Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ

Օգոստոս 15,2001 00:00

Ո՞ւմ է ձեռնտու Մինչեւ 2000թ. դեկտեմբեր ամիսը թոշակառուների որոշ մասը իր հասանելիք թոշակը կանոնավոր ստանում էր խնայբանկից։ Սակայն որոշվեց կատարելագործել այդ գործընթացը։ Նախապես հայտարարվեց, որ թոշակառուների ցուցակները ճշտելու նպատակով թոշակները պետք է ստանալ, ասենք, Շենգավիթում, շրջանի կուլտուրայի պալատի առաջին հարկում տեղակայված սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գրասենյակից։ Ցուցակների «ճշտումը» շարունակվեց դեկտեմբեր (2000թ.), հունվար, փետրվար, մարտ, ապրիլ (2001թ.) ամիսներին։ Ես դիմեցի պետական հիմնադրամի ղեկավարությանը՝ խնդրելով վերականգնել խնայբանկում վճարման համակարգը։ Հիմնադրամի նախագահի տեղակալ Ա. Հարությունյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Կենսաթոշակառուների վերահաշվառում կատարելու եւ կենսաթոշակների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով «Հայխնայբանկ» ՊՓԲ ընկերության Երեւանի մասնաճյուղերի կողմից սպասարկվող կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումը 2000 թվականի դեկտեմբեր ամսից իրականացվում է հիմնադրամի վճարումների ծառայության միջոցով»։ 2000 թվականի դեկտեմբեր եւ 2001 թվականի հունվար ամիսների վճարումների ընթացքում կատարված ուսումնասիրություններից եւ դրանց արդյունքների ամփոփումից հետո «Հայխնայբանկ» ՊՓԲ ընկերությանն առաջարկվել է նվազեցնել ծառայությունների կատարման վարձավճարի չափը։ «Հայխնայբանկ» ՊՓԲ ընկերության կողմից հիմնադրամի առաջարկած վարձավճարի տոկոսաչափը ընդունվելու դեպքում կվերսկսվեն «Հայխնայբանկի» միջոցով կենսաթոշակների վճարումները։ Մինչեւ «Հիմնադրամը» եւ «Հայխնայբանկը» իրար հետ կլուծեն վարձավճարի տոկոսաչափը, թոշակառուները դատապարտված են տառապանքների։ Մեկ ցուցակը չի լինում, մեկ փողը չի լինում, իսկ երբ ցուցակն ու փողը կան, գոյանում են թոշակառուների մեծ հերթեր։ Շատ թոշակառուներ դժվարանում են քայլել, իսկ այստեղ ստիպում են օրվա մեջ մի քանի անգամ գնալ ու գալ կամ շատ ժամանակ նստել մոտակայքում մի տեղ։ Առավոտյան հարցնում ենք՝ փող կա՞, պատասխանում են, որ պետը գնացել է փող բերելու, երեկոյան 7.30-ին՝ նույն պատասխանը։ Մեր հարցը՝ արդյո՞ք երեկոյան ժամը 7.30-ին որեւէ բանկ դրամական գործարք է կատարում, մնաց անպատասխան։ Սակայն կան, իրոք, դեպքեր, երբ ուշ ժամերի փող են բերում։ Սա որոշ մտածմունքների տեղիք է տալիս։ Երբեմն պատասխանում են. «Ձեր թոշակը տարել են ձեր տուն, իսկ դուք տանը չեք եղել»։ Ստացվում է այնպես, որ «Հիմնադրամը» եւ «Հայխնայբանկը» մրցույթի մեջ են մտել, թե թոշակառուների հաշվին ով ավելի շատ կհարստանա։ Քանի որ այժմ թոշակ բաժանողները առանց վարձի չեն բաժանում, «Հիմնադրամը» հավանաբար դա համարում է նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրի իրականացում։ Վերջապես ասացին, որ թոշակների բաժանման գործընթացը տեղափոխվել է թիվ 6 փոստային բաժանմունք։ Բայց փոստային բաժանմունքը չի իրականացնում այն գործողությունները, ինչ իրականացնում է խնայբանկը՝ թոշակի ստացումը թոշակառուի ցանկացած ժամանակ, թոշակի մասնակի ստացումը, ըստ անհրաժեշտության, թոշակի ավանդային տոկոսը եւ, ամենակարեւորը, ոչ մի քաշքշուկ եւ դրամաշորթություն։ Փոստային բաժանմունքում ինձ պատասխանեցին, որ որոշված է թոշակառուների կարծիքը հաշվի չառնել։ Ուրեմն ոչինչ չփոխվեց։ Թոշակ բաժանողները շրջում են ցուցակով ըստ հասցեների, բաժանմունքում թոշակ ստանալը համարյա անհնար է, իսկ երբ ամիսը լրանում է, թոշակառուին նորից ուղարկում են կուլտուրայի պալատ՝ ասելով, որ մեկ ամսից ավելի ցուցակները այնտեղ են։ Ահա թե ինչի է հանգեցրել թոշակների վճարման «կանոնակարգումը»: ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ Տպագրելով հանդերձ հարգելի թոշակառուի դիտարկումները, մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ մի քիչ չափազանցված են «Հայխնայբանկի» ծառայությունների առավելությունները։ Քաշքշուկ եւ դրամաշորթություն նախկինում էլ էր լինում։ Երեւի այսօրվա շատ ավելի վատ սպասարկումը մոռացնել է տվել այդ։ Հուսով ենք՝ ոչ «Հայխնայբանկի» պատվերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել