Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Օգոստոս 15,2001 00:00

ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի հետ – Բոլոր քաղաքական կուսակցություններում տեղի են ունենում ինչ-ինչ խժդժություններ։ Անդամներ են հեռացվում, ինքնակամ են հեռանում, կուսակցությունները բաժանվում են։ Թվում է՝ իսկական Սոդոմ-Գոմոր։ Դաշնակցությունը եւս, կարծես թե, զերծ չէ նման խմորումներից։ – Հարցը շատ ընդգրկուն է եւ, անշուշտ, խոսքը վերաբերում է Հայաստանում քաղաքական կուսակցությունների կայացածությանը։ Հայտնի է, որ Դաշնակցությունն այս կամ այն անդամին հեռացնում է, բայց երբեք դա Դաշնակցության վրա՝ որպես կառույց, չի ազդել եւ չի կարող ազդել, որովհետեւ կա մի կարեւոր հարց՝ կուսակցությունն ինչի՞ շուրջ է ձեւավորվում. անձի՞ շուրջ, որեւէ կարճ ժամանակի քաղաքական նպատակի՞, թե՞ ավելի գլոբալ գաղափարի։ Առաջին երկու դեպքերում, բնականաբար, հետեւելու է այն, ինչ ցավալիորեն տեղի է ունենում։ Եվ շատերի աչքի փուշը դարձել է Դաշնակցությունը, որտեղ այս երեւույթները բացառվում են։ Եվ սկսված ասեկոսեները, որ իբրեւ թե Դաշնակցությունում տեղի են ունենում խմորումներ, խոսում է մի բանի մասին։ Կամ շատերն, իրոք, ուզում են, որ Դաշնակցության մեջ եւս տեղի ունենան խմորումներ, որն անհնար է, եւ երկրորդ՝ փորձում են կեղծ լուրեր տարածել, որը կարող է ծնվել միայն Դաշնակցությունից չհասկացող անձնավորությունների մոտ։ – Ի դեպ, լուրերի մասին։ Վերջերս հրապարակվեց, որ Դաշնակցության կառույցներում, իրոք, տեղի են ունենում ինչ-ինչ շարժումներ, որ ընկերային հավաքների ժամանակ որոշ տարաձայնություններ են եղել։ Այսօր կա՞ Դաշնակցության մեջ երկու թեւ՝ իշխանական եւ հակաիշխանական։ – Իրականում լուրերը փոքր-ինչ այլ կերպ տարածվեցին։ Իբրեւ թե Երեւանի կազմակերպության ժողովում արգելվել են շատ ընկերների ելույթներ եւ ամենազարմանալին այն էր, որ այդ ժողովում իբր թե որոշում չի կայացվել։ Իրոք, եղել է այդ ընկերային հավաքը, բայց այդ լուրը մեջտեղ հանողը կապ չունի Դաշնակցության հետ, որովհետեւ ամեն մի դաշնակցական գիտի, որ ընկերային հավաքի ժամանակ որոշում չի կայացվում։ Եվ Դաշնակցության օրենքները եւ ժողովրդավարությունը չպատկերացնողը միայն կարող է ասել, թե կուսակցական ցանկացած մակարդակի ղեկավար կարող է արգելել ընկերոջը որեւէ խոսք ասել կամ ելույթ ունենալ։ Իրականում մեր ժողովրդավարությունն ավելի շատ է, քան հրապարակային համագումար անող որեւէ կուսակցության։ – Դաշնակցություն-նախագահ Քոչարյան հարաբերություններն այս պահին ինչպիսի՞ն են։ Ըստ որոշ լուրերի, կուսակցության մեջ տարաձայնություններ կան նաեւ այս հարցի առնչությամբ։ – Այն տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանում կա միայն մեկ պետական ծառայող՝ Ռոբերտ Քոչարյան, որպես հանրապետության նախագահ, եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ դիրքորոշումները միշտ պայմանավորվում են Ռ. Քոչարյանի նկատմամբ ունեցած դիրքորոշումով, նաեւ՝ կուսակցության կեցվածքը պայմանավորվում է կողմ թե դեմ լինելով։ Հայաստանում այսօր շատ կուսակցություններ կան, որոնք առերեւույթ շատ-շատ դեմ խոսելով, իրականում շատ-շատ էլ կողմ են։ Եվ միայն կեցվածքով, միայն խոսքով չպետք է գնահատել կազմակերպությունը, այլ՝ բուն գործունեությամբ։ Եթե որեւէ հարցում մենք դժգոհ ենք, ասում ենք, որ դժգոհ ենք, եւ այդ դժգոհությունը նաեւ արտահայտում ենք մեր քաղաքական կեցվածքով։ Այլ հարց է, որ դա որոշ դեպքերում փորձում են պայմանավորել ընտրությունների մոտենալով, պոպուլիզմով եւ այլն։ Այս ամենը մեզ համար ուղղակի անհարիր է, որովհետեւ ո՛չ մեր գործունեությունն է վերջանում ապագա խորհրդարանական ընտրություններով եւ ո՛չ էլ Դաշնակցությունը ստացած քվեների քանակով կարող է գոհ լինել կամ չլինել։ Դրանք շատ պայմանական երեւույթներ են Դաշնակցության պարագայում։ Հակառակ դեպքում, երբ դու որոշում ես ամբողջովին դեմ արտահայտվել, դա վերածվում է մազոխիզմի։ Երբ կարելի է խոսել աղետի գոտու մասին շատ գեղեցիկ, մասնակցելով աղետի գոտում իրականացվող անօրինականություններին, բայց չնկատել դրականը։ Երբ որ կարելի է խոսել թալանի մասին շատ գեղեցիկ, բայց անօրինական շրջանառություններին մասնակից լինել։ – Ըստ որոշ դիտարկումների, ներքաղաքական վայրիվերումները հրահրվում են որոշ ուժերի կողմից եւ յուրաքանչյուր կուսակցական խմորում դրսի ազդեցությամբ է տեղի ունենում, հրահրվում է։ – Վստահ չի կարելի ասել՝ հրահրվում է, թե ոչ, բայց կարելի է մի քիչ այլ կերպ պատասխանել՝ թող չհրահրվեն։ Շատերը ինչպես հրահրվելով ձեւավորվում են, բնական է, որ կարող են նաեւ հրահրվելով լուծարվել։ Այսինքն՝ ձեւավորված կառույց ունեցող կուսակցության համար անհասկանալի է՝ ինչո՞վ կարելի է հրահրվել։ Այդ մարդիկ, ի վերջո, գաղափարով չե՞ն միավորվել։ Եթե որեւէ հրահրմամբ են միավորվել, դա իրենց խնդիրն է։ 90-ական թվականներին մեր դեմ ամենակտրուկ պայքարն էին տանում, ամենակատաղի պայքարն էին տանում։ Չհաշված 94-98 թթ., երբ ուղղակի ընդհատակյա գործունեություն էր։ Եվ նորից վերադառնալով ասեմ՝ եթե կազմակերպությունը գաղափարական է, այդ կազմակերպությունը չի կարող մի փոքրիկ հարվածից, լինի այդ հարվածն իշխանությունների կողմից, թե այլ կողմից, կազմալուծվել։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել