Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարից

Օգոստոս 14,2001 00:00

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՃԿՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Քարից հաց քամելու» ընդունակությունը հայերիս մեջ երբեմն այլ զարգացումներ է ունենում՝ ընդհուպ հասնելով մինչեւ «լվից յուղ քամելու» արվեստին։ Թե ինչ բարդ ու «երես» պահանջող արվեստ է դա՝ պատկերացում կազմեցինք մի քանի օրում՝ մի գերատեսչության հանգստյան տանը։ Առաջին հայացքից թվում է, թե հանրապետության առողջարաններն ու հանգստյան տներն անմխիթար վիճակում են։ Իսկ քիչ թե շատ կարգի բերվածներն էլ այնպիսի բարձր գներով են ծառայություններ մատուցում, որ հանգստի կարիք ունեցողների համար մնում են անմատչելի, իսկ համակարգի աշխատողները պիկ սեզոնին զրկվում են աշխատանքից։ Սակայն երկրորդ հայացքից, իսկ ավելի լավ է՝ տեղում, պատկերը քիչ այլ է։ Հատկապես գերատեսչական կամ այս ու այն հաստատությանը պատկանող հանգստյան տները բավական պահանջարկ եւ հաճախորդներ ունեն։ Սա՝ ի հաշիվ զեղչերի։ Տվյալ գերատեսչություն-ձեռնարկության աշխատակիցները որպես կանոն «իրենց պանսիոնատի» ուղեգիրը ձեռք են բերում կես գնով։ Հանգստանալու մեկնում են իրականում ոչ նրանք, ոչ էլ նրանց ընտանիքի անդամները, այլ՝ ով խնդրել է ուղեգիր վերցնել իր համար։ Այս պրակտիկան, իհարկե, խորհրդային տարիներից է մնացել, եւ դրանում առանձնապես վատ բան չկա։ Բայց սա էլ գործունեության լայն դաշտ է բացում պանսիոնատների տնօրենների համար։ Եթե համակարգի աշխատողների կամ նրանց ընտանիքների անդամների աչքի առաջ մի քիչ դժվար է «գործ անել» (մանավանդ, եթե տնօրենն էլ համակարգից է), ապա այս ու այն տեղից հավաքված, իրար առաջին ու ամենակարեւորը վերջին անգամ տեսնող հանգստացողներից չքաշվելն ավելի հեշտ է։ Օրինակ, դարձյալ խորհրդային տարիներից մնացած մի ավանդույթ. նման տեղերում սովորաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի մոտակա պատմամշակութային հուշարձան կամ տեսարժան վայր։ Նման ուղեւորության համար շեֆ-ձեռնարկությունն արդեն իսկ նախատեսել եւ տրամադրել է համապատասխան չափով վառելիք եւ փոխադրամիջոց։ Խելոք տնօրենը դրանք վերցնելուց հետո էքսկուրսիա գնացողներից էլ որոշակի գումար է հավաքում՝ ըստ վայրի հեռավորության սահմանելով սեփական տարիֆները։ Տարիֆները շատ ճկուն են, եթե այդ պանսիոնատում կորած-մոլորած արտասահմանցի է հայտնվում։ Օրինակ, 800 դրամանոց էքսկուրսիան թյուրիմացությամբ մեր պանսիոնատն ընկած մի իտալացու արժեցավ 20 դոլար։ Այս խեղճի բախտը տարիֆների առումով ընդհանրապես չէր բերել։ Եթե մեկ օր-մեկ գիշերվա վարձը (երեք անգամ սնունդով) այդ պանսիոնատի վերանորոգված մասնաշենքում 1900 դրամ է, տնօրենն այդ իտալացուց ընդամենը մեկ գիշերվա համար 3500 դրամ պոկեց՝ ընդ որում, նրան տեղավորելով պանսիոնատի չվերանորոգված մասնաշենքում, որի պայմանները միայն մեկ՝ հանրամատչելի բառով կարելի է բնորոշել՝ ահավոր։ Սնունդն այստեղ մի ուրիշ պատմություն է։ Ասենք միայն, որ այն խորհրդային «ՏոքպտՌՑ»-ի կայուն ավանդույթների կենդանի մարմնացումն էր՝ ալյումինե պատառաքաղ-գդալներից սկսած։ Այստեղ էլ գործունեության լայն դաշտ է բացվում։ Պանսիոնատի տարածքում մի շինություն էր գործում՝ խանութ, մեկ-մեկ էլ՝ սրճարան նշանակությամբ։ Այստեղ կարելի էր պատվիրել եւ կես օրից ստանալ ի թիվս առաջին անհրաժեշտության ապրանքների, նաեւ մոտակա բնակավայրերից բերած մարդկային սնունդ՝ թթվասեր, պանիր, մածուն եւ այլն։ Դրանք սենյակներում շատ արագ էին փչանում. սառարաններ չկային։ Շատ եկամուտով գործ է։ Խանութն, իհարկե, տնօրենն էր աշխատեցնում։ Խոհանոցի աշխատողներն էլ էին մի փոքր գործ կպցրել. հանգստացողների մեջ շատ հարգի էր «գյուղի մածունը»։ Ձեռքի հետ սեփական արտադրության մածուն, հաց, միրգ էին իրացնում, երբեմն անհավանական բարձր գներով։ Իսկ հանգստացողներն առանձնապես չէին դժգոհում։ Մոտակա բնակավայրը բավական հեռու էր։ Ցածր գնով ձեռք բերված ուղեգիրն էլ, հավանաբար, ոգեւորում էր չխնայելու «մանր-մունր» բաների վրա։ Եվ հետո՝ 10-12 օր հային որտե՞ղ գցես, որ չդիմանա։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել