Լրահոս
Օրվա լրահոսը

Ի

Օգոստոս 15,2001 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ՆՈՒՅՆՆ Է ՄՆԱՑԵԼ Ի տարբերություն Հայաստանի, հարեւան Վրաստանում ներքաղաքական կրքերը թեեւ արդեն բորբոքված են, բայց նախագահ Շեւարդնաձեն շարունակում է պնդել, թե քաղաքական գործիչների կանխատեսումները «թեժ աշնան» մասին միայն երեւակայական են: Այդուհանդերձ, որ Վրաստանում ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքական ճակատներում անդորր չի տիրում, վկայում են ոչ միայն վրացական, այլեւ ռուսական լրատվամիջոցները: Դիտորդները կարծիք են հայտնում, որ Վրաստանի նախագահ Շեւարդնաձեի համար ավելի դյուրին է լուծել իր երկրի ներքին, քան արտաքին քաղաքական հիմնախնդիրները: Այդպիսի հիմնախնդրի է սպառնում վերածվել նաեւ Ջավախքում կամ Սամցխե-Ջավախեթի նահանգում ստեղծված իրավիճակը, որի բնակչության շուրջ 60-62 տոկոսը հայեր են: Ինչպես հայտնի է, ջավախեցիները պահանջում են պաշտոնանկ անել Ջավախքում նախագահ Շեւարդնաձեի լիազոր ներկայացուցիչ Գ.Բարամիձեին՝ նրան մեղադրելով Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրներն անտեսելու, նահանգը վատ կառավարելու մեջ: Ու թեեւ առաջին հայացքից բարձրացված խնդիրը միանգամայն օրինականության եւ Վրաստանի քաղաքացիներին ընձեռված իրավունքների իրականացման սահմաններում է, այդուհանդերձ, Վրաստանում Ջավախքի հատկապես հայ ազգաբնակչության դժգոհությունը, որպես կանոն, շատ ցավագին է ընկալվում: Թերեւս, այդ է պատճառը, որ հերթական անգամ վրացական մամուլը նահանգում տիրող իրավիճակը որակեց իբրեւ նոր ազգամիջյան բախման նախապայման: Ավելին, վրաց դիտորդների կարծիքով, հայերը հավակնում են նաեւ Ջավախքի հաշվին ընդլայնել իրենց տարածքները եւ ստեղծել վաղուց երազած Մեծ Հայքը: Ջավախքում իրավիճակը հատկապես 98-ից ի վեր ժամանակ առ ժամանակ լարվել է: Այդպես էր այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ նահանգում տեղակայված ռուսական զորքերը դուրս են բերվելու Ջավախքից կամ, որ նահանգը վերաբնակեցվելու է թուրք-մեսխեթներով: Այս անգամ եւս Ջավախքում իրավիճակը լարվել է հատկապես այն ժամանակ, երբ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ լուրջ բանավեճ է ընթանում ռուսական զորքերը Վրաստանի տարածքից դուրս բերելու շուրջ: Այդ իմաստով ամենեւին էլ պատահական չէ, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում լարման աղբյուրը շատ հաճախ նույն Ռուսաստանն է համարվում: Վերջինիս քաղաքականությունը տարիներ շարունակ նույնն է ու միանգամայն կանխատեսելի: Հիշենք միայն այն, որ երբ Ռուսաստանը որեւէ այլ պատճառ չուներ իր ռազմական բազաները Գուդաուտայից դուրս չբերելու համար, նա խաղի մեջ ներքաշեց աբխազներին, որոնք պարզապես պատրաստ էին իրենց մարմնով փակել ռուսական զորքերի ճանապարհը: Այսօր Ռուսաստանը համանման եւ արհեստական նախապայմաններ է փորձում ստեղծել նաեւ Ախալքալաքից իր բազաների դուրսբերման համար, իսկ դա, ըստ երեւույթին, տեւական պրոցես է եւ նախապատրաստական փուլ է ակնկալում: Ըստ ամենայնի, այդ փուլն արդեն սկսված է: Դրա համար նախ պետք է իրավիճակը վրացիների ու հայերի միջեւ լարել այնպես, որ դա մոտ լինի ազգամիջյան բախմանը, որպեսզի Ջավախքում ապրող հայերը վրացիներից իրենց միակ փրկությունը տեսնեն ռուսական զորքերի մեջ: Իսկ ջավախեցիների շրջանում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար, քաջատեղյակ աղբյուրների վկայությամբ, նահանգում տեղակայված ռուսական զորքերի կողմից հավաքագրված հայ գործակալներ, որքան ուզեք: Այստեղ ամենագլխավորն այն է, թե Հայաստանի իշխանություններն ինչ մասնակցություն ունեն այդ ամենում: Առայժմ պաշտոնական Երեւանը Ջավախքում տեղի ունեցող զարգացումների մասին լռում է: Գուցե դա նաեւ ճիշտ է: Միայն թե կարծիք կա, որ իրավիճակի լարման իմաստով անմասն չեն եղել նաեւ հայաստանյան իշխանությունները, որոնց գիտությամբ կամ թողտվությամբ միայն վերջերս մշակութային այցի շրջանակներում Ջավախք էր մեկնել հայաստանյան մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված ոչ անհայտ Զորի Բալայանը, ըստ որոշ աղբյուրների, հայ ազգաբնակչության հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել հայկական ուժեղ բանակի, ջավախեցիներին պաշտպան կանգնելու մասին բոցաշունչ ելույթով: Վ.Վարդապետյանը, որ «Ջավախք» հայրենակցական միության փոխնախագահն է, հերքեց մեր այդ տեղեկությունը: Նա նաեւ հավաստիացրեց, թե Ջավախքում ստեղծված իրավիճակն ամենեւին էլ կապ չունի հայաստանյան պատվիրակության այցի հետ: Ըստ նրա, առաջացած լարման միակ պատճառը սոցիալական է, որի մասին բարձրաձայնել են շրջանային ժողովի շուրջ 76 պատգամավորներ՝ դեռ 6 ամիս առաջ: Գուցե, պարոն Վարդապետյանը նաեւ ճիշտ է, բայց, բանն այն է, որ ջավախեցիները, թերեւս, անզգուշություն են ունեցել հայտարարելու, որ եթե Վրաստանի նախագահն իրենց՝ Բարամիձեին պաշտոնանկ անելու պահանջը, չբավարարի՝ իրենք ինքնավարության պահանջ կառաջադրեն: Սա նշանակում է՝ ջավախահայերին, որոնք նաեւ զորիբալայանների շնորհիվ որոշակի ակնկալիքներ ունեն նաեւ հայաստանյան իշխանություններից, «անջատողական» որակելը միայն տեխնիկայի հարց կլինի: Կարծում ենք, Հայաստանը դրա մասին պետք է մտածի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել