Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը

Օգոստոս 15,2001 00:00

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵՓՈԽՎԵՑ ՄԵՂՐԻՆ 5 ՕՐՈՒՄ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում երկու վարչապետ այցելեց Մեղրի. մեկը՝ նախկին, մյուսը՝ ներկա։ Թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ինչը ստիպեց Արամ Սարգսյանի այցելությունից հաշված օրեր հետո 390 կմ ճանապարհ կտրել, մեծահոգաբար վերագրենք վարչապետի ծրագրերին, քանի որ ասվում է, թե դրանք (իրական նշանակությամբ) գոյություն ունեն։ Բայց Մեղրիի կամ Սյունիքի վիճակն ընդամենը մի քանի օր առաջ ամենեւին էլ այնպիսին չէր, ինչպես ներկայացվեց պաշտոնական տեղեկատվությամբ։ Նախ նկատենք, որ Մեղրիի տարածաշրջանի զարգացման ծրագիրը գրեթե ամբողջությամբ ծրագրերի, հայեցակարգերի մշակումներից է բաղկացած։ Բայց այդ ծրագրերից կազմված ծրագրի կատարողականի վերաբերյալ պատասխանատուների հաշվետվությունները լսելով, վարչապետը կատարված աշխատանքը բավարար է գնահատել՝ ըստ հաստատված ժամանակացույցի։ Նշել է նաեւ, որ տարածքային կառավարման նախարարն ամեն ամիս իրեն զեկուցել է արդյունքների ընթացքի մասին։ Այժմ այդ ամենը տեղում տեսնելով, համոզվեց, որ ծրագրով նախատեսված ոլորտներում որոշակի դրական տեղաշարժ կա։ Իր նախարարի պատկերավոր զեկույցի շնորհիվ, ըստ երեւույթին, վարչապետը չի նկատել, որ չհաշված Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (որի դափնիներն ամենեւին էլ պրն Մարգարյանին չեն պատկանում), այդպես էլ որեւէ այլ գործարան չի սկսել աշխատել այդ տարածաշրջանում։ Իհարկե, կասեն՝ բա ոսկերչական գործարանի մասնաճյո՞ւղը։ Սա էլ ընդամենը մի քանի ամիս կարողացավ գործարկվելու իմիտացիա անել։ Իսկ Արամ Սարգսյանին նախարարներն արդեն չեն զեկուցում, դրա համար էլ սեփական տպավորությամբ գնահատեց վիճակը եւ վիճակի բարելավման իր տարբերակն ունի. «Ի՞նչն է Մեղրիի հարստությոնը, իհարկե, միրգը, արեւը։ Մեղրիի միրգը միայն գյուղացու մասնավոր հարստությունը չէ, այլ երկրինը։ Բա ափսոս չի՞։ Ինչո՞ւ տիրություն չենք անում։ Կան լուծման բազմաթիվ ուղիներ, որոնք նախկինում էլ են եղել։ Գյուղացուց այդ հարստությունը մթերել է պետք։ Մեղրին ունի պահածոյի գործարան։ Ներկայումս չգիտեմ, թե ինչպիսին է այդ գործարանի վիճակը, բայց համոզված եմ, որ շատ հանգիստ կարելի է աշխատեցնել դա՝ շրջանառու միջոցներ տրամադրելով»։ Այս խնդիրն, ի դեպ, 1990-92 թթ.-ից գոյություն ունի։ «Առավոտի» հարցին պատասխանելով, Արամ Սարգսյանն ասաց. «Եթե այն ժամանակ միրգը տեղափոխվում էր երկաթգծով, համապատասխան սառնարանային վագոններով ու տարածվում ԽՍՀՄ-ում, այժմ դա հնարավոր չէ, քանի դեռ Ղարաբաղի հիմնահարցը չի լուծվել, քանի դեռ Նախիջեւան-Ղափան երկաթգիծը չի աշխատում։ Բայց դա չի նշանակում, որ լուծումներ հնարավոր չեն, մանավանդ որ, հենց մեր երկրում այս մրգի շուկան առկա է»։ Նախկին վարչապետը նկատեց, որ դրական առումով իր գումարած արտագնա նիստից հետո Մեղրիում միայն մի փոփոխություն է տեսնում. այն, որ Ագարակի լեռնամետալուրգիական գործարանն աշխատում է։ Դրանով բավականին հոգս է թեթեւանում։ Իսկ հոգեբանական, տրամադրությունների առումով, ըստ պրն Սարգսյանի, վիճակն ավելի վատ է, «ավելի հուսալքված է ժողովուրդը։ Միգուցե ուրիշ բան էլ կա. պետական պաշտոնյային վախենում են ավելի անկեղծ խոստովանել, հիմա ավելի անկեղծ են խոսում։ Գուցե այն ժամանակ նրանց զգուշացվում էր, որ վարչապետի մոտ ավելորդ բաներ չխոսեն եւ լավատեսությունն ավելի՞ շատ էր»։ Ահա թե ինչու ընդամենը մի քանի օրից Մեղրին այդքան բարեփոխված տեսավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Չէ՞ որ այդքան գործ է արվել. «ստեղծվել է գյուղատնտեսության աջակցության տարածքային կենտրոն, իրավաբանական նոր կարգավիճակ է ստացել ոռոգման պետական ձեռնարկության Մեղրիի ձեռնարկությունը, իրականացվել է մեխանիկական համակարգերի հիմնական նորոգումը, ցանցերի խմբավորումը»։ Փույթ չէ, որ այդ կարգավիճակից ոռոգման ջրի վիճակն այդպես էլ չի բավարելավվել, որ այդ տարածքային կենտրոնը գյուղացուց ոչ մթերելու է բերքը, ոչ էլ մի ճար անելու։ Եվ ընդհանրապես, այսքան ծրագրեր են մշակվել, կարգավիճակներ շնորհվել, էլ ի՜նչ կարեւոր է, թե Մեղրիի (ենթաշրջանի) 7 ձեռնարկություններից միայն մեկն է աշխատում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել