Բարձրացում՝ վեց միավորով Այս աննախադեպ իրողությունն արձանագրվել է կենսաբանության գրավոր քննության բողոքարկման ժամանակ. աշխատանքը 8-ից բարձրացել է 14 միավոր։ Պաշտոնական բացատրության համաձայն՝ միավորների գումարման սխալ է տեղի ունեցել, որը շտկվել է բողոքարկումից հետո։ Առավել արտառոց է ֆիզիկա 2 քննությանն արձանագրված բարձրացումը. գրավորի գնահատականը 4 միավորից բարձրացել է 11, այսինքն՝ ոչ միայն բարձրացել է 7 միավորով, այլեւ՝ անբավարարից դարձել է բավարար։ Պաշտոնական պարզաբանմամբ՝ նախապես ստուգվել եւ գնահատվել է մաքրագրությունը, թեեւ դիմորդը հղում է արել, որ նայեն սեւագրությունը։ Այս հանձնաժողովը նաեւ 3 միավորանոց բարձրացումով է աչքի ընկել՝ գրավորը 8-ից դարձել է 11 միավոր։ Ընդհանուր առմամբ, մեկ միավորից ավելի բարձրացումների թիվն այս տարի այնքան էլ փոքր չէ։ Գնահատականների փոփոխման մեծ թիվը երկու բացատրություն կարող է ունենալ, երկուսն էլ՝ բացասական. դա կամ հանձնաժողովների անդամների ցածր պրոֆեսիոնալիզմի, կամ էլ ծնողների հետ փոխշահավետ համաձայնության վկայություն է։ Եվ որքան բարձրացումները շատ են, այնքան կասկածելի են։ Վերջին տվյալներով՝ բոլոր առարկաներից 1948 գնահատական է բողոքարկվել, որից 418-ի գնահատականը բարձրացվել է, ինչը քիչ չէ։ Ի դեպ, 6 գնահատական էլ իջեցվել է բողոքարկման արդյունքում։ Գնահատականները հիմնականում մեկ միավորով են բարձրացել, բայց կան նաեւ հետաքրքիր բացառություններ։ Այդ առումով առանձնանում են հայոց լեզու գրավոր 2 (1) (գնահատականը 13-ից բարձրացել է 17), մաթեմատիկա 2 (գնահատականը 9-ից դարձել է 12) քննությունները։ Իսկ երկու միավորանոց բարձրացումների շռայլություն իրենց թույլ են տվել անգլերեն գրավոր 1 (երկու գնահատական), անգլերեն գրավոր 2 (մեկ գնահատական), աշխարհագրություն (մեկ գնահատական), հայժող պատմություն (մեկ գնահատական), հայոց լեզու 2 (1) (երկու գնահատական), հայոց լեզու 2 (2) (երեք գնահատական), մաթեմատիկա 1 (չորս գնահատական), քիմիա 1 (երկու գնահատական), ֆիզիկա 1 (երկու գնահատական) քննությունների առարկայական հանձնաժողովները։ Քիչ չեն դեպքերը նաեւ, երբ գրավորը անբավարարից դարձել է բավարար, ասենք՝ հայոց լեզու 2 (2), քիմիա 1, ֆիզիկա 1, ֆիզիկա 2 քննություններից։ Կրկնակի, այսինքն՝ Հանրապետական ընդունող հանձնաժողով բողոքարկման է ներկայացվել 172 գնահատական, որից 56-ի դեպքում գնահատականը բարձրացել է, 3-ի դեպքում՝ իջել։ Այստեղ եւս մեկ միավորից ավելի բարձրացումներ կան՝ անգլերեն գրավոր 1 (15-ից 17 է դարձել գնահատականը), հայժող պատմություն (15-ից՝ 17), հայոց լեզու 2 (1) (13-ից՝ 15), մաթեմատիկա 2 (13-ից՝ 15), ստեղծագործական մրցույթ (11-ից՝ 13), քիմիա 1 (15-ից՝ 17), ֆիզիկա 1 (15-ից՝ 17 եւ 7-ից՝ 9) եւ ֆիզիկա 2 (8-ից՝ 11) քննություններից։ Ի դեպ, ՀԸՀ բողոքարկված աշխատանքները, անկախ փորձագետի ստուգումից հետո, նաեւ ԿԳ նախարար, ՀԸՀ նախագահ Է. Ղազարյանն է նայում եւ եթե նա չի համաձայնում անկախ փորձագետի գնահատականին, առարկայական հանձնաժողովի դրած գնահատականը կարող է անփոփոխ մնալ։ Նման դեպքեր արձանագրվել են։ Այս տարի եւս պատահական ընտրությամբ 20-ական տետրեր են վերցրել տարբեր առարկայական հանձնաժողովներից՝ գնահատման օբյեկտիվությունը ստուգելու համար։ Չգիտես ինչ տրամաբանությամբ, նման ստուգման կենթարկվեն միայն հայոց լեզու 1, 2, մաթեմատիկա 1, 2 եւ գերմաներեն քննությունները։ Ն. Հ.