Լրահոս
Օրվա լրահոսը

Թե

Օգոստոս 14,2001 00:00

«ՊՈՂԻԿՏՈՍԻ» ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ Թե ի՞նչն էր դրդել Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների հանձնաժողովին՝ «Լա Սկալայի» անմոռաց համերգից ընդամենը մի քանի օր հետո իրականացնել Դոնիցետտիի «Պողիկտոսի» լեւոնյանական բեմադրության մեկնարկը Զվարթնոցում, անհայտ է։ Բայց որ ժամանակի ընտրությունը, մեղմ ասած, ճիշտ չէր, ակնհայտ դարձավ։ Բեմականացումն սկսվեց նախատեսված ժամից բավական ուշ՝ 21:40-ին։ Ու մինչեւ վերջին պահը ո՛չ ներկաները, ո՛չ կազմակերպիչները չգիտեին՝ բարեհաճելո՞ւ է ՀՀ նախագահը Զվարթնոց, թե՞ օպերային արվեստի հանդեպ ունեցած իր պարտքը վերջին հնգամյակի համար արդեն համարել է կատարած, ու երաժշտասերի իր «պլանկան» չգցելու համար Մուտիից հետո Լեւոնյան չի լսելու։ Ամեն դեպքում, շատերը ներկայացման ուշ սկսվելը կապում էին հատկապես պրն նախագահի գալ-չգալու հետ, իսկ ոմանք էլ պնդում էին, թե հարցը տեխնիկական է՝ սպասում են լավ մթնի, որ լուսային էֆեկտներն ավելի արտահայտիչ լինեն։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պիտի խոստովանենք, որ Զվարթնոցի ավերակների վրա մոնտաժված դեկորացիաներն ու գունավոր լուսավորությունը, հատկապես՝ Արարատի վսեմաշուք հովանու ներքո բավական տպավորիչ էին։ Շատ ավելի գեղեցիկ, բայց զավեշտալի էին այն պահերը, երբ մ. թ. 250 թվականի անցքերը ներկայացնող օպերայի ընթացքում, հռոմեական զորավարների եւ քրմերի ֆոնի վրա, հանկարծ երկնքում հայտնվում էր այդ ամենին անհաղորդ մի ինքնաթիռ, եւ արհամարհելով Զվարթնոցի ավերակներում ծավալվող ողբերգական դեպքերը, Պողիկտոսի ու Պաոլինայի սրտաճմլիկ երաժշտական բացատրությունները, սավառնում էր աստղազարդ երկնքում։ Ինչեւէ, դեկորացիաները, ձեւավորումը, զգեստները, մի խոսքով՝ արտաքին բոլոր ատրիբուտներն արված էին հավուր պատշաճի։ Բայց… Բայց փաստը մնում է փաստ, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ «Պողիկտոսի» օգոստոսի 12-ի բեմադրությունը դժվար էր համարել կատարյալ, ինչպես ժամանակին (1993 թ.) գնահատել էր Վազգեն Ա կաթողիկոսը։ Ամենեւին չհավակնելով երաժշտագետի կամ երաժշտական քննադատի դժվարին ու անշնորհակալ դերին, որպես զուտ շարքային ունկնդիր (որն, այնուամենայնիվ, ունի երաժշտական 7-ամյա կրթություն) պիտի նշեմ, որ ո՛չ «Պողիկտոսն» էր շեդեւր, ո՛չ մեր երգիչ-երգչուհիներն էին օժտված անզուգական ձայներով, եւ ո՛չ էլ մեր հանդիսատեսն (ավելի ճիշտ՝ մնացած բոլորը) էր պատրաստ բացօթյա ազատ տարածքում 2-3 ժամ օպերա լսելու։ Այս մասին՝ քիչ ավելի ուշ, մինչ այդ ասեմ, որ ի փառս իրենց, մեր երաժիշտներն ու երգիչները ջանում էին որքան հնարավոր էր։ Անահիտ Մխիթարյանը (Պաոլինա) երկարաշունչ ու դժվարին արիաները կատարում էր մեծ մաքառումով, որ այդ ազատ տարածքում որեւէ կերպ լսելի լիներ։ Եվ ո՞վ գիտե՝ գուցե նորմալ համերգասրահում շատ էլ կատարյալ հնչեր, բայց… Բավական հնչեղ էր Կոնստանտին Սիմոնյանի (Սեւերո) ձայնը, սակայն վերջինիս արիաները կարծես արհեստականորեն երկարաձգված լինեին ու տեղ-տեղ թվում էր, թե երաժշտություն այլեւս չկա, եւ երգիչն ուղղակի երգեցիկ արտասանում է։ Սարգիս Թորոսյանի (Պողիկտոս) ձայնը գրեթե ամբողջովին կորչում էր անծայրածիր խավարի ու երաժշտախմբի հնչյունների մեջ։ Ի դեպ, «Պողիկտոսի» դեպքերը կատարվում են 250 թ. Հայաստանում, Մալաթիա քաղաքում։ Հայազգի իշխան Պողիկտոսը, ապա եւ՝ նրա կինը՝ հռոմեուհի Պաոլինան, նահատակվում են հանուն քրիստոնեական հավատքի։ Նահատակվում է նաեւ Պաոլինայի նախկին սերը՝ Սեւերոն։ Մի խոսքով, բոլորը մեռնում են, իսկ մահվան ճամփան բռնած նահատակներին բոլորն ուղեկցում են «Փառք քեզ, Տեր Աստված, հավիտյանս հավիտենից, փառք բարեպաշտ հայ ժողովրդին» խոսքերով։ Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1848 թ. Նեապոլում, ապա՝ օպերայի պարտիտուրը Գոհար Գասպարյանի խնդրանքով Հայաստան է բերել Վազգեն Ա կաթողիկոսը, եւ 1993 թ. բեմադրել է Տ. Լեւոնյանը։ Բոլորն էլ մինչեւ օգոստոսի 12-ը համարում էին, որ օպերայի նոր բեմադրությունը Զվարթնոց տաճարում չափազանց ինքնատիպ եւ խիզախ մտահղացում է։ Ինքնատիպությունն ինքնին հասկանալի էր, բայց որ շա՜տ խիզախ միտք էր, հաստատվեց հենց ներկայացման ժամանակ։ Մի կողմ դնենք բեմադրության որակն ու մատուցումը, դառնանք այն Զվարթնոցում անցկացնելու մտքին։ Բացի 800 հանդիսականներից, տաճարի շրջակայքում կային եւս մի 50-100 հոգի՝ ոստիկաններ, հսկիչներ, հետաքրքրասեր գյուղացիներ, մի անկապ շուն, որը 2 անգամ որոշեց հաչել Պողիկտոսի արիայի ժամանակ եւ որին լռեցրեց մի անձնազոհ ոստիկան, եւ Հայաստանի Ազգային հեռուստատեսության շարժական հեռուստակայանի տեխանձնակազմը։ Չգիտեմ, ամֆիթատրոնում նստածներն՝ ինչպես, բայց պարտերում (հատկապես՝ վերջին 7-8 շարքերում) նստածներս մեներգիչների ու նվագախմբի ձայներից շատ ավելի հստակ ու պարզորոշ լսում էինք ոստիկանների եւ հեռուստակայանի տեխանձնակազմի անմիջական խոսքուզրույցը։ Մոտ երկու տասնյակ գեր ու շատ գեր ոստիկաններն իրենց զգում էին տարածքի տեր ու տիրակալը, յուրաքանչյուր պատահածին (այդ թվում՝ տարբեր հեռուստաընկերությունների օպերատորներին, հանդիսականներին) բռնում էին եւ արհամարհելով օպերա լսելու ազնիվ մղումներով Զվարթնոց հասածների զգացմունքները, «դաստիարակում» նրանց. «արա, հըլը արի ստե», «արա, քո հետ չե՞մ», «այ մալադոյ, էտ ո՞ւր ես էթըմ», եւ, ի վերջո, վերջին գլուխգործոցը՝ «ապե, ես կյանքումս էի՞ օպերա գնալու, օպերան ինքը եկավ մոտս»։ Պակաս նյարդայնացնող չէր հեռուստակայանի աշխատակիցների պահվածքը. անմիջապես պարտերի ետեւում նստել էին ու ձայնի ամենաբարձր տոնայնությամբ (երգիչների եւ նվագախմբի ձայները երեւի խանգարում էին նրանց զրույցին) քննարկում էին իրենց աշխատանքային, կենցաղային, անգամ՝ ընտանեկան պրոբլեմները՝ «ախպեր, բայց դու ընձի պըտի էդ հարցում պադերժկա անեիր», «հորս արեւ, դրա արածը անելու բան չէր» եւ այլն, իսկ վերջում բացեցին անեկդոտների տոպրակը։ Այս ամենը լրացնում էին մետաղյա հենասյուների վրա կառուցված փայտե հարթակները, որոնց վրա դրված էին հանդիսականների աթոռները։ Դրանց վրայով յուրաքանչյուր անցուդարձ անողի մասին իմանում էր ողջ Զվարթնոցը՝ այնքան սարսափելի էին դղրդում։ Մի խոսքով, նրանք, ում կամքի ուժը բավականացրեց այդ անտանելի մթնոլորտում ունկնդրել Դոնիցետտիի «Պողիկտոսը», վերջում բուռն ծափահարում էին բեմադրության բոլոր մասնակիցներին՝ համբերատարության եւ թափած ջանքերի համար։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել