Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացի օդաչուին ոչ մի կերպ չկարողացան համոզել, որ ռմբակոծի Գերմանի

Օգոստոս 14,2001 00:00

Ավանդույթներն են ուրիշ Համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացի օդաչուին ոչ մի կերպ չկարողացան համոզել, որ ռմբակոծի Գերմանիայում գտնվող անտառի մի հատված, որովհետեւ այն մասնավոր սեփականություն էր։ Անգլիան, որպես բուրժուազիայի հայրենիք, օդաչու Վուդն էլ որպես այդ երկրի ավանդապահ քաղաքացի, ընկալում եւ ընդունում է, որ մասնավոր սեփականությունն անձեռնմխելի է։ Բացի շարքային անգլիացին, բարձր է նաեւ նրանց պաշտոնյաների կուլտուրան այնքան, որ մասնավոր սեփականության վրա աչք չտնկեն ու տիրոջ ձեռքից խլելու միջոցներ չձեռնարկեն՝ ըստ իրենց ունեցած դիրքի ու հեղինակության։ Այս առումով հայերի հետ համեմատության եզրն այն է, որ Հայաստանում ճիշտ հակառակն է, չնայած մենք էլ ենք բավականին ավանդապահ ժողովուրդ ու արդեն ընդունել ենք սեփականության պաշտպանության վերաբերյալ եվրոպական չափանիշների բոլոր անհրաժեշտ օրենքները։ Ուղղակի ավանդույթներն են ուրիշ։ Ոտնձգության մի դեպք էլ «Սիլքեն սթայլ» ՍՊԸ-ի գլխով է անցել։ «Առավոտի» խմբագրություն ներկայացված փաստաթղթերից դատելով, «Սիլքեն սթայլը» օրինապահ ընկերություն է, որի նկատմամբ, սակայն, պետությունը անկարգ է գտնվել։ ՍՊԸ տնօրեն Տիգրան Բարսեղյանի ներկայացմամբ, Բաղրամյան 79 շենքի բակում գտնվող 6-րդ սննդի վարչությանը պատկանող թիվ 483 պաղպաղակի տաղավարը նա ձեռք է բերել աճուրդի միջոցով եւ հողի վարձակալության պայմանագիր է կնքվել ճարտարապետական եւ քաղաքաշինության վարչության կողմից գլխավոր հատակագծի հաստատումից հետո։ Տարածքի տերը՝ Տ. Բարսեղյանը, պարզելով, որ գլխավոր հատակագծում անճշտություն կա, դիմել է քաղաքապետին՝ սահմանները ճշտելու համար։ Նոր հատակագիծ է հաստատվել, այս անգամ՝ առանց «Հայռուսգազարդի» 53,69 քմ-ի։ Պետական պաշտոնյաների անփութությունից տուժած սեփականատերը երեք տարվա ընթացքում, թեեւ չի գործարկել սրճարանը, բայց կարգապահորեն մուծել է բոլոր անհրաժշետ վարձավճարները։ Այնուամենայնիվ, տարեկան վարձավճարները գանձելուց հետո էլ քաղաքապետը նոր որոշում է ընդունում պետության հետ վարձակալության պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Սեփականատերը՝ Տիգրան Բարսեղյանը, սա բացատրում է նրանով, որ «քաղաքապետարանի քարտուղար Լեւոն Շահվերդյանը հավակնություններ ունի այդ հողատարածքի նկատմամբ եւ, որ ինքն է նպաստել պայմանագիրը չեղյալ համարելու մասին որոշման կայացմանը»։ Սա խելամիտ է այնքանով, որ քաղաքապետի որոշումը հակասում է իրավաբանական վարչության որոշմանը, որտեղ նշվում է, որ «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն, ուրիշի, տվյալ դեպքում պետության, հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս, վերջինս հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով եւ ծավալով, ինչ անշարժ գույքի նախկին սեփականատերը։ Ուստի «Ավանտ» Ա/Ձ-ն («Սիլքեն սթայլի» իրավանախորդն է) արդեն իսկ ձեռք է բերել եւ այսօր էլ ունի տաղավարի անհրաժեշտ հողամասն օգտագործելու իրավունք»։ Քաղաքապետարանի քարտուղար Լեւոն Շահվերդյանը ժխտեց այդ հողատարածքի վերաբերյալ իր հավակնության վերաբերյալ ենթադրությունը, նշելով, որ «հողատարածքը կեղծիքներով է մասնավորեցվել։ Այդ բոլոր կեղծիքները չէին բացահայտվի, եթե ես պատահականորեն այդ շենքի բնակիչ չլինեի, եթե ժամանակին «Հայգազում» չաշխատեի եւ չիմանայի, որ տարածքը պետական է եւ, եթե քարտուղար չլինեի եւ կեղծիքների վերաբերյալ փաստթղթեր չներկայացնեի քաղաքապետարան»։ Իսկ բնակիչների բողոքն, ըստ երեւույթին, պայմանավորված է նրանով, որ նախկինում այդտեղ, այլ սեփականատիրոջ օրոք, «գիշերային օբյեկտ» է գործել։ Քաղաքապետարանի ՃՔ վարչության պետ Սամվել Կոտոլիկյանի կարծիքով, այդ տարածքում «սրճարան չի կարող լինել, որովհետեւ դա ներքին բակային տարածք է։ Եթե ուզում է, թող մանկական խաղահրապարակ կառուցի»։ Այդ ո՞ր երկրում է պետությունը բիզնեսմենին թելադրում, թե ինչով զբաղվի, գործունեության ինչպիսի ոլորտ ընտրի։ Նկատենք, որ տարածքը որպես սրճարան է աճուրդի հանվել ու պրոֆիլը փոխելու վերաբերյալ որեւէ պայման չի դրվել սեփականատիրոջ առջեւ։ Մասնավոր բիզնեսին այսպիսի միջամտության եւ ոտնձգությունների պատճառով գործարարը շահավետ գործարք է ձեռքից բաց թողել։ Օրինակ, Անգլիայում նրա կրած նյութական վնասը կփոխհատուցվեր։ Իսկ Հայաստանում Տ. Բարսեղյանն առայժմ սեփականության իրավունքի վերականգնման համար դատարան է դիմել, որի նիստը կնշանակվի հավանաբար օրերս։ Դարձյալ Անգլիայում դատարանն այնքան անկախություն ու համարձակություն կունենա անգամ ընդդեմ պետության վճիռ կայացնելու, եթե օրենքներից է բխում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել