Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է սկսվում իշխանությունը: Արտաքուստ՝ ի պաշտոնե տրամադրվող աշխատասենյակից: Թերեւս հայաստանցին

Օգոստոս 14,2001 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ Որտեղի՞ց է սկսվում իշխանությունը: Արտաքուստ՝ ի պաշտոնե տրամադրվող աշխատասենյակից: Թերեւս հայաստանցիներից շատերն են հիշում Վազգեն Մանուկյանի անկեղծությունը, երբ ՀՀ վարչապետի պաշտոնում տված ասուլիսներից մեկի ժամանակ ժպիտով պատմեց, թե որքան է շփոթվել վարչապետի աշխատասենյակում միայնակ հայտնվելու առաջին ժամերին: Այդուհանդերձ ժամանակի ընթացքում ամենքն էլ սովորում են թե աշխատասենյակին, թե ծառայողական ավտոմեքենային, թե գործավարուհիներին, օգնականներին, խորհրդականներին, եւ թե, ամենաէականը՝ հեռախոսներին: Իսկ հեռախոսները իշխանության մարմիններում մի քանիսն են եւ հենց միայն այն հանգամանքից, թե ինչ հեռախոսներից է օգտվում պաշտոնյան, կարելի է անսխալ դատել երկրի կյանքում նրա դերակատարության մասին: Մահկանացուների մեծամասնությանը ծանոթ եւ շարքային պաշտոնյային վիճակվող հեռախոսակապը քաղաքային հեռախոսն է: Ի դեպ, ժամանակին հաջողված անեկդոտ կար, թե մի պաշտոնյայից ինչ-որ հեռախոսահամար են խնդրում, նա էլ ճշտելիս սայթաքում է. «Քաղաքակա՞նը, թե՞ կառավարականը», փոխարեն ասելու՝ քաղաքային: Քաղաքայինը 6 նիշով հեռախոսահամարներն են, կառավարականը՝ 4 նիշով: 2000-ի դեկտեմբերից միջին օղակի պաշտոնյաների համար կառավարական հեռախոսը վերածվեց քաղցր վերհուշի: Վերհուշ ժամանակների մասին, երբ կարող էին քաղաքացիների զանգերից պաշտպանվել՝ պատասխանի արժանացնելով միայն կառավարական հեռախոսազանգերը: Իսկ այժմ եկ ու տարբերիր, թե ո՞վ է զանգահարողը: Ինչեւէ, մնում է մխիթարվել ասույթով, թե «Ընկերովի մահը հարսանիք է», իսկ 2000-ի դեկտեմբերին կառավարական հեռախոսակապից զրկվել է մի քանի հազար պաշտոնյա, այդ թվում՝ բոլոր փոխնախարարները: Հայաստանում մնացել են 3 փոխնախարարներ՝ առանձնաշնորհյալ կարգավիճակում: Նրանք օգտվում են «սուպեր» հեռախոսակապից: Երբեւէ «սուպեր» հեռախոսակապի ընկալուչ չվերցրած մեկն էլ հենց միայն անվանումից կկռահի, որ դա ինչ-որ գերօպերատիվ գործող կապ է: Իրոք այդպես է: Ոչ մի քարտուղարուհի, գործավար, օգնական եւ այլն, «սուպեր» հեռախոսի ընկալուչ չի վերցնում: Այդ հեռախոսի բոլոր խոսակցությունները ձայնագրվում են ԱԱՆ-ում եւ պահպանվում են մի քանի տարի: «Սուպեր» հեռախոսն ունի ընդամենը 2 նիշ, հետեւաբար «սուպեր» հեռախոս ունեցող պաշտոնյաների թիվը Հայաստանում ֆիզիկապես չի կարող հասնել հարյուրի: Իրականում, ներկա պահին «սուպեր» հեռախոս ունեցողների թիվը շուրջ 7 տասնյակ է: Այդ շուրջ 70 ընտրյալներից յուրաքանչյուրը կարող է ուղղակի հեռաձայնել հանրապետության նախագահին եւ վստահ լինել, որ նախագահը կվերցնի ընկալուչը: «Սուպերը» իշխանության բարձրագույն օղակում գործող հեռախոսակապն է: Հետեւաբար, եթե մեկն ի պաշտոնե ունի «սուպեր» հեռախոս, դա կարող է համարվել երկրի բարձրագույն իշխանությանը պատկանելու վկայություն: Այս առումով տարակուսանք է հարուցում, որ «սուպեր» հեռախոս ունի օրինակ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարներից մեկը: Հետաքրքիր է, հրապարակային կամ ստվերային գործունեության այդ ո՞ր դրվագն է խնդրո առարկա փոխնախարարին VIP դարձրել: Էլ ավելի անտրամաբանական է, որ «սուպեր» հեռախոս է տրված, ասենք, ինչ-որ ժամանակավոր պետական հանձնաժողովի նախագահի, կամ ինչ-որ հիմնադրամի ղեկավարի: Կենսաթոշակների համար մտահոգվելու փոխարեն, հիմնադրամի տնօրենի հարմարավետությունն են հոգացել: Հիշատակված թյուրիմացությունների եւ մարզպետների հետ նույն շարքում է կանգնած վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որովհետեւ նա ունի միայն մեկ «սուպեր» հեռախոսահամար: Վարչապետից իրենց կարեւորությամբ վեր են դասվում ոչ միայն հանրապետության նախագահը եւ ԱԺ խոսնակը, ինչը սահմանադրական կարգավորում է, այլեւ, ասենք, ՍԴ նախագահը եւ նույնիսկ նախարարներ: Վերջիններս ունեն 2-ական «սուպեր» հեռախոս: Եվ վերջապես ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է Հայաստանում թիվ 1 անձը, ում գործունեությունը անհրաժեշտություն է ստեղծել գերազանցել պետության գլուխ համարվող նախագահին նույնիսկ «սուպեր» հեռախոսների քանակով: Զինված ուժերի գլխավոր հրամանատար, անվտանգության երաշխավոր եւ չգիտես էլ ինչ համարվող հանրապետության նախագահին երկրի իրավիճակին տեղեկանալու ու տիրապետելու համար բավարարում է 2 «սուպեր» հեռախոս: Իսկ ահա Նրան՝ 3 հեռախոս է անհրաժեշտ: Արդյո՞ք որովհետեւ այս երկիրը ավելի ենթակա է Նրա վերահսկմանը: Ի դեպ ՊՆ նախորդ նախարարները՝ ներառյալ Վաղարշակ Հարությունյանը, ունեցել են մեկ «սուպեր» հեռախոսահամար: Իսկ Սերժ Սարգսյանը, թերեւս միակ պաշտոնյան՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ, ունի 3 «սուպեր» հեռախոս: Ամենեւին կարեւոր չէ ինչպես է դա պատահել կամ բացատրվում: Արդյո՞ք աշխատանքային տեմպը եւ ծավալն է աննկատ ավելացրել 2-րդ, 3-րդ «սուպեր» հեռախոսը (այդպես դատելով ակամա կհանգենք այն մտքին, որ երկիրը առավել լայնամասշտաբ եւ օպերատիվ ղեկավարվում է Սերժ Սարգսյանի կողմից), թե՞ հասարակության տեսադաշտից դուրս, ում հարկն է եւ ինչպես հարկն է, բացատրվել է իշխանական աստիճանակարգությունն այս երկրում: Շատերն են կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ մրցակցություն, անհամաձայնություն փնտրելը նման է մթության մեջ կատու որոնելուն: Նրանք ոչ միայն կապված են ճակատագրով՝ 1998-ի իշխանափոխության համար պատասխանատվությամբ: Սերժ Սարգսյանին եւ Քոչարյանին ավելի մեծ դերակատարություն է շաղկապում՝ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությունը: Նույնիսկ անկախ հնարավոր բացահայտումներից, այս երկու անձինք էին պատասխանատու երկրի անվտանգության համար եւ այդ անվտանգությունը չեն ապահովել: Առաջին հայացքից թվում է՝ նրանցից մեկի կործանումը մյուսի կործանումն է նշանակելու: Բայց կա քողարկված, խորապես մարդկային, գուցե նույնիսկ ենթագիտակցական մոտիվացիա՝ ինքնապաշտպանություն: Իրական վտանգի առջեւ յուրաքանչյուրին ինքնապահպանման մղումն է առաջնորդում: Արդյո՞ք երբեւէ հնարավոր վտանգ կանխատեսելով է Սերժ Սարգսյանը կուլիսային իշխանության եւ ազդեցության օլիմպոսն իր համար ապահովագրել (ինչի խորհրդանշական արտահայտությունն է «սուպեր» հեռախոսների դիպվածը): Համենայն դեպս, ինչպիսին էլ լինի 2001-ի աշունը, երկու գործընթաց եւ մեկ անձ կարող են երկրում քաղաքական զարգացումների ընթացք տալ՝ ղարաբաղյան կարգավորումը, «27»-ի դատավարությունը եւ Սերժ Սարգսյանը: Եվ ուղղակի հետաքրքիր է, արդյո՞ք հերթական իշխանության նավաբեկության եւ ալեկոծության մեջ էլ Սերժ Սարգսյանը կվերապրի, ինչպես իր ժամանակին՝ Թալեյրանը Ֆրանսիայում, կամ ինչպես հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը 1993-ից ի վեր Հայաստանում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել