«ՀՈՊ-ՍՏՈՊ» ՎՃՌԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Անցյալ տարի մեր թերթի մայիսի 20-ի համարում լույս է տեսել լրագրող Ժենյա Մարտիրոսյանի «Տոկոսածուղակ, որի մեջ հայտնվածները նոր պեպոներ են» հոդվածը։ «Հոպ-ստոպ» բիզնեսի կնքահայրերը երեւանցի Մհեր եւ Վահան Մաթոսյան եղբայրներն են։ Էստոնիայի Տալին քաղաքից խոշոր գումար բերելով, գործարքի մեջ մտան «Կոնվերս» բանկի ՓԲ ընկերության աշխատակից Վահե Արշակյանի, «Գլաձոր» բանկի կառավարիչի տեղակալ Բադալյանի, բիրժայի աշխատակից Կարեն Սանթուրյանի հետ եւ առանց պետական գրանցման զբաղվեցին ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նրանք թվով 25 անձի տվեցին դոլարներ՝ գրավ վերցնելով 22 բնակարան, 2 ավտոմեքենա, զարդեղեն։ Առանց փոխառության պայմանագրի Միհրան Մաթոսյանը պետնոտարական գրասենյակի կողմից «Հոպ-ստոպի» այդ ծուղակում հայտնված Հայկ Մելքումյանի երկու եւ մոր մեկ սենյականոց բնակարանների առքուվաճառքի պայմանագիր կնքեց։ 17000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայկի մուծած 21987-ի մասին նա միայն իր դավթարում գրանցեց։ Ու երբ Հայկը ետ պահանջեց հանձնած բնակարանները, Միհրան Մաթոսյանը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանից թաքցնելով «տոկոսաառեւտրի» մասին, Հայկին «իր» բնակարանից վտարելու քաղհայց ներկայացրեց։ Թե՛ առաջին ատյանի եւ թե՛ ՀՀ վերաքննիչ դատարանները Հայկ Մելքումյանին ոչնչով օգնել չկարողացան։ Հայկը ապացույցներ չուներ, քանի որ տված գումարի դիմաց ստացական չէր վերցրել։ Այսպես նրա ընտանիքը հայտնվեց փողոցում։ ՀՀ ՆԳ 6-րդ վարչությունում եղբայրների նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ ՀՀ ՆԳՆ ԲԳՎ 3-րդ վարչության ավագ քննիչ Տ. Ռաֆյանը, վերանայելով վարույթի տակ գտնվող թիվ 69100700 քրեական գործի նյութերը, պարզեց, որ նրանց ծուղակում անմեղ մարդիկ են հայտնվել։ Առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար Միհրան եւ Վահե Մաթոսյան եղբայրների կատարած հանցագործությունը որակավորվեց ՀՀ քրօրի 155-1 հոդվածի 2-րդ մասով։ Սակայն հաշվի առնելով, որ հանցագործները անկեղծորեն զղջացել են կատարած արարքի համար, հարթել են իրենց գործողություններից առաջացած հանրության համար վտանգավոր հետեւանքները. պետբյուջե են մուծել ստացած եկամուտը եւ դադարել են հանցավոր գործունեությամբ զբաղվել, որոշեցին նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, որն էլ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազը։ Ստացվեց, որ հարուցված քրեական գործը վնաս էր տվել միայն պետական բյուջեին, իսկ անօթեւան մնացած Հայկի ու նրա նմանների նկատմամբ միայն ճշմարտությունը գրանցեցին, տուժածները վկաներ դարձան, առաջացած նոր հանգամանքների մասին գրավոր ոչ մի փաստաթուղթ նրանց չտվեցին։ Կենտրոն, Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում գտնվեց մի դատավոր, որն այդ գործի հետ առնչվող 3 քաղհայց միանգամից ընդունեց, բայց լսումը տեւեց 5 ամիս։ Այդ ամիսների ընթացքում, թեեւ ՀՀ ՆԳՆ ԲԳՎ 3-րդ վարչությունից պահանջեց տուժողների նկատմամբ առաջացած նոր հանգամանքների փաստաթղթերը, սակայն չհավատաց իրավապահ մարմիններին։ Այդ մասին նա հրապարակեց հինգ ամիս հետո, 25 րոպեում ավարտած դատավճռում։ Միայն յոթ օր հետո երեք հայցվորն ստացան դատավոր Պ. Օհանյանի վճիռը եւ իմացան այն պատճառաբանությունները, որոնց համար 3 հայցն էլ մերժվել էր։ Վկայակոչելով ՀՀ քաղդատօրի 52 հոդվածների պահանջները. «Նախկինում քննած քաղգործով օրինական ուժի մեջ մտած, դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս չեն ապացուցվում», դատավոր Պ. Օհանյանը շեշտեց նաեւ. «Ինչ վերաբերում է Վահե եւ Միհրան Մաթոսյանների ՀՀ ՆԳՆ ԲԳՎ-ում տված ցուցմունքներին, ապա դրանք նախապես հաստատված ապացույցների ուժ չունեն»։ Մի՞թե կարելի է աչք փակել ՀՀ ՆԳՎ-ի բացահայտած այն փաստերի առկայության դեմ, որ խոստովանել ու իրենց՝ հայերենից բոբիկ ձեռագրերով գրել ու անձնական ստորագրությամբ հաստատել են հանցագործները։ Եթե նրանց ներել են ու չեն կալանավորել, դա դեռ չի նշանակում, որ կատարած արարքների համար պետք է ծափահարի դատավորն ու փաստաբանը։ Եթե ներել են, դա դեռ իրավունք չի տալիս Վահե Մաթոսյանին զրպարտելու ՆԳ 6-րդ վարչության աշխատողներին, որ նրան ստիպել են խոստովանելու։ Էլ ուր մնացին վարչությանը ցուցմունք տվող տասը վկաները, այսօրվա վիճակով այն տասը բնակարանները, որ գտնվում է միայն Միհրան Մաթոսյանի իշխանության տակ, անօրինական գործունեությունը, որի համար պետբյուջե են մուծել մոտավորապես 40 հազար ԱՄՆ դոլար։ Գուցե դատավորն ու Մաթոսյանների իրավունքների պաշտպան Լ. Օհանյանը այդ փաստաթղթերում կարդացին, որ Մ. Մաթոսյանը Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարանից թաքցրել է, որ Հայկից բնակարանը վերցրել է տոկոսի դիմաց, որը 5 հազար ԱՄՆ դոլար ավելի տվել է նրան։ Իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է «Հոպ- ստոպ» բիզնեսի այն բարաթ-տետրը, որտեղ եղբայրները գրանցել են Հայկ Մելքումյանի վճարած գումարների մասին, չհաշված, որ այդ տետրը նրանք նորից փոխել են։ Հանցագործների իսկ ձեռագրերով գրված է, որ իրականում տան առքուվաճառք տեղի չի ունեցել, այն երաշխիք է եղել պարտքը մարելու համար։ Կնքման պայմանագիրը նույնպես ձեւական բնույթ է կրել եւ գործող ՀՀ քաղդատօրի 58 հոդվածի համաձայն, «Անավարտ է այն գործարքը, որը կնքվել է միայն առերեւույթ, առանց իրավաբանական հետքեր ստեղծելու մտադրությամբ, եթե գործարքը կնքվել է մի այլ գործարք քողարկելու նպատակով, ապա կիրառվում են այդ գործարքի կանոնները, որը նկատի են ունեցել կողմերը»։ Դատավորը չի հավատացել հոդվածին, ոչ էլ իրավապահ մարմինների կողմից բացահայտված փաստերին։ Հայցվորներն էլ չեն հավատում նրա արձակած վճիռներին եւ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան։ ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ