնաժողով»։ Սա նաեւ հայոց պատմություն քննության առարկայական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Հարությունյանը հաստատեց ու նաեւ նկատեց. «ԱԱՆ-ն կարող է իր ներկայությունն առանց մեր իմանալու էլ ապահովել։ Եթե այս կազմակերպությունը այստեղ ներկա գտնվելով պետք է հսկողությունն ապահովի, նշանակում է այդ կազմակերպությունը լավ չի աշխատում։ Նրանց ներկայացուցչի քննասենյակում ներկա չլինելը շատ ավելի մեծ երաշխիք է, որ իրենք կարող են լավատեղյակ լինել ամեն ինչից»։ Օգնո՞ւմ են ծանոթ դիմորդներին հարցին պատասխանելու փոխարեն անգլերեն 2 հանձնաժողովի նախագահ Ելենա Երզնկյանն առաջարկեց ներկա լինել քննությանը եւ անձամբ համոզվել՝ օգնո՞ւմ են, թե՞ ոչ։ Քննություններին ոչ միայն ԱԱ, այլեւ դիտորդների ներկայության արդյունավետությանը խիստ կասկածելով՝ այդ հրավերից դժվար օգտվենք, մանավանդ որ, անհնար է ամեն օր, սկզբից մինչեւ վերջ բոլոր քննություններին մասնակցել։ Իսկ հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ բոլոր դիմորդների նկատմամբ էլ հավասար ու բարյացակամ վերաբերմունք ունեն։ Այս հանձնաժողովի աշխատանքից ծնողների բողոքները համեմատաբար ավելի շատ են։ Տիկին Երզնկյանը հավատացրեց, թե այդ մասին առաջին անգամ մեզանից է լսում՝ «երեւի թե աշխատանքի մեջ եմ ու չգիտեմ, թե կարծիքն ինչպիսին է»։ Իսկ բողոքարկումների թիվը (օրական 6-7 բողոքարկում) հանձնաժողովի նախագահը շատ չի համարում եւ ասաց, որ քննություններն անցնում են շատ հանգիստ մթնոլորտում եւ դժգոհելու պատճառ ինքը չի տեսնում։ Հայոց պատմության հանձնաժողովի նախագահ Բաբկեն Հարությունյանի դիտարկմամբ՝ դիմորդները բավականին լավ են պատրաստված՝ թեեւ կազուսներ, երբ բոլշեւիկներին տեղափոխում են 19-րդ դար կամ Տիգրան Մեծին մեր օրեր՝ անպայման լինում են։ Թեեւ պրն Հարությունյանը իր իսկ բնութագրմամբ «ժլատ է գնահատման հարցում»՝ երկու 20 միավոր կա արդեն եւ հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, ոչ թե դպրոցական, այլ բուհական գիտելիքների մակարդակով գրված աշխատանքներ էին դրանք։ Վերջին տվյալներով մոտ 150 բողոքարկում է եղել (մոտ 1500 դիմորդ է արդեն քննություն հանձնել այս առարկայից) եւ 25 աշխատանքի գնահատական բարձրացել է բողոքարկման արդյունքում։ Այս թիվը պրն Հարությունյանը շատ չի համարում՝ «չմոռանանք, որ ստուգողը մարդ է, կարող է հոգնել ու ինչ-որ բան էլ ինքը վրիպել, հատկապես որ աշխատում ենք մինչեւ կեսգիշեր»։ Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ բողոքարկման ժամանակ այդ վրիպումները իրենք միշտ ուղղում են։ Այս առարկայից 9 դիմորդ նաեւ ՀԸՀ է դիմել, ընդ որում՝ 4-ի գնահատականը բարձրացվել է, մեկինը՝ նույնիսկ 2 միավորով։ Սակայն պրն Հարությունյանը տեղյակ չէ այդ բողոքարկումների մասին եւ թե ինչի հիման վրա են գնահատականը փոխել։ Այդ մասին առարկայական հանձնաժողովների նախագահներին տեղյակ չեն պահում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել