Ընդդիմությունն իշխանության ծրագրերին կդիմադրի՞ Քաղաքական «թեժ աշնան» մասին այնքան շատ է խոսվում, որ այս օրերին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, թերեւս, ինքնաբերաբար թերագնահատվում են: Այդուհանդերձ, քաղաքական ամառն էլ իր հետաքրքրություններն ունի: Այսպես, շատ որոշակի եւ աննախադեպ խմորումներ են ընթանում ոչ միայն Հայկոմկուսում, այլեւ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների միջեւ հարաբերություններում, որոնք մինչեւ վերջերս խոստանում էին վերածվել քաղաքական եւ ընդդիմադիր նոր ալյանսի: Ու քանի որ երեկ Ազգային համաձայնության ճակատի քաղաքական խորհրդի հերթական նիստն էր, ուստի դրա ավարտից հետո փորձեցինք պարոն Մանուչարյանից իմանալ, թե ինչ ճակատագիր է սպասվում այն հնարավոր համագործակցությանը, որի մասին մինչեւ վերջերս խոսվում էր: Խոսքն, իհարկե, ԱՀՃ, ՀԺԿ, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների, իսկ այսօր նաեւ՝ Կոմկուսի միջեւ հնարավոր համագործակցության մասին է: Պարոն Մանուչարյանն ասաց, թե հիշյալ կուսակցությունների միջեւ խորհրդակցությունները շարունակվում են, թեեւ իշխանություններն ամեն ինչ անում են դրանք տապալելու եւ միասնական ընդդիմության ձեւավորմանը խոչընդոտելու համար: Նա միաժամանակ չժխտեց, թե այդ գործընթացում էլ խարդավանքներ կան, բայց դրանք դատապարտված են: Պարոն Մանուչարյանն ակնարկեց, թե նկատելի է արհեստական ընդդիմության ձեւավորումը: Նա առայժմ կոնկրետ ուժեր եւ անուններ չնշեց, բայց կարծիք հայտնեց, թե այդ ընդդիմությունն էլ, ուզած թե չուզած, նպաստելու է Քոչարյանի հեռացմանը քաղաքական ասպարեզից: Միեւնույն ժամանակ, ըստ Ա.Մանուչարյանի, արհեստական ընդդիմությունը վտանգավոր է այնքանով, որ, միեւնույն է, ի վերջո, կոչված է ծառայել այն արատավոր իշխանական համակարգին, որից մյուս բոլոր ընդդիմադիր ուժերը փորձում են ընդմիշտ ազատվել: Փորձենք փոքր-ինչ բացել փակագծերը եւ որսալ պարոն Մանուչարյանի նուրբ ակնարկների էությունը՝ խարդավանքների եւ արհեստական ընդդիմության մասին: Բանն այն է, որ այսօր արդեն խոսք է գնում երկու տարբեր ընդդիմադիր ալյանսների ձեւավորման մասին: Ոմանք պնդում են, թե համագործակցությունը լինելու է 5+1 ֆորմատով՝ Ճակատ, ՀԺԿ, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն», ԱԺԴ եւ Կոմկուս: Բայց դիտորդներից ոմանք կանխատեսում են, որ ավելի հավանական է, որ ՀԺԿ-ն, Կոմկուսն ու «Ազգային միաբանությունը», այնուամենայնիվ, մի առանձին ալյանս կազմեն՝ դրսում թողնելով «Հանրապետություն» կուսակցությանն ու ԱՀՃ-ին: Սա ճիշտ այն տարբերակն է, որի մասին իշխանությունները կարող են միայն երազել: Բանն այն է, որ հզոր ընդդիմությանը չեզոքացնելու ձեւերից մեկն էլ ՀԺԿ-ին եւ «Հանրապետություն» կուսակցությանը տարանջատելն ու ընդդիմության միմյանց հետ մրցակցող ճամբարներում թողնելն է: Կարծում ենք, հասկանալի է, որ հատկապես ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության միավորումն է, որից նյարդայնանում եւ զգուշանում են իշխանությունները: Ի վերջո, քաղաքական դիտորդների կարծիքով, թեեւ ավելի նվազ չափով, բայց, այդուհանդերձ, Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի միավորումը սպառնում է կրկնել 99-ի «Միասնության» ֆենոմենը, որի ֆոնի վրա մյուս բոլոր կուսակցություններն իրենց վարկանիշով 2003-ին շատ ավելի խղճուկ կարող են երեւալ: Բայց իշխանություններն արդեն այսօր աշխատում են դա թույլ չտալ, ինչին, թերեւս, նպաստում են նաեւ հիշյալ երկու եւ քաղաքականության մեջ նորաթուխ գործիչների անձնական հավակնությունները եւ քաղաքական փորձառության պակասը: Այդուամենայնիվ, առայժմ ոչինչ վերջնականապես որոշված չէ. ասել է թե, ամեն ինչ առջեւում է եւ ուժեղ ընդդիմություն ձեւավորելու սպասելիքները տակավին ի դերեւ չեն եղել: Ն. Մ.