Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԸ ԲԹԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ

Օգոստոս 14,2001 00:00

ՊԱՇՏՈՆԸ ԲԹԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ Պաշտոնական «Հայլուրն» ու կառավարության լրատվության պատասխանատու Մերի Հարությունյանն իրար հետ խնդիրներ ունեն: Ով է ճիշտ, ով սխալ՝ մեր գործը չէ: Բոլոր դեպքերում կոնֆլիկտի մեջ մտնել լրատվամիջոցի հետ (անկախ նրանից, թե ինչպիսի գաղափարներ է այն արտահայտում), նեղանալ, արգելել, չթողնել՝ դա, հավանաբար, ամենախելամիտ պահվածքը չէ պետական ծառայողի համար: Բայց նման ոճը Մերիի գյուտը չէ՝ այն արտահայտում է մեր գրեթե բոլոր իշխանավորների 10 տարվա մտայնությունը՝ եւ ոչ միայն մամուլի հետ հարաբերություններում. եթե դու ինձ քծնում ես եւ փառաբանում, ուրեմն լավ մարդ ես, կայացած, կառուցողական, պետականամետ: Եթե չես քծնում, նշանակում է՝ պետության թշնամին ես, ապակայունացնող եւ խեղաթյուրող: Բնական է, որ այդ մտայնությունը գալիս է երկրի առաջին դեմքերից: Ըստ այդմ, մասնավորապես, հանրապետության ներկայիս նախագահը արգելում է «Առավոտի» թղթակիցների մուտքը այն միջոցառումներին, որոնց մասնակցում է իր թանկագին անձը: Այդպիսով, մեր լրագրողները զրկված են անձամբ նախագահի շուրթերից լսելու օկուպացված զուգարանների եւ բառաչող կովերի մասին բարձրաոճ փոխաբերությունները: Հարցն այստեղ մեր մասնավոր դեպքը չէ (մի կերպ յոլա ենք տանում առանց մտքի այդ թռիչքների), այլ նոմենկլատուրային ինքնահավանությունը, որով վաղ թե ուշ վարակվում են պաշտոնյայի «վեղարը» հագած մարդիկ: Եթե այդպես է վարվում հանրապետության նախագահը, ապա պե՞տք է արդյոք զարմանալ, որ նույնն են անում նախագահին կից Հայրիկյանը կամ վարչապետին կից Մերին: Քաղաքականությունն այստեղ որեւէ կապ չունի. պարզապես ամեն մի պաշտոնյա ինքնահաստատվում է իրեն տրված իշխանության մասշտաբով: Եվ իր մտահորիզոնի չափով: Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել